կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-07 13:08
Արցախ

Կայացավ «Գիտական Արցախ» պարբերականի 2022 թվականի 1-ին (12-րդ) համարի շնորհանդեսը

Կայացավ «Գիտական Արցախ» պարբերականի 2022 թվականի 1-ին (12-րդ) համարի շնորհանդեսը

Մայիսի 5-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի 2022 թվականի 1-ին (12-րդ) համարի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց հանդիպում-քննարկում ձևաչափով, որին, պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի հրավերով, մասնակցում էին պարբերականի վերջին համարի հոդվածագիրները։

Ներկաներին նախ ողջունեց Հյուսիսային համալսարանի ռեկտոր, տ.գ.թ. Մհեր Մակիչյանը, շնորհավորեց պարբերականի նոր համարի լույսընծայման կապակցությամբ և հանդես եկավ գիտակրթական համագործակցության առաջարկով։ Այնուհետև Ավետիք Հարությունյանը ներկայացրեց համարը՝ մեկական օրինակ նվիրելով հոդվածագիրներին։

 

Հեղինակները կիսվեցին հոդվածների մշակման փուլում պարբերականի և գլխավոր խմբագրի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության իրենց պատմությամբ։ Ներկաները փաստեցին, որ ինչպես պարբերականի նախորդ, այնպես էլ այս համարն առանձնանում է հեղինակների յուրօրինակ մոտեցմամբ, ընտրված թեմաների ինքնատիպությամբ, գիտական խորքայնությամբ՝ երջանկության տնտեսագիտությունից մինչև արցախցի դիվանագետի գործունեության ուսումնասիրությունը Ճապոնիայում, մամուլում արցախյան հակամարտության լուսաբանման առանձնահատկություններից մինչև Արցախի Սահմանադրության պատմությունը և այլն։ «Գիտական Արցախ»-ի սույն համարի հոդվածների զգալի մասը նույնպես վերաբերում են հենց Արցախին:

 

Հեղինակներից ոմանք առաջին անգամ էին տպագրում իրենց հոդվածները «Գիտական Արցախում» և իրենց խոսքում ցանկություն հայտնեցիւն շարունակել պարբերականի հետ համագործակցությունը, քանի որ «Գիտական Արցախ»-ը գիտական ուրույն նշաձող է սահմանել համանման պարբերականների շարքում։

Ավետիք Հարությունյանի խոսքով՝ պարբերականը, իր փոքրաթիվ խմբագրակազմով, փորձում է ամեն ինչ անել գիտական հարթակներում հաջողություններ գրանցելու համար՝ հանուն Արցախի հանրահչռակման։ «Սա էլ պայքարի մեր խրամատն է՝ հանուն Արցախի»,-նշեց գլխավոր խմբագիրը։

Նշված համարի հոդվածագիրներից 4-ը գիտությունների դոկտոր է, 14-ը՝ գիտությունների թեկնածու, 12-ը՝ ասպիրանտ կամ հայցորդ, իսկ 3-ը՝ մագիստրոս: Ընդ որում, նոր համարում ներկայացված են հետևյալ խորագրերը՝ իրավագիտություն (3 հոդված), պատմություն (2 հոդված), ազգագրություն և բանահյուսություն (1 հոդված), քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ (6 հոդված), լեզվաբանություն (3 հոդված), լրագրություն (1 հոդված), մանկավարժություն (2 հոդված), տնտեսագիտություն (5 հոդված), (2 հոդված), գրախոսություններ (3 հոդված):

Միջոցառման վերջում գլխավոր խմբագիրը խորին շնորհակալություն հայտնեց խմբագրական խորհրդի անդամներին, հոդվածագիրներին, գրախոսներին՝ պարբերականի կայացմանը մեծապես նպաստելու համար, «Hi-Am» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Նշան Աճեմյանի, համարի տպագրությանն աջակցելու համար:

«Գիտական Արցախ» պարբերականը ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2022թ. փետրվարի 1-ի թիվ 09Ա հրամանով ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։  «Գիտական Արցախ»-ը տպագրվում է Web of Science և Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված գիտական պարբերականներին առաջադրվող պահանջներին համապատասխան:

Աննա Մկրտիչյան