կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 16:48
Քաղաքական

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 8-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

ՀՀ ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված լայնածավալ  ագրեսիան՝ անդրադառնալով  դրա հետեւանքով շփման գծում ստեղծված   պատերազմական ծանր իրավիճակին:

Վահե Էնֆիաջյանը  հայտնել է, որ թշնամու զինուժը թիրախավորել եւ առայսօր ծանր զրահատեխնիկայով ռմբահարում եւ հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքները, ինչի հետեւանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան ոչ միայն զինվորականների, այլեւ խաղաղ բնակչության շրջանում: Փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի զինուժը Արցախի դեմ  պատերազմում է՝ օգտագործելով Թուրքիայի միջոցով ներգրավված վարձկան ահաբեկիչների:

Նշենք, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանը շփվել  է գործընկերոջ՝ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նիկոլայ Տիշեւի հետ. վերջինս խմբի եւ իր անունից խոր  անհանգստություն է հայտնել Արցախում  շարունակվող  զինված հակամարտության կապակցությամբ, ինչը բազմաթիվ զինվորական եւ քաղաքացիական զոհերի է հանգեցրել երկուստեք: Բարեկամական խումբը երկու կողմին կոչ է արել դադարեցնել կրակը եւ խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Խմբի անդամները վստահություն են հայտնել, որ խնդիրն այլ հանգուցալուծում չի կարող ունենալ: