կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 21:26
Հասարակություն

Թուրքիայում վանդալիզմի հերթական դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ

Թուրքիայում վանդալիզմի հերթական դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված:

«Ermenihaber.am»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրաֆիտիները:
 
Ուշագրավ է, որ եկեղեցու պատերին հանդիպում է «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամանաակտիվ խմբերից մեկը:
 
Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը  և  հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:

Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ: 
 
Բացի այդ, նախորդ տարվա ապրիլ ամսին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1844թ. սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանի կողմից` Բարութհանեի (Վառոդարան) և Զեյթինբուրնուի դարբնոցների հայ բանվորների խնդրանքով։

Կայսերական հրամանով եկեղեցին վերանորոգվել է 1847թ., իսկ վերջին վերանորոգչական աշխատանքները կատարվել են 1999թ., որից հետո եկեղեցին վերաբացվել է  Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքի օծմամբ:
Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղված են մի շարք անձինք, ովքեր լուրջ հեղինակություն են ունեցել Օսմանյան պետության մեջ և իրենց նպաստն են ունեցել Պոլսահայ համայնքային կյանքում:
Եկեղեցու և դպրատան հիմնադիր Հովհաննես Տատյանը վախճանվել է 1869թ.։
Նշենք, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։