Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ավանդական հայտարարությունների ժամին անդրադարձավ Թռչկանի ջրվեժի խնդրին եւ ներկայացրեց իր մտահոգություններն այս խնդրի առնչությամբ:
«Բնապահպանությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը հասարակության և պետության քաղաքակիրթ գոյակցության բաղկացուցիչներից են: Սակայն այդ ճշմարտությունը, ավաղ, որևէ առնչություն չունի մեր իրականության հետ, քանի որ բոլորս ականատեսն ենք ու նաև լուռ վկան մեր բնաշխարհի նկատմամբ հերթական վանդալիզմի»,- հայտարարեց նա:
Որպես ասվածի ապացույց` Լիլիթ Գալստյանը փաստեց, որ ՀՀ կառավարության 967-Ն որոշմամբ դեռևս 2008-ին է ջրվեժը ներառվել ՀՀ բնության հուշարձաների ցանկում, ինչը, սակայն, դա չի խոչընդոտել, որ բնապահպանության նախարարության և պետական այլ մարմինների կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-10 թթ. (ճիշտ այն ժամանակ, երբ ջրվեժն ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների ցանկում) տրվեին մի շարք թույլտվություններ, այդ թվում` բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ջրվեժի վրա` անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 ՄՎվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն:
«Եվ սա այն դեպքում, երբ ջրվեժը սահմանվել է բնության հուշարձան, և դրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդող որևէ գործունեություն արգելված է համապատասխան օրենսդրությամբ»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Պատգամավորը նաեւ նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման ապօրինի թույլտվությամբ խախտվել են նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ կոնվենցիայի (28.06.1998թ, Օրհուս) պահանջները:
«Այս ամենի արդյունքում չի բացառվում, որ կրկնվի Շաքիի ջրվեժի ճակատագիրը, երբ այցելուներին դիմավորում է ինչ-որ փնթի ու մի քանի հազար դրամի դիմաց բացում Աստծո շնորհով մեզ տրված, բայց ինչ-որ մեկի կողմից սեփականաշնորհված ջրվեժի ծորակը: Զարմանում եմ այն կույր համառությունից, որ կառավարությունը դրսևորում է հասարակության հերթական ընդվզման դեմ` խնդիրները լուծելու քաղաքաքակիրթ ճանապարհը որդեգրելու փոխարեն մեր հայրենակիցներին դրդելով փողոցներում միտինգներում, նաև եվրադատարաններում պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը»,- եզրափակեց դաշնակցական պատգամավորը: