կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 19:29
Քաղաքական

Գագիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման մասին

Գագիկ Հարությունյանը՝  Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման մասին

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել ընդդիմության կողմից բերվող այն փաստարկը, թե սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը նպատակ ունի վերարտադրել իր իշխանությունը:

 

«Գնացեք ընդդիմությանը հարցրեք, թե ի՞նչ փաստարկներ ունեն դրա համար: Եթե կան այնպիսի հարցեր, որոնք արծարծվում են, այդ հարցերն ուղղեք այդ մարդկանց կամ նրանց քաղաքական ընդդիմախոսներին: Մասնագիտական հանձնաժողովը մշակում է ՀՀ սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որի նպատակն այս երկրի իրավական կարգի հետագա բարեփոխումն է, կայուն զարգացման նախադրյալների ստեղծումը: Ի՞նչ է նշանակում` հնարավորություն տալիս է…»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Ցանկացած քաղաքական կուսակցություն այդ լուծումների շրջանակներում հնարավորություն կունենա ինքնադրսևորվելու: Թե ի՞նչ չափով, ի՞նչ ձևով, դա արդեն կասի ժողովուրդը: Բայց մի բան պետք է բոլորը հստակ իմանան, հայեցակարգը և սրա հիման վրա նախագիծը մշակվելու է այնպես, որ հայեցողության սահմանները խիստ հստակեցվեն, իշխանությունների հանրային-իրավական պատասխանատվությունը որոշակիացվի, ընտրական համակարգերը լինեն այնպիսին, որ գոնե այսօրվա աղաղակող բացերը չլինեն: Ստեղծվելու են բոլոր օբյեկտիվ նախադրյալները՝ երկրի կայուն իրավական զարգացումը երաշխավորելու, հատկապես՝ իրավունքի գերակայությունը երաշխավորելու համար, որ մենք ունենանք Սահմանադրություն, որի կենտրոնում մարդն է»: