Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոգևոր հովիվը սուտ է ասում, որ այդպիսի բան է քննարկվել. այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով հարցին` հոգևոր հովվին ասել է` հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը պետք է վերանայվի:
«Նման հարց նախարարությունում չի քննարկվել»,- ասաց նախարարը և, դիմելով լրագրողներին, ասաց. «Որտե՞ղ եմ ասել, մեջբերեք, մեկնաբանեմ: Ես հոգևոր հովվի ասածը չեմ մեկնաբանում»:
Հարցին` այդ առարկան կարևորո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր առարկաները վերանայվելու են: Առհասարակ, բոլոր ուսումնական ծրագրերը վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»:
Թեև նախարարը սկզբում չէր ցանկանում քահանայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին խոսել, այնուամենայնիվ, նշեց, որ այդ տարածքում ծառայում է տեր Դավիթ անունով քահանա, բայց երբ ինքն այցելել է դպրոց, այդ ընթացքում հոգևորական է այնտեղ եկել: «Ես տնօրենին հարցրել եմ` հոգևորականը դպրոցում ի՞նչ գործ ունի, նա ասել է, որ դասղեկական ժամերին նրան հրավիրում են»,- պատմեց Հարությունյանը:
Հարցին` տեղյակ չէ` ի՞նչ գործառույթ ունի հոգևորականը դպրոցում, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր դպրոց ինքը կարող է որոշել` այս կամ այն մարդն ինչ գործ ունի իր դպրոցում: Կոնկրետ հարցը տրվել է տնօրենին` նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է»:
Իսկ թե ի՞նչ մեծ խնդիր կա այդտեղ, Հարությունյանն արձագանքեց, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական դասերի համար, այլ ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու:
Ճշտող հարցին` երկխոսության բռնվե՞լ է հոգևորականի հետ, նախարարը պատասխանեց. «Այո, ասել եմ` դպրոցն աշխարհիկ կառույց է, բայց մենք տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը: Առհասարակ, այդ քահանայի մասին կարող եք տեղեկություններ հավաքել և պարզել, թե նա ինչ տեսակ մարդ է»:
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե այս թեմայի մասին լուրեր տարածողները պատասխանատվության են ենթարկվելու, Հարությունյանն ասաց, որ խոսքն այն հրապարակումների մասին է, որոնց մեջ զրպարտություններ կան:
Դիտարկմանը` քահանաները պահանջում են, որ ինքը ներողությունը խնդրի, Հարությունյանն արձագանքեց, որ այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն, և որ երեկ Էջմիածնի համապատասխան ատյաններին փոխանցել է դա:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ դպրոցներից մեկում հոգևորականի հետ վեճ է ունեցել: