կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 14:44
Հասարակություն

Իշխանությունը կապիտալացնում է իր վերարտադրման հնարավորությունները

Իշխանությունը կապիտալացնում է իր վերարտադրման հնարավորությունները

Մեր երկրի խորհրդարանն ընդունեց կառավարության ծրագիրը: Բարի՛ երթ:

Նոր խորհրդարանում քննարկումները անցան նույն ոգով և գրեթե կրկնվող բովանդակությամբ, ինչպես նախկինում էր: Հետևելով խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին` ընդհանուր առմամբ, պարզ եղավ, որ նեղ կուսակցական ու անձնական շահերից բխող քննադատությունների ու վիրավորանքների պակաս չկար: Պատգամավորները նույնիսկ հաճախ մոռանում էին, թե որտեղ և ինչի համար են հավաքվել: Բնականաբար, ակնհայտ էին քծնանքն ու ինքնամոռաց փառաբանումները, ինչպես նաև սեփական մտահոգությունների ու արհեստավարժության, ժողովրդի նկատմամբ ունեցած անսահման սիրո ցուցադրության հաջող և անհաջող փորձերը, քաղաքական ձեռնածությունները: Առիթը բաց չթողներով՝ մատնացույց էին արվում անհանդուրժողականության և հանդուրժողականության դրսևորումները: Արդյունքում` արհեստական էին դառնում նաև նոր խորհրդարանի որակական փոփոխությունների ցուցադրումները:
Քննարկումներում միակ նոր ասելիքը եղավ նախկինների քննադատությունը: Եվ սա դրսևորվում էր հատկապես այն դեպքերում, երբ արտահայտված առարկայական մտահոգությունները փարատող հիմնավորումներ չկային կամ ակնհայտորեն համարժեք չէին:

Հանգուցալուծումն էլ պարզ էր և սահուն ընթացք ունեցավ՝ ի սկզբանե ենթադրվող սցենարով: Բնականաբար, «ուժեղը» հաղթեց «թույլին»՝ սիրո և հանդուրժողականության քողի տակ, իր ուժի (ընտրություններում ստացած շուրջ 70 տոկոս քվեի) բացահայտ ցուցադրումներով և «մենք շատ ենք, ուրեմն ոնց ուզենք, էդպես էլ կանենք» լի ու լի դրսևորումներով, հալածվողի և ներողի կերպարներ ցուցադրելով, ինչպես նաև ծրագրի ու դրա կատարողի նկատմամբ անբեկանելի հավատը հավաստելով, սակայն, միաժամանակ, դեմ քվեարկելով:

Դեռևս դժվար է ասել, թե այդ քննարկումներն ի՞նչ արդյունք ունեցան շարքային քաղաքացիների առարկայական սպասումների տեսանկյունից:

Նշեմ նաև, որ կառավարության ծրագրի բովանդակության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներով արդեն իսկ հայտնել ենք քաղաքական և մասնագիտական դիրքորոշումներ, տրվել են դրանց առարկայական հիմնավորումները: Այս շարքը դեռ կշարունակվի, և հուսով ենք, որ բերված օբյեկտիվ առաջարկներին էլ ականջալուր կլինեն բուն հասցեատերերը:

Սակայն ուզում եմ առաջ անցնել ու ներկայացնել և՛ ծրագրից, և՛ դրա քննարկումներից ուրվագծվող, ուշագրավ մի թեզ: Թերևս հենց այս թեզը հաջորդ խորհրդարանական ընտրություններին, ընդհանուր առմամբ, դառնալու է իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզչության տրամաբանության հիմքը, որն առարկայացվում է այսօր:

Նախ՝ արդեն ամբողջապես պարզ է, որ, կառավարության ծրագրով, հաջորդ հինգ տարիներին առաջ ենք գնալու ազատ մրցակցային և շուկայական մոդելով: Շատ էլ, որ Սահմանադրությամբ նույնչափ հստակ ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, իսկ մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է լինի սոցիալական շուկայական տնտեսությունը: Սահմանադրությամբ հստակ է նաև պետության դերն ու պարտավորությունը յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:

Քննարկումների ընթացքում, որքան էլ գեղեցիկ խոսքերով փաթեթավորվեց ծրագրի գաղափարական հիմքը, այնուամենայնիվ, վերջապես պարզ դարձավ՝ իրականում ծրագրի կատարման հիմնական դերակատարը և պատասխանատուն հենց շարքային քաղաքացիներն են, առաջնայինը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցները: Իսկ կառավարությունն ուրիշ ի՞նչ պիտի անի: Ստեղծելու է մրցակցային պայմաններ և բացելու է շուկաներ տանող փակ դռները:

Այս պարագայում յուրաքանչյուր քաղաքացու առաջարկվում է իր գլխից հանել աղքատությունը, հույսն էլ կտրել պետությունից՝ իր առարկայական ակնկալիքների մասով, իհարկե, բացի մրցակցության հնարավորության ապահովումից: Սա էլ դեռ հարց է՝ ինչպե՞ս և ե՞րբ: Քաղաքացին պետք է հավատա միայն ինքն իրեն և ապավինի շուկայի «անտեսանելի ձեռքի» օգնությանը: Այս մոտեցմամբ քաղաքացին պարտավոր է բարելավել իր կյանքի որակը՝ այն չափով, որքան կկարողանա աշխատել: Բնականաբար, քաղաքացին պարտավոր է նաև իր աշխատածի մի մասը տալ պետությանը՝ հարկերի տեսքով: Եկամտահարկն էլ կլինի բոլորի համար նույն դրույքաչափով՝ անկախ ստացված եկամուտի չափից, այսինքն՝ սկզբունքը «կարված է» բացառապես հարուստների համար: Եթե ավելանան հարկային մուտքերը, ապա պետությունն էլ, դրանց համարժեք կբարձրացնի կենսաթոշակների, նպաստների, հանրային հատվածի աշխատավարձերի չափերը, կբարելավի ենթակակառուցվածքները (ճանապարհներ, ջրամբարներ և այլն), կավելացնի առողջապահության և կրթության ոլորտի պետական պատվերը, և այսպես շարունակ:

Հինգ տարվա ընթացքում, ինքնաբերաբար, կլինի տնտեսական որոշակի առաջընթաց, դրան էլ համաչափ, որոշ չափով կլուծվեն նաև սոցիալական խնդիրներ: Ծրագրի ավարտին էլ կունենանք հանրային կյանքի որակի մի նոր հանգրվան, որն ի սկզբանե ուղղակիորեն պայմանավորված է լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագծից՝ աշխատանքի չափից և արդյունքից: Միաժամանակ, այս մոտեցմամբ իշխող քաղաքական ուժը և այդ ուժի ձևավորած կառավարությունը ունենալու են քաղաքական նվազագույն պարտավորություններ և ռիսկեր:

Եվ, բնականաբար, ենթադրվում է, որ հանրության մեծ մասի համար հաջորդ նախընտրական փուլում այդ արդյունքները ընկալելի կլինեն և պետք է ապահովեն բավարար քվեներ՝ իշխանությունը պահպանելու համար: Ընդ որում` այս թեզի ներքո պատասխան կլինի նաև բողոքողների համար. «Սիրելի՛ քաղաքացիներ, մեր ծրագրում պարզ գրել էինք և ձեզ հետ էլ պայմանավորվել էինք, որ պիտի աշխատեք, վճարեք հարկեր, որ լավ ապրեք: Իշխանությունն էլ չի խանգարել ձեր աշխատանքին: Եթե լավ չեք ապրում, ուրեմն ձեր գլխից դեռ չեք հանել աղքատությունը, դեռ չեք հավատում ինքներդ ձեզ: Շարունակեք ավելի շատ աշխատել, ավելի շատ հարկեր վճարել: Բայց ամեն դեպքում մեզ քվե պետք է տաք: Հակառակ պարագայում` կընդհատվի տնտեսական հեղափոխությունը և կհաղթի հակահեղափոխությունը: Դուք էլ կկորցնեք ձեր որոշիչ դերը՝ աշխատելու և դրան համապատասխան ապրելու հնարավորությունը»:

Փաստորեն, այս թեզով գործող իշխանությունը, լիարժեք օգտվելով այսօրվա իր բարձր վարկանիշից և հանրային վստահությունից, փորձում է ոչ միայն այս փուլում ապահովագրել իր իշխանության կայունությունը, այլ նաև քաղաքական նվազագույն ռիսկերով կապիտալացնել իր հետագա վերարտադրության հնարավորությունները:

Որքա՞ն կենսունակ կլինի այս թեզը և, ամենակարևորը, արդյո՞ք կապահովի տնտեսական հեղափոխություն: Պարզ է, որ մեր երկրի սոցիալական ու ժողովրդավարական ապագա զարգացման տեսանկյունից խիստ կարևոր են այս հարցադրումները: Բնականաբար, վերջնական պատասխանները կարող է տալ միայն ժամանակը:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ