կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-11 04:46
Հասարակություն

Բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը

Բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը

Սկանդալն ինքնանպատակ չպետք է լինի, ընդհակառակը` այն պետք է նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նոր խնդիրներ հարուցի. ասվում է մի խումբ լրագրողների` այսօր տարածած հայտարարության մեջ, որում նրանք իրենց մտահոգությունն են հայտնում «Արմենիա»-ով հեռարձակվող «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուի կապակցությամբ:

 

«Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սեւ ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլեւ իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական եւ մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգեւատրում հայ հեռուստագործիչներին:

 

Հայկական հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը կարելի է համարել «Արմենիա» հեռուստաընկերության «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն, որն ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված հաղորդումների անհաջող եւ անճաշակ կրկնօրինակն է: Հայկական հեռուստատեսության ավելի մեծ անկում, ինչպես նաեւ անբարոյականության բացեիբաց քարոզի ավելի ցայտուն դրսեւորում բարդ է պատկերացնել»,- ասում են լրագրողները եւ հույս հայտնում, որ «Արմենիա»-ի ղեկավարությունը չի ընկնի ամեն գնով սկանդալային շոու ստեղծելու հիվանդագին մոլուցքի հետեւից եւ համապատասխան հետեւություններ կանի: