Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կոնֆերենս դահլիճում այսօր տեղի է ունեցել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ, Արցախյան շարժման 30-րդ և «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-րդ ամյակներին:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱԵԳՄՄ հասարակական կազմակերպության հիմնադիր Ավետիք Հարությունյանն ասել է, որ «Գիտական Արցախ» պարբերականում տեղ են գտել աշխարհի տարբեր երկրների ավելի քան յոթ տասնյակ երիտասարդ և կայացած գիտնականների աշխատանքներ:
«Լիահույս ենք, որ տարիների ընթացքում հոդվածագիրները կդառնան Արցախի գիտության դեսպաններ՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելով ԱՀ իրավունքներն ու շահերը: ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի պահանջներին համապատասխանող այս գիտական պարբերականը միջազգային հարթակներում գիտության միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու և արցախյան հիմնախնդիրն օբյեկտիվ տեսանկյունից ներկայացնելու առաքելություն ունի»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Շնորհանդեսին Արցախի պետական համալսարանի լրագրության և գրականության ամբիոնի վարիչ, ՀԿ անդամ Շուշան Խաչատրյանն էլ ներկայացրել է պարբերականի կառուցվածքն ու բովանդակությունը: Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է:
Նա ասել է, որ «Գիտական Արցախ» պարբերականի առաջին համարում տպագրվել է 67 հոդված, որոնց հեղինակներից 9-ը գիտությունների դոկտորներ են, 32-ը՝ գիտությունների թեկնածուներ, 19-ը՝ ասպիրանտ և հայցորդ, իսկ 7-ը՝ փորձագետներ և մագիստրոսներ:
««Գիտական Արցախ» պարբերականի առաջին համարում տեղ են գտել հայկական արդի հիմնախնդիրներից մեկի՝ պետականության վերաբերյալ Հայաստանը, Արցախը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը և Բելոռուսը ներկայացնող հեղինակների գիտական աշխատանքներ: Գիտական պարբերականում զետեղված են նաև ԱԵԳՄՄ և ԵՊՀ-ի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում համատեղ կազմակերպված «Հայոց պետականության անցյալը, ներկան և ապագան» 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի լավագույն գիտական հոդվածները»,-մանրամասնել է Շ. Խաչատրյանը:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ողջունել է «Գիտական Արցախ» պարբերականի լուսընծայմանը՝ մաղթելով Արցախի երիտասարդ գիտնականների մտքի նոր փայլատակումներ:
«Առանց գիտության առաջխաղացում չի լինում ոչ մի տեղ: Բացի հոգևոր և քաղաքական անվտանգությունից, մեզ համար շատ կարևոր է նաև գիտական ոլորտը: Երիտասարդ գիտնակաների միավորման գործում ԱԵԳՄՄ հասարակական կազմակերպությունը մեծ առաքելություն է իրականացնում»,- մասնավորապես ասել է Արցախի թեմի առաջնորդը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ևս շնորհավորել է կազմակերպության անդամներին նման պարբերականի հրատարակման համար՝ ասելով, որ իր կարծիքով ներկայումս լուրջ փոփոխություններ են մտցվել գիտության ոլորտում, և այդ ոլորտը ենթակա է արմատական բարեփոխումների:
«Գիտությունն այն ասպարեզն է, որտեղ շատ խրախուսվում է երիտասարդների ակտիվությունը, բայց շատ կարևոր է նաև այն գիտնականների դերակատարությունը, ովքեր իսկապես ասելիք ունեն և, այստեղ պետք է սերնդափոխության գործընթացը սահուն ընթանա»,-նշել է Ն. Աղաբալյանը: