|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ ինչպես ՀՀԿ-ն էր բուհերը հանրապետականացնում, այդպես էլ հիմա իշխանությունն է բուհերի հոգեբարձուների խորհրդի կազմում իրենց լոյալ մարդկանց նշանակում։ Այս մասին այսօր նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` նշելով, որ երբ ընդդիմությունը մեղադրում է, իշխանությունը պետք է հակափաստարկներ բերի։
«Ագրարային համալսարանի ռեկտորն է փոխվել է, բայց, մինչև ռեկտորի փոխելը, հոգաբարձուների խորհուրդ է փոխել, և «Իմ քայլի» ներկայացուցիչներ են ներառվել խորհրդում: Հետո փոխել են կանոնակարգը, որ կարողանան ռեկտորին նշանակել, որից հետո ռեկտորն եկել է ու իր աշխատավարձը դարձել 855 հազար դրամ`նախկին 554-ի փոխարեն: Այսինքն՝ մոտավորապես իմ կրկնակի աշխատավարձը: Պրոռեկտորի աշխատավարձը կրկնապատկել են՝ 235 հազարից դարձնելով 583 հազար դրամ: Ագրարային համալսարանում ստեղծվել է մարքեթինգային բաժին, որը նույնպես նոր աշխատողներ ունի։ Փոփոխությունների արդյունքում զարմացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակի կրած փոփոխությունները։ Նախ նշենք, որ այստեղ աշխատավարձերի չափը փոփոխություն չի կրել, դրա համար հենց նոր վարչապետին խաբեցին, որ նա ասաց` 300 հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել։ Ռեկտորը կրճատել է հաստիքները 58-ով, իսկ պրոֆեսորադասխոսական անձնակազմի աշխատավարձի ֆոնդը նվազեցրել է 18 մլն դրամով, այսինքն՝ գիտնականներինը կրճատել է ու այդ փողով իր աշխատավարձը բարձրացրել, բաժիններ ստեղծել, իրենց մարդկանց ընդունել»,- ներկայացրեց պատգամավորը:
Մարուքյանին այս փաստերի առկայությունը հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալու, որ նոր իշխանությունն ունի հովանավորյալներ, որոնց նշանակում է ռեկտորների պաշտոններում։
Պատգամավորն անդրադարձավ նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իր մասին ֆեյսբուքյան գրառմանը. «Ինձ ասում ա` դուխով, դո՞ւ ես ինձ ասում` դուխով, էդ ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որտե՞ղ է աչքի ընկել դուխով՝ բանակո՞ւմ է ուժեղ դուխով ծառայել, իրանց թաղում է դուխով տղա եղել, որտե՞ղ է դուխով եղել»,- ասաց Մարուքյանը։