կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 20:00
Առանց Կատեգորիա

Էրդողանը վառեց նեոօսմանյան վառոդի տակառի պատրույգը

Էրդողանը վառեց նեոօսմանյան վառոդի տակառի պատրույգը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ լսել ու տեսնել չի ցանկանում ԵԱՀԿ դիտորդների գնահատականները, թե սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Չնայած դրան՝ Թուրքիայի խոշոր 3 քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, ինչը լարավածություն է ստեղծել երկրում: Թեև այսօր Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երկարաձգել է 2016թ. ամռանից առ այսօր գործող արտակարգ դրության ռեժիմը, ինչը իշխանություններին լիարժեք հնարավորութուն է տալիս կոշտ միջոցներով ճնշելու ակցիաները, սակայն նկատի ունենալով, որ «ոչ»-ի կողմնակիցները կազմում են ընտրողների գրեթե կեսը, արտակարգ դրության ռեժիմը ինչ-որ պահից այլևս կարող է չօգնել: Այս իրավիճակը Էրդողանին կարող է ստիպել գտնել լարումը թուլացնելու մանիպուլյատիվ միջոցներ, ինչպես օրինակ Թուրքիայում շատ լավ աշխատող՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգության նոր սպառնալիքների պատրանք ստեղծելը: Սա նշանակում է, որ Էրդողանը կարող է գնալ ներքին ու արտաքին աներևույթ թշնամիների թիրախավորման ճանապարհով, ինչը թե՛ երկրի ներսում, և թե՛ նրա շուրջը ապակայունացման լուրջ լիցքեր է պարունակում: Էրդողանի հաղթանակը, սակայն, վտանգավոր է ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի առումով:

ԵՄ-ի հետ բացահայտ քաղաքական առճակատման մեջ մտնելուց չխորշելը վկայում է, որ եվրաինտեգրացիան որպես արտաքին օրիենտացիա, այլևս Էրդողանի վարչակարգի համար արդիական չէ: Այս հանրաքվեից հետո Էրդողանը ոչ միայն լծակներ է ստանում Թուրքիան դնելու իսլամիզացման անշեղ ընթացքի մեջ, այլև կողմնորոշվում է դեպի Արևելք՝ իբրև տեսլական որդեգրելով պանթյուրքիզմն ու նեոօսմանիզմը: Երկրի ներսում և դրսում սահմանադրական փոփոխություններին ընտողների մեծ մասն «այո» է ասել ոչ թե ուժեղ նախագահական կառավարման համակարգին անցնելը ճիշտ համարելու պատճառով, այլ հավատալով, որ էրդողանը դնում է նոր Օսմանյան կայսրության վերականգնման սահմանդարական հիմքերը:

Դեռ անցած տարվա հոկտեմբերին Ռիզե քաղաքում էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է վերադարձնի Օսմանյան կայսրության կորցրած տարածքները և փոխի ներկայիս «ոչ լեգիտիմ» սահմանները: «Մեր հետաքրքրությունների ոլորտում են Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Այդ տարածքների նկատմամբ Թուրքիան իր հետաքրքրությունը կկորցնի միայն այն ժամանակ, երբ կկորցնի իր անկախությունը։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները»,- ասել էր Թուրքիայի նոր «սուլթանը»:

Ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքները մերձավորարևելյան, բալկանյան և հարավկովկասյան տարածաշրջանների համար երկարաժամկետ հեռանկարում առաջին հերթին հենց այս տեսանկյունից են վտանգավոր: Էրդողանի վարչակարգը ապօրինի ռազմական ներկայություն է հաստատել Իրաքում և Սիրիայում: Էրդողանը մի քանի անգամ առիթ է ունեցել ակնարկելու, որ հարևան այդ երկրներում ռազմական ներկայությունը նոր թուրքական կայսրության վերականգնման համատեքստում է:

Ինչպիսի՞ն է լինելու իրականության զգացողությունը կորցրած Էրդողանի քաղաքականությունը հարավկովկասյան ճակատում, դժվար է ասել: Որևէ կասկած չկա, սակայն, որ ինչպես ներքին ցնցումների այս փուլը հաղթահարելու նկատառումներով, այնպես էլ ռազմավարական առումով Թուրքիայի քաղաքականությունը լինելու է ավելի ագրեսիվ:

Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս նուրբ կայությունն այս ուղղությունում լուրջ զսպող գործոն է: Սակայն որքա՞ն կտևի երկու ծավալապաշտական տերությունների այս սիրախաղը, ոչ ոք ասել չի կարող՝ մանավանդ հաշվի առնելով ԱՄՆ-ին, Սիրիայի հարցում բացահայտ և ի հեճուկս Ռուսաստանի Էրդողանի վարչակարգի կողմից ներկայումս արվող անսքող ռեվերանսները: Մոսկվան, Հայաստանը չեն կարող վստահ լինել, որ Թուրքիան թե՛ դեպի Արևելք իր ձգտումներում, և թե՛ մերձավորարևելյան նոր քարտեզագրմանն անխուսափելի պրոցեսում առավել մեծ ազդեցութուն ունենալու հիմքեր ստեղծելու ճանապարհին չի փորձ ԱՄն-Ռուսաստան խաչաձևվող լարերի վրա իր երկակի խաղը զարգացնել նաև Հարավային Կովկասում: Այս տեսակետից, իհարկե, որքան հետընտրական ցնցումները Թուրքիայում երկար տևեն, հյուծիչ բնույթ կկրեն և կթուլացնեն Էրդողանի դիրքերը, այնքան հարավկովկասյան տարածաշրջանի, Հայաստանի, Ռուսաստանի և մասամբ նաև Վրաստանի օգտին է:

Բայց քանի որ նոր Թուրքիայի՝ նոր Սիրիա դառնալու  հավանականությունը փոքր է, առավել կարևոր է Ռուսաստանի արձագանքը թուրքական արևելյան նկրտումներին: Կորդեգրի՞ այն զսպելու և չափավորելու քաղաքականություն, թե՞ նախապատվությունը կտա ազդեցությունը կիսելու և գործարքների գնալու Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող մարտավարությանը:

Անկանխատեսելի դարձած Էրդողանի գործոնն ստիպում է ուշադրություն դարձնել առաջին հերթին արցախյան հիմնահարցին: Ներկա պահին այն աշխարհաքաղաքական օրակարգի առաջնահերթություններից չէ: Սակայն անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին ընդառաջ՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի պատերազմական քաղաքականության բացահայտ խրախուսման և օժանդակման օրինակը կարող է Ռուսաստանին ստիպել նման նոր վտանգից խուսափելու համար սեփական նախաձեռնությամբ ակտիվացնել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը: Նման հեռանկարը հավանական է նաև այն դեպքում, եթե հանուն տարածաշրջանում կայունության Ռուաստանը ԼՂ կարգավորումն արագացնելու հարցում սկսի Թուրքիայի հետ գործել համաձայնեցված, ինչի աջառաջարկն, ի դեպ, Անկարան արել է փետրվարին Էրդողանի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ: Սա նշանակում է, որ հանրաքվեում Էրդողանի հաղթանակը, կախված ներքին ցուցումների ծավալներից ու խորությունից, կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ նաև ԼՂ հիմնահարցի վրա:

Ամեն դեպքում նոր Թուրքիայի ձևավորումը Հայաստանին ստիպում է զարգացումներին զուգահեռ վերահաշվարկել դրանց քաղաքական, տնտեսական, անվտանգային ռիսկերը, վերանայել անվտանգության դոկտրինը, դիտարկել հնարավոր դիվիդենտները: Թեև Թուրքիայի պառակտման հեռանկարը մշուշոտ է, սակայն գործընթացները նոր հեղաշրջման կամ ներքին բախումների տրամաբանությամբ զարգանալու դեպքում ինչ-որ պահից կարող է առաջանալ նաև հայկական հարցն անուղղակի օրակարգ բերելու որոշում կայացնելու խնդիրը:

Գևորգ Դարբինյան