Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Ազգային-պետական կյանքը, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթե չասենք՝ թարմացման, հայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգումթարմացումները նախ՝ տևականորեն խմորվում են հասարակության խորքային շերտերում, ապա միայն դրսևորվում նպաստավոր մի պահի: Ժողովրդավարական հասարակության մեջ փոփոխությունների տրամադրություն-ցանկությունները վերածվում են իրողության, եթե դառնում են հասարակական ընդհանուր պահանջ: Ըստ էության, նմանօրինակ հասարակական պահանջի դրսևորում էր 2018-ի ապրիլի ժողովրդային շարժումը, որի մակընթաց ալիքը Հայաստանի Հանրապետությունում հանգեցրեց իշխանափոխության (կամ, ինչպես ընդունված է ասել, իշխանական վերնախավի փոփոխության): Ժողովրդային շարժումը (կամ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը») երկրի ղեկը սկուտեղի վրա մատուցեց պետական կառավարման փորձից զուրկ, երբեմն նույնիսկ աշխատանքային զրո կենսագրությամբ, բայց շատ հավակնոտ երիտասարդների մի խմբի, որոնք փորձում են պետական կառավարման ոլորտում հեծանիվ հորինել այն դեպքում, երբ նախքան իրենք արդեն իսկ կային անհամեմատ ավելի կատարելագործված փոխադրամիջոցներ: Բայց դա դեռ ոչինչ: Նրանց անփորձության հետևանքները, որքան էլ՝ ծանր, նույնպես կարող են հաղթահարվել (ժամանակի խնդիր է), եթե, իհարկե, դրանք միայն անփորձության սխալներ են, և հեղինակներն էլ չեն տառապում անսխալականության բարդույթով: Սակայն մտահոգիչ երևույթները գնալով ձեռք են բերում նոր որակներ և ծրագրային մոտեցման կամ, որ գրեթե նույնն է, ծրագրի իսպառ բացակայության տպավորություն են թողնում, որը չի կարող լրջորեն չանհանգստացնել: Խոսքս առաջին հերթին վերաբերում է ազգային արժեհամակարգի բաղադրիչների նկատմամբ նոր իշխանությունների, մեղմ ասած, ոչ գրագետ վերաբերմունքին: Եթե, օրինակ, պետության տնտեսական զարգացման մոդելի ոչ ճիշտ ընտրության դեպքում մեր երկրի տնտեսությունը ինչ-որ ժամանակ կդոփի տեղում կամ նահանջ կարձանագրի՝ իր խիստ բացասական հետևանքներով (օր.՝ կսկսվի արտագաղթի նոր ալիք), ապա ազգային արժեհամակարգի նկատմամբ մեղանչումները պարզապես անդառնալի հարվածներ կհասցնեն ազգի ողնաշարին: Իսկ ազգային արժեհամակարգից շեղումների պատճառները կարող են տարբեր լինել: Դրանցից են.
1) Ազգային արժեհամակարգի չիմացությունը: Սա ամենից մեղմն է և կարող է պայմանավորված լինել ինչպես սեփական պատմության չիմացությամբ, այնպես էլ համաշխարհային պատմության, մասնավորապես՝ համաշխարհային քաղաքական պատմության համատեքստում նրա ոչ ճիշտ իմաստավորմամբ: Ընդ որում՝ պատմության իմացությունը պարզապես իրադարձությունների ժամանակագրության իմացություն չէ, այլ՝ պատմության տրամաբանության ըմբռնում: Այսինքն՝ ոչ միայն «ինչի» և «ինչպեսի», այլև «ինչու»-ի ըմբռնում:
2) Այլ արժեհամակարգի հետևելը: Այդպիսին էր, օրինակ, հայկական բոլշևիզմը 20-րդ դարի սկզբին: Այս երևույթի շուրջ բանավեճերը ունեն մոտ մեկ դարի պատմություն, և այստեղ մեր նպատակից դուրս է դրանց նորից ընթացք տալը, բայց անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի իրողության՝ որպես նշված երևույթի բնութագրական օրինակի: Վաղուց հայտնի ճշմարտություն է, որ 1920-ին Կովկասում սկիզբ առած տարածաշրջանային իրողությունների պայմաններում (այն է՝ Քեմալական Թուրքիայի ծավալապաշտական շարժումը դեպի իր արևելյան թուրք եղբայրները՝ մի կողմից, և բոլշևիկյան Ռուսաստանի նույնատիպ շարժումը դեպի նույն տարածքները՝ մյուս կողմից), Հայաստանի առաջին հանրապետությունը չէր կարող գոյատևել որպես անկախ պետություն: Հետևաբար, «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև» (Ս. Վրացյան) գտնվող Հայաստանի խորհրդայնացումը միայն ժամանակի խնդիր էր: Օրվա իշխանությունների առջև ծառացած հիմնական հարցը, նախ՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումն էր իր հայրենիքի մի մասում, ապա՝ այդ հայրենիքի տարածքային ամբողջականության պահպանումը, մինչև կորոշակիանար աշխարհաքաղաքական զարգացումների ուրվագիծը: Այսօր միանշանակ կարելի է ասել. եթե չլիներ բոլշևիկյան բարոյալքող քարոզչությունը ազգաբնակչության, այդ թվում՝ զորքերի շրջանում, Հայաստանի Հանրապետությունը կխորհրդայնանար առնվազն Կարսի նահանգով, եթե ոչ՝ ավելի մեծ տարածքով: Այլապես ինչով բացատրել, որ 1918-ի վերջին (դեկտեմբեր) հայկական վատ զինված, վատ պարենավորված և կիսաբոբիկ զորամասերը Դրոյի գլխավորությամբ պարտության մատնեցին թվաքանակով մոտ երկու անգամ իրենց գերազանցող և լավ զինված ու հանդերձավորված վրացական զորքին, իսկ երկու տարի հետո՝ 1920-ի հոկտեմբերի 30-ին, լավ զինված ու հանդերձավորված հայկական զորամասերը առանց կռվի Կարսի անառիկ համարվող ամրոցը, որի պաշտպանության հրամանատարն էր զոր. Դանիելբեկ Փիրումյանը՝ Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներից մեկը, հանձնեցին թուրքերին: Ընդ որում, այն դեպքում, երբ հարակից՝ Սուրմալուի ռազմաճակատում, որի հրամանատարը դարձյալ լեգենդար Դրոն էր, թուրքական զորամասերին չհաջողվեց առաջ շարժվել և ոչ մի քայլ:
3) Օտար ուժերի հետ համագործակցությունը հանուն իշխանությունը ձեռք ձգելու կամ այն պահպանելու: Ուժեր, որոնց հետաքրքրությունների բուն նպատակը ոչ միշտ է հայտնի և ոչ միշտ է անկեղծ:
Այժմ մեր բուն մտահոգության մասին:
Վերջերս նոր իշխանության տարբեր ներկայացուցիչներ, առաջնորդվելով, թերևս, հեղափոխություններին բնորոշ ամենայն հինը մերժելու և դրանք նորերով փոխարինելու մղումով, ի թիվս այլ «սպառնալիքների», խոսում են նաև գործող պետական օրհներգը Խորհրդային Հայաստանի օրհներգով փոխարինելու մասին: Իսկ մինչ այդ կառավարության ղեկավարը հանդես էր եկել որոշ նախարարություններ, այդ թվում՝ սփյուռքի և մշակույթի, կրճատելու նախաձեռնությամբ: Հարկ չենք համարում անվանապես հիշելու այդ նախաձեռնությունների հեղինակներին (ինչպես ընդունված է ասել շոու բիզնեսի բառապաշարում, նրանք գտնվում են այսօր ամենից ավելի հայտնի դարձած հայերի թոփ տասնյակում), որովհետև տվյալ դեպքում հիմքեր կան մտածելու, որ գործ ունենք ոչ թե անհատական նախաձեռնությունների, այլ նոր իշխանությունների կողմից հռչակված ներքաղաքական կուրսի հետ:
Մենք միշտ հպարտացել ենք մշակութային ազգ լինելով և կարծում եմ՝ դա արդարացված է եղել: Վկան մեր՝ համաշխարհային ճանաչման արժանացած մշակույթի գործիչներն են ու նրանց ստեղծած արժեքները ամենատարբեր ոլորտներում: Ամեն ժո¬ղո-վրդի մշակույթ մարդկության համար հետաքրքրություն է ներկայացնում իր ինքնատիպությամբ, համաշխարհային մշակութային գանձարանում իր ավելացրած ուրույն երանգով: Ճիշտ է՝ յուրաքանչյուր նկարիչ, քանդակագործ կամ գրող ստեղծագործում է ըստ իր պատկերացումների, և դրա համար նա պետական կառույցի օժանդակության կամ ցուցումի կարիք չունի, բայց պետական կառույցն անհրաժեշտ է, մի կողմից, ազգային մշակույթի լավագույն արտահայտությունները միջազգային ասպարեզ դուրս բերելու, դրանցով աշխարհին ներկայանալու համար, իսկ մյուս կողմից՝ ներքին քարոզչության և մշակութային արժեհամակարգ ձևավորելու, այն հարստացնելու համար: Այլ կերպ ասած՝ պետական մշակութային քաղաքականություն իրականացնելու համար: Եթե պետական մշակութային կառույցը պատշաճ մակարդակով չի իրականացնում իր գործառույթները, խնդրի լուծումը այն վերացնելը չէ, այլ ոլորտի պատասխանատուներին գիտակներով փոխարինելը, թերևս՝ նաև մշակութային ռազմավարության հստակեցումը: Իսկ եթե պետական կառույցի առանձին օղակների կրճատման բուն նպատակը միջոցներ խնայելն է, ապա դա չպետք է վերաբերի ոչ մշակույթի, ոչ էլ կրթության ու գիտության նախարարություններին: Առանց ազգային դիմագծով մշակույթի և ազգային արժեհամակարգի վրա խարսխված կրթության, նույնն է՝ թե պետություն առանց ազգային ինքնության գիտակցումով քաղաքացու: Եթե բանակը անհրաժեշտ է մեր ֆիզիկական գոյությունը ապահովելու համար, ազգային մշակույթն ու կրթությունը անհրաժետ են հայրենիքին գաղափարապես հասուն և ոգով թրծ¬ված, հանուն բարձր արժեքների զոհաբերության ունակ քաղաքացիներ դաստիարակելու համար: Հետևաբար՝ նաև բանակին իր առաքելությանը պատրաստ զինվոր տալու համար: «Մշակույթ» և «կրթություն» բառերի կողքին «ազգային»-ի շեշտադրումը ամենևին չի նշանակում մտահորիզոնի նեղացում և մեր մշակութային ու կրթական համակարգերի՝ համաշխարհային զարգացման միտումներից խզում: Դա կլիներ մյուս ծայրահեղությունը, որովհետև այդպիսի խզումը մեզ անընկալելի կդարձնի աշխարհում և կտանի դեպի մեկուսացում: Իհարկե, բարդ է ազգային մշակույթի կամ կրթական համակարգի բանաձև առաջարկելը, բայց ընդհանուր գծերով այն կարելի է սահմանել որպես սեփական մշակութային և կրթական ավանդույթներից բխող սկզբունքների և համաշխարհային առաջադեմ փորձի ներդաշնակ համադրում՝ ազգայինի հիմքի վրա: Այլ կերպ ասած՝ մերը եվրոպական կրթությամբ Աբովյանն է ու Կոմիտասը, մենք գնահատում ենք Վալտեր Սքոթին, բայց մերը Րաֆֆին է, սովորում ենք Ուիթմենից և Պոլ Էլյուարից, բայց մերը Թումանյանն է ու Չարենցը, ընդունում ենք Պիկասոյի արվեստը, բայց մերը Մ. Սարյանն ու Ե. Քոչարն են և այլն:
Կարծում ենք՝ նույն տրամաբանությամբ պիտի վերաբերվել նաև պետական օրհներգին ու զինանշանին, որոնց շուրջ ևս ժամանակ առ ժամանակ կրքեր են լարվում: Անկախ պետականության հռչակման գործընթացի փուլում, երբ օրհներգի և զինանշանի ընտրության հարց էր դրված, քիչ չէին թեր և դեմ կարծիքները, բայց, ի վերջո, օրվա քաղաքական մեծամասնության շարքերում հաղթեց դեպի ազգային արժեհամակարգը հակվելու միտումը և նախապատվությունը տրվեց Առաջին հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված օրհներգին ու զինանշանին: Դրանով Հայաստանի երրորդ (անկախ) հանրապետությունը իրեն հռչակեց Առաջին (անկախ) հանրապետության կողմից ընդունված ազգային-պետական արժեհամակարգի ժառանգորդ:
Գործող օրհներգի փոփոխության մերօրյա կողմնակիցներից ոմանց հիմնավորումները տարբեր ձևակերպումներով հանգում են մի բանի՝ արդիական չէ: Եթե առաջնորդվենք արդիականության չափանիշով, ապա պիտի ընդունենք, որ արդիական չէ նաև Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին»: Առաջին հերթին «արդիական չէ» «Վերքի» լեզուն. գրված լինելով Արարատյան բարբառի Քանաքեռի խոսվածքով`այն ընկալման դժվարություն է ներկայացնում ոչ միայն արևմտահայերի, այլև արևելահայերի համար: Բայց «Վերքի» առաջաբանը հայ նոր գրականության մանիֆեստն է, իսկ բուն վեպը՝ այդ մանիֆեստի գեղարվեստական իրագործումը: Հրաժարվե՞նք «Վերքից»: «Մեր հայրենիքին» դեմ արտահայտվողները, հակաքարոզչական նպատակներով դիմելով մանր խորամանկության, հիմնահարցին անտեղյակ մարդկանց օրհներգը մատուցում են «Մեր հայրենիք թշվառ, անտեր» բնագրային տողով, որը եղել է օրհներգի՝ Առաջին հան-րապետության ժամանակ ընդունված տարբերակում, բայց այժմյան՝ գործող տարբերակում փոխարինված է «Մեր հայրենիք ազատ, անկախ» տողով: Ավելին, իրենց իրական մտադրությունները քողարկելու նպատակով նրանք ասում են, թե օրհներգի երաժշտությունը հայկական չէ, այլ՝ բալկանյան: Իհարկե, այդպես չէ: Ակնհայտ է, որ գործ ունենք նաև անտեղյակության հետ: Սակայն, մի պահ ընդունենք, թե այդպես է և «Մեր հայրենիքի» երաժշտությանը օտար ծագում վերագրողներին հարց տանք՝ ձեզանից քանիսի՞ անուններն են հայկական: Եվ առհասարակ, հայկական համարվող անձնանուններից քանի՞սն են բնիկ հայկական: Հայկակա՞ն են մեր Արտաշեսը, Տիգրանը, Արշակը, Կարենը, Սուրենը, Վարդանը, Գուրգենը, Աշոտը, Դավիթը, Գրիգորը, Գևորգը, Լևոնը, Աշխենը, Անահիտը, Փառանձեմը, Մարիամը, Գոհարը և ուրիշ շատերը, որոնք մենք համարում ենք հայկական: Դարերի խորքից եկած մեր անձնանունների մեծ մասը ունեն իրանական, հրեական, հունական, լատինական կամ արաբական ծագում, բայց ժամանակի ընթացքում նրանք հայացվել են՝ դառնալով մեր ազգային արժեհամակարգի մի մասը: Իրանական (իմա՝ պարթևական) ծագում են ունեցել Արշակունիները և Լուսավորչի տունը: Հայ պատմագրության մեջ հրեական ծագում է վերագրվում Բագրատունյաց նախարարական տոհմին և չինական ծագում՝ Մամիկոնյաններին: Նրանցից նույնպե՞ս հրաժարվենք: Բայց չէ՞ որ դա կնշանակի հրաժարվել մեր պատմական ժառանգության մի շատ կարևոր մասից:
Գործող օրհներգի մասին հնչող քննադատությունների իրական պատճառների մեջ խորամուխ լինելու դեպքում կտեսնենք, որ հիմքում դրանք քաղաքական են և անձնական: Ազնիվ չի լինի ժխտել Ա. Խաչատրյանի գրած օրհներգի արժեքը իբրև երաժշտության, բայց այն գրվել է Խորհրդային Հայաստանի համար, որի տեքստը սկս-վում է «Սովետական ազատ աշխարհ Հայաստան» տողով: Հիմա ինչպե՞ս վարվենք. ՀԽՍՀ օրհներգն ընդունենք սարմենյա՞ն տեքստով, թե՞ նոր տեքստի մրցույթ հայտարարենք: Չէ՞ որ ՀՍԽՀ օրհներգին տեղյակների գիտակցության մեջ խաչատրյանական երաժշտությունը զուգակցվում է սարմենյան տեքստի հետ: Այդ երկուսը միաձույլ ամբողջություն են: Ոմանց, ավելի ստույգ՝ նոր օրհներգի ստվերային ջատագովների համար, իհարկե, ցանկալին խաչատրյանական երաժշտությունն է նոր տեքստով: Ավելին ասեմ. ոմանք դեմ չէին լինի նույնիսկ նոր երաժշտությանը, բայց քանի որ այդ տարբերակը արդեն փորձարկվել է, և նրա իրական նպատակները բացահայտվել են, այդ մասին լռում են: Նկատի ունենալով պետական օրհ¬ներգը փոխելու նախորդ փորձերը՝ կարող ենք ասել, որ այսօր նույնպես այդպիսի հասարակական պահանջ գոյություն չունի, հետևաբար այդ օրակարգը մտացածին է, շինծու: Ըստ ամենայնի, ոմանց կողմից այն ասպարեզ է նետվել իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու, հասարակական միտքը այլ բաներով զբաղեցնելու նպատակով: Առանձին դեպքերում այդ խայծը աշխատում է: Այն է՝ օրհներգի խոսքերի կամ երաժշտության հեղինակ դառնալը մշակույթի որոշ գործիչների համար իրենց չբավարարված հավակնություններին հագուրդ տալու հնարավորություն է, իսկ նոր իշխանությունների համար՝ գործ ցույց տալու և իրենց իշխանության շրջանը հայոց քաղաքական պատմության մեջ նոր խորհրդանիշների միջոցով կարևորելու հնարավորություն: Չմոռանանք՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի հեղինակը Ե. Չարենցը, Հ. Շիրազը կամ Պ. Սևակը չէ, այլ Սարմենը, որի անունը՝ իբրև բանաստեղծի, եթե հիշատակվում է մեր գրականության մեջ, միայն իբրև ՀԽՍՀ օրհներգի խոսքերի հեղինակի:
Օրհներգի խոսքերի ընտրությունը պարզապես լավ բանաստեղծական տեքստի ընտրություն չէ: Եթե այդպես լիներ, ապա Առաջին հան¬րապետության հիմնադիրները ոչ թե կդիմեին Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգին», այլ կպատվիրեին ժամանակի մեր մեծ բանաստեղծներին, օր.՝ Հ. Թումանյանին կամ Ա. Իսահակյանին, գրել համապատասխան խոսքեր: Չմոռանանք նաև, թե ինչու մեր նոր գրականության Մեծ լուսավորիչը իր վեպի հերոս ընտրեց «մեռած Աղասուն», այլ ոչ թե մեկ ուրիշ քաջի, որոնցից շատերը «Վերքը» գրելու ժամանակ դեռևս ողջ էին: Ինչպես խոսքերի հեղինակի, այնպես էլ բուն խոսքերի ընտրությունը ունի հատուկ խորհուրդ. Մ. Նալբանդյանն է ազատության մեր մեծ երգիչը, իսկ նրա «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել մեր ազգային ազատագրական պայքարի ճանապարհին. նրանով դաստիարակվել է հայոց ազատամարտի մի քանի սերունդ: Իսկ մեր պայքարը դեռ չի ավարտվել: Այլապես, եթե ուղենիշ ընդունենք լավագույն տեքստի ընտրությունը, ապա այդ բանավեճին երբեք վերջակետ չի դրվի: Ի՞նչ չափանիշներով պիտի ընտրություն կատարվի, օրինակ, Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» և Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունների միջև՝ իբրև օրհներգի տեքստի: Մեկին կամ մյուսին նախապատվություն տվող չափանիշները միշտ կլինեն սուբյեկտիվ, հետևաբար՝ ոչ համոզիչ: Ովքեր չեն գիտակցում այս պարզ իրողությունը, պետության կառավարման ղեկին մոտենալու իրավունք չունեն: Իսկ եթե գիտակցում են, բայցևայնպես փորձում են չարաշահել ժողովրդի վստահության քվեով իրենց տրված հնարավորությունը, պիտի նկատի ունենան, որ իրենց իշխանությունը նույնպես հավերժական չէ, ինչպես որ հավերժական չէին նախքան իրենք եղած իշխանությունները: Ավելին. անխոհեմ վարքագիծ դրսևորելու դեպքում այդ իշխանության տևողությունը կարող է էականորեն կրճատվել: Պատմությունը դրա օրինակները նույնպես ունի:
Սովորեցնելուց առաջ պիտի սովորել:
Ոչինչ չունենալով խաչատրյանական օրհներգի դեմ՝ իբրև երաժշտական արժեքի, չենք կարող չասել. նախապատվությունը տալով այդ օրհներգին՝ ինքնաբերաբար դեմ եք արտահայտվում անկախ պետականության գաղափարին և այդ գաղափարի հիմքում ընկած ազգային արժեհամակարգին: Ընտրությունը ձերն է, պարոնա՛յք իշխանավորներ, բայց մի մոռացեք, որ Հայոց պատմությունը նույնպես ունի ընտրության օրակարգ:
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ