կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 10:52
Քաղաքական

Տիկի´ն Զոհրաբյան, ես չգիտեմ քասթինգն ինչ է, դեֆիլեն ինչ է, մի´ պատասխանեք «Իմ քայլին» ուղղված մեր ելույթներին. Էդմոն Մարուքյան

Տիկի´ն Զոհրաբյան, ես չգիտեմ քասթինգն ինչ է, դեֆիլեն ինչ է, մի´ պատասխանեք «Իմ քայլին» ուղղված մեր ելույթներին. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր նիստի ընթացքում հանդես եկավ ելույթով և մի քանի շեշտադրումներ արեց երեկվա քննարկումների հետ կապված:

«Մեր գործընկերները ԲՀԿ-ից փորձում էին մեզ պատասխանել: Հնչեց միտք, որ ԼՀԿ-ն հայտարարել է` ընդդիմություն է իշխանությանը, բայց ստացվում է` ընդդիմություն է ԲՀԿ-ին: Մենք հստակ շեշտադրում ենք կատարել, որ մեր ելույթները ձեզ ուղղված չեն, դուք ունեք թեկնածու: Մեր ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որը չունի թեկնածու: Մենք կռիվ ենք տալիս մեր ելույթներում, որ մեր թեկնածուն հաղթի, այդ կռվի մեջ դուք մտնում, մեզ հետ կռիվ եք անում: Մենք ձեզ հետ որևէ կռիվ չենք տվել: Եթե դրա կարիքը լինի, ես ընդհանրապես չեմ հապաղի հետ գնալ և սկսել ինչ-որ բաներ ասել, օրինակ` մեր կուսակցությունից չեն, չէ՞, նախարարների փողոցից հեռացրել ու անվանել հակահեղափոխական, բայց դա մենք չենք ասել: Հիմա ստիպում եք, որ ասենք»,- հայտարարեց Մարուքյանը և կոչ արեց ԲՀԿ պատգամավորներին` չմտնել այդ կռվի մեջ, որովհետև իրենք կռվում են իշխանության հետ:

Մարուքյանն անդրադարձավ հնչեցրած այն հարցին` արդյո՞ք կա երրորդ ճանապարհ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ ընտրելու համար: «Կա երրորդ ճանապարհ: Առաջին ճանապարհը` ընտրել տիկին Թանդիլյանին, երկորրդ ճանապարհը` ընտրել պարոն Էնֆիաջյանին, երրորդ ճանապարհը` թողնել ազատ ընտրության»,- նշեց նա:

Այնուհետև Մարուքյանը պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներին, որոնք զարմացել էին ԼՀԿ ելույթներից: «Ես նկատեցի «Իմ քայլը» դաշինքի ելույթներում`  բայց դուք ինչի՞ց եք վերցրել, որ մենք ուզում ենք Էնֆիաջյանին ընտրել, որ այդպիսի ելույթներ եք ունենում: Ժողովո'ւրդ ջան, մի քանի կարևոր մարդիկ ձեր կուսակցությունից հարցազրույցներ են տվել և նման բան հայտարարել, մենք օդի՞ց ենք վերցնում, որ նման ելույթներ ենք ունենում: Եթե իրարից տեղյակ չեք, տեղեկացեք»,- հայտարարեց նա:

Պատգամավորի խոսքով` չկա այնպիսի դրույթ, որ  երկու փոխխոսնակները պետք է պարտադիր լինեն իշխող ուժից: «5 ուժ չէ խորհրդարանում, կարող էիք մեկ փոխխոսնակ իշխանությունից ընտրել, մյուսին` ԲՀԿ-ից, երրորդին էլ` ԼՀԿ-ից: Սահմանադրությունը չի պարտադրում, որ երկու փոխխոսնակները լինեն իշխանությունից»,- շեշտեց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե իրենք քասթինգ-դեֆիլեի չեն մասնակցում ԼՀԿ-ի հետ:«Ես չգիտեմ` քասթինգ-դեֆիլեն ինչ է, ես չեմ հետևում քասթինգների կամ դեֆիլեների, տիկի'ն Զոհրաբյան, Դուք երևի գիտեք: Ես Ձեզ կոչ կանեմ, տիկի'ն Զոհրաբյան, մեր ունեցած ելույթներին, որոնք ուղղված են  «Իմ քայլը» դաշինքին, չպատասխանել»,- նշեց նա:

Եզրափակելով ելույթը` Մարուքյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորներին ազատություն կտան 2 փոխխոսնակների ընտրության հարցում: