կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 16:55
Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 6-ին տեղի ունեցած նիստում որոշել է բավարարել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքը։ Դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, վերացրել է կալանքը, և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան` նոր քննության։

Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը Yerkir.am հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ չեն ստացել դատարանի որոշումը: «Բայց վերաքննիչ դատարանն անդրադարձել է Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից պաշտպանական իրավունքի տոտալ խախտումներին։ Այսպիսով` Վահագն Հարությունյանի կալանքի մասին հարցը կրկին քննվելու է առաջին ատյանի դատարանի կողմից»,- ասաց նա:

Փաստաբանը փաստեց, որ Վահագն Հարությունյանի պաշտպանությունը բազմաթիվ խախտումների է հանդիպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, մասնավորապես` դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել իրավունքի բազմաթիվ խախտումներ։

Պողոսյանը նաև  նշեց, որ, առանց Հարությունյանի պաշտպանի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դեկտեմբերի 30-ին քննարկել է Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին` ՀՔԾ-ի միջնորդությունը, այն դեպքում, երբ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, հետախուզման մեջ գտնվող անձի կալանքի միջնորդությունը պետք է քննել նրա պաշտպանի ներկայությամբ։

«Դեկտեմբերի 30-ին Արտուշ Գաբրիելյանը ստանում է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը` իմանալով, որ Վահագն Հարությունյանը պաշտպան ունի, քննում է գործը՝ առանց ծանուցելու։ Հետագայում նկատեցի, որ գործում առկա է մի տեղեկանք, որում ասվում է` փորձել են ինձ հետ կապ հաստատել, բայց ես հեռախոսազանգերին չեմ պատասխանել: Սա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Միանշանակ է, որ հետին ամսաթվով այդ նյութերում դրվել է տեղեկանքը։ Ավելին՝ գործի նյութերում նման հեռախոսագիր առկա չի եղել, ինչն արձանագրել եմ։ Ամենամեծ կեղծիքն այն է, որ ես Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից, դատարանի աշխատակազմից այդ օրը զանգ չեմ ստացել։ Ակնհայտ կեղծ տեղեկություն պարունակող փաստաթուղթ են դրել շրջանառության մեջ»,- ասաց Պողոսյանը:

Վերոնշյալ հարցով փաստաբանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից դեռ հստակ պատասխան չունի, բայց կարծում է, որ կարգապահական վարույթ կհարուցվի: