Միասին կարող ենք
կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-10 15:51
Հասարակություն

Ճշմարիտ հովիվը մարդկանց բերում է դեպի Քրիստոս, կեղծ հովիվը` մարդկանց կապում իր անձին. Տեր Ռուբենի քարոզը՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում

Ճշմարիտ հովիվը մարդկանց բերում է դեպի Քրիստոս, կեղծ հովիվը` մարդկանց կապում իր անձին. Տեր Ռուբենի քարոզը՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում

Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի քարոզը՝ խոսված Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում.

«Հարության խորհրդով առլեցուն այս օրերին Սուրբ Եկեղեցին մեր աչքի առջև աստիճանաբար պարզում է Հարուցյալ Տիրոջ խորհուրդը։ Նախ տեսանք նրան՝ որպես մահվան դեմ հաղթանակած Տիրոջ, ապա՝ որպես մահվան վախը փարատող Փրկչի, որ հայտնվեց իր աշակերտներին՝ բժշկելով նրանց անհավատությունը և խաղաղեցնելով նրանց տագնապը։ Այսօր Ավետարանը մեզ ներկայացնում է Քրիստոսին իբրև Բարի Հովվի, որ առաջնորդում է իր ժողովրդին դեպի կյանք, իր Եկեղեցին՝ դեպի փրկություն։

Հովվի կերպարը Սուրբ Գրքում ամենաքնքուշ և մխիթարական պատկերներից մեկն է։ Սաղմոսերգուն վստահ ասում է․

«Տերն է իմ Հովիվը, և ինձ ոչինչ չի պակասի։ Հանգիստ է պարգևում ինձ դալար արոտավայրերի մեջ և սնուցում հանդարտ ջրերի մոտ» (Սղմ․ 22։1-2)։ Հովվի պատկերը, որ կիրառվում է Հիսուսի առնչությամբ, ամփոփում է այն բոլոր իմաստները, որոնք Հին Կտակարանում վերագրվում են Աստծուն։ Առաջինը առաջնորդությունն է։ Աստված դուրս է բերում իր ժողովրդին ստրկության տնից և ներս տանում Ավետյաց երկիր, ուղեկցում է, ճանապարհ ցույց տալիս։ Երկրորդը խնամքն է։ Աստված կերակրում է իր ժողովրդին, պահպանում կյանքը, ապահովում անվտանգությունը։ Երրորդը փրկությունն է։ Աստված պաշտպանում է իր հոտը գայլերից, ավազակներից ու վտանգներից, հավաքում է ցիրուցան եղած գառնուկներին։

Չորրորդը անձնական ճանաչողությունն է։ Աստված ճանաչում է իր պատկերակիր արարածներին, բոլորին հանվանե գիտի և կենդանի հարաբերության մեջ է նրանցից յուրաքանչյուրի հետ։

Հին Ուխտի ժողովրդին քաջածանոթ էր հոտ և հովիվ պատկերը։ Փարախը բաց տարածք էր՝ շրջափակված քարե պատերով։ Գիշերը ոչխարները հավաքվում էին այնտեղ, որպեսզի պաշտպանված լինեին գայլերից ու ավազակներից։ Առավոտյան հովիվը գալիս էր փարախ, դռնապանը բացում էր դուռը, և նա դուրս էր կանչում իր ոչխարներին, որոնք ճանաչելով իսկական հովվի ձայնը՝ հավաքվում էին նրա շուրջը։ Հովիվը չէր քշում նրանց՝ հետևից, այլ առաջնորդում էր նրանց՝ առջևից։

Հենց այս պատկերն է Հիսուս քաղում՝ խոսելու իր մասին․

«Ես եմ դուռը․ ով իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհ․ 10։9)։ Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոս միայն ճանապարհը չէ, որ ցույց է տալիս մեզ․ նա ինքն է Ճանապարհը։ Քրիստոս միայն դուռը չէ, որ բացում է մեզ համար․ նա ինքն է Դուռը, և ով անցնում է Նրա՛ միջով, փրկություն է գտնում։ Դռան այս պատկերը ևս խորունկ իմաստ ունի։ Դուռը միաժամանակ և՛ բաժանում է, և՛ միավորում։

Այն սահման է ներսի և դրսի միջև, բայց նաև անցում է։ Դռնով մենք տուն ենք մտնում և շրջակա աշխարհ դուրս գալիս։ Մեր ամբողջ կյանքը, ըստ էության, «մուտք ու ելք» է՝ սկսած ծնունդից՝ մայրական արգանդից դուրս գալուց, մինչև մահ՝ անդրաշխարհ մուտք գործելը, հանդիպումներից մինչև բաժանումներ, մեղքից մինչև ապաշխարություն, հուսահատությունից մինչև հույս ու հավատ։ Եթե Քրիստոս «դուռն» է, որ տանում է դեպի փրկություն (Հովհ. 10։9), և եթե դուռը շինության մի մասն է, որի միջով մուտք ենք գործում ներս, ապա Հիսուս միաժամանակ և՛ փրկության միջնորդն է, և՛ հենց փրկությունը։ Նա է Ճանապարհը դեպի Հայրը, բայց նաև Կյանքը (Հովհ. 14։6)։ Նրա մեջ մենք գտնում ենք Հայր Աստծո կյանքը։ Այսօրվա Ավետարանը, սակայն, միայն մխիթարության մասին չէ։ Հիսուս զգուշացնում է․ «Ով ոչխարների փարախ դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է մագլցում, նա գող է և ավազակ» (Հովհ․10։1)։ Սա ուղղված է բոլոր կեղծ հովիվներին։

Հին Կտակարանում մարգարեները բազմիցս դատապարտում են այն առաջնորդներին, որոնք Աստծո ժողովրդի վրա իշխում են հանուն իրենց նեղ անձնական շահերի։ Երեմիան ասում էր․ «Վա՜յ այն հովիվներին, որ կորստյան են մատնում իմ հոտը» (Եզեկ․ 23։1)։ Եզեկիելը նրանց մեղադրում էր, որովհետև իրենք իրենց էին սնուցում, ոչ թե ժողովրդին։

Սիրելինե՛ր, միշտ եղել են, կան և լինելու են մարդիկ, որոնք Աստծո անունը օգտագործում են հանուն սեփական իշխանության, փառասիրության կամ շահի։ Միշտ գործել են և այսօր էլ գործում են կեղծ մարգարեներ, կեղծ ուսուցիչներ, կեղծ փրկիչներ։ Ինչպես տեսանք, Տեր Հիսուս նրանց բնորոշում է սարսափելի հատկանիշներով՝ գող և ավազակ, իսկ «Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և փչացնելու» (Հովհ․ 10։10)։

Ուշադրություն դարձնենք՝ բնագրում «սպանել» բայը բառացիորեն նշանակում է «զոհ մատուցել», իսկ «փարախ» ասելու համար կիրառվում է «տաճարի գավիթ» իմաստը։ Փաստացի կեղծ հովիվները տաճար են մտնում Աստծուն պաշտամունք մատուցելու՝ այլոց կյանքը, ուժն ու եռանդը զոհաբերելով, շահագործելով, Աստծուն պաշտամունք մատուցելու անվան տակ՝ մարդկանց ազատությունը խլելով, խիղճը ճնշելով, հոգին ոչնչացնելով։ Սա չափազանց արդիական վտանգ է՝ կեղծ ձայները շատ են․ մեկը խոստանում է քաղաքական փրկություն, մյուսը՝ նյութական երջանկություն, երրորդը՝ գաղափարական դրախտ։ Բայց սուտ, դատարկություն և կորուստ։ Բանաստեղծի պատկերավոր ձևակերպմամբ՝ «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր․․․ Աշխարհում նա իր աշխարհն է սիրում... Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում․․․ Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում․․․ Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում․․․ Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր... աթոռը» (Պարույր Սևակ)։ Հիսուսի խոսքով՝ իր հետևորդները օտարին չեն հետևում, ընդհակառակը, փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարի ձայնը։ Ահա այստեղ է քրիստոնյայի մեծ պատասխանատվությունը՝ սովորել ճանաչել Հովվի ձայնը։

Այսօր աշխարհում այնքան շատ ձայներ կան՝ աղմուկ, քարոզչություն, թմբուկ, ճղճղոց՝ վախ ներշնչող, թմրեցնող, գայթակղեցնող։ Բայց Քրիստոսի ձայնը տարբեր է։ Նրա ձայնը երբեք չի նվաստացնում մարդուն, երբեք չի խաբում, երբեք չի շահագործում։ Նրա ձայնը խաչելության ձայնն է՝ զոհաբերող սիրո, Հարության ձայնն է՝ վերականգնող հույսի, Բարի Հովվի ձայնն է, որ ասում է․ «Ես եկա, որ կյանք ունենաք, և կյանքը լինի առավել լեցուն»։ Սիրելի՛ հավատացյալներ, օրվա Ավետարանը մեզ երեք կենսական պատգամ է փոխանցում։ Առաջինը՝ ունկնդիր լինել Հովվի ձայնին։ Քրիստոնյան նա է, ով սովորում է լռության մեջ լսել Տիրոջ ձայնը՝ Ավետարանում, աղոթքի մեջ, Եկեղեցու կյանքում, խղճմտանքի մեջ։

Եթե մենք ամեն օր չենք սնվում Ավետարանով, արագ և աննկատ օտար ձայներ են սկսում մեզ ղեկավարել։ Երկրորդ՝ անցնել Դռնով։ Այսինքն՝ ապրել Քրիստոսով՝ ապաշխարությամբ, մկրտության շնորհի նորոգությամբ, Սուրբ Հաղորդությամբ, Եկեղեցու կյանքով։ Պետրոս առաքյալն ասում էր․ «Ապաշխարեցե՛ք», որովհետև առանց դարձի մենք չենք կարող մտնել այդ դռնով։ Եվ երրորդը՝ տարբերել ճշմարիտ հովիվներին կեղծ հովիվներից։ Եկեղեցին միշտ ունեցել է ոչ միայն հովիվներ, այլ նաև վարձկաններ։

Բայց Աստված իր ժողովրդին տվել է նաև հոգևոր զգացողություն՝ հավատքի ներքին հոտառությունը։ Ոչխարները ճանաչում են իրենց Հովվի ձայնը և տարբերում են ճշմարիտը կեղծից։ Կա մի պարզ չափանիշ․ ճշմարիտ հովիվը մարդկանց բերում է դեպի Քրիստոս, իսկ կեղծ հովիվը մարդկանց կապում է իր անձին։ Ճշմարիտ հովիվը ծառայում է, կեղծ հովիվը՝ իշխում։ Ճշմարիտ հովիվը կյանք է տալիս, կեղծ հովիվը՝ կյանքը շահագործում։ Հին քրիստոնեական մի տեքստ ասում է․ ճշմարիտ մարգարեի նշանն այն է, որ նա «Տիրոջ վարքն ունի», այսինքն՝ նրա մեջ տեսանելի է Քրիստոսի խոնարհությունը, գթասրտությունը, ճշմարտությունը, զոհաբերական սերը»։