կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-08 14:02
Մշակույթ

Կայացավ «Գիտական Արցախ» պարբերականի 2021 թ. 1-ին համարի քննարկումն ու կայքի շնորհանդեսը

Մայիսի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կայացավ «Գիտական Արցախ» պարբերականի 2021 թ. 1-ին (8-րդ) համարի քննարկումը, ինչպես նաև՝ կայքի շնորհանդեսը։ Հանդիպմանը ներկա էին պարբերականի խմբագրական խորհրդի անդամներ, հոդվածագիրներ, գործընկերներ և լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

No description available.

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հիմնադիր նախագահ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը: Նա նախ հակիրճ տեղեկատվություն ներկայացրեց հանդեսի ստեղծման պատմության ու անցած ուղու և այն մասին, որ «Գիտական Արցախը» 2019 թվականից ընդգրկված է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ընդունելի գիտական պարբերականների ցանկում և այն սակավաթիվ հանդեսներից է, որի բոլոր համարները զետեղված են ռուսական www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում, ինչն էլ հեղինակներին հնարավորություն է տալիս իրենց հետազոտության արդյունքները ներկայացնել բազմամիլիոնանոց լսարանին: Ապա ներկայացրեց խմբագրական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են աշխարհի մոտ մեկ տասնյակ երկրները, շեշտեց հատկապես կույր գրախոսության կարևորությունը: Ավետիք Հարությունյանն իր խոսքում ուրախությամբ փաստեց նաև, որ հոդվածագիրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: «Գիտական Արցախ» պարբերականում հոդվածներ են տպագրում գիտնականներ ու հետազոտողներ ինչպես Արցախից և Հայաստանի Հանրապետություններից, այնպես էլ՝ արտասահմանյան մոտ 15 երկրներից:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2021թ.-ի 1-ին (8-րդ) համարում տեղ է գտել 30 հեղինակի 23 հոդված: Հեղինակներից 2-ը գիտությունների դոկտոր է, 11-ը՝ գիտությունների թեկնածու, 8-ը` ասպիրանտ ու հայցորդ, իսկ 9-ը՝ մասնագետ: Հեղինակներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետությունից է:

No description available.

Այնուհետև կայացավ «Գիտական Արցախ» պարբերականի կայքի շնորհանդեսը, որի շրջանակներում գլխավոր խմբագիրը ներկայացրեց կայքը՝ www.scientificartsakh.com, որտեղ ներկայացված են բոլոր համարները, խմբագրական խորհուրդը, հոդվածների ձևավորման պահանջները, գրախոսման կարգը, հրապարակումների էթիկան և այլն: Այսուհետ հոդվածագիրներն իրենց աշխատանքները կարող են ուղարկել հենց կայքի միջոցով: Ընդ որում, կայքում ստեղծվել է «Հեղինակներ» բաժինը, որտեղ ներկայացված են Գիտական Արցախի հոդվածագիրները՝ իրենց լուսանկարներով և հոդվածներով:

Կայքի վերևի հատվածում առկա է նաև «Donate» կոճակը, որի շնորհիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են կատարել նվիրաբերություն՝ հանուն Գիտական Արցախի զարգացման:

No description available.

 

Խոսքով հանդես եկավ «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Պարոն Սուվարյանը մասնավորապես նշեց, որ ցանկություն ունի հանդեսում ավելի շեշտված ձևով արտացոլված տեսնելու Արցախի պետական և մասնավոր համալսարանների գիտաշխատողների գործունեության արդյունքները:

No description available.

Այնուհետև տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած քննարկումը, հնչեցին շնորհակալական խոսքեր, դրական կարծիքներ, հոդվածագիրները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հանդեսի խմբագրական խորհրդի անդամներին, եղան նաև առաջարկներ պարբերականի հաջորդ համարների վերաբերյալ: Հանդիպումն անցավ ջերմ և ընկերական միջավայրում՝ համեմված գիտական շնչով:

Վերջում Ավետիք Հարությունյանը շնորհակալություն հայտնեց «Hi-Am» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Նշան Աճեմյանի, համարի տպագրությանն աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ Հիմնադրամի նման գործելաոճը վարակիչ կլինի նաև մյուս իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

No description available.

No description available.

 

Պատրաստեց  Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

Տեսանյութը՝ Կազմակերպության լրատվական հովանավոր «Ելակետ»-ի