Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայաստանի կառավարության շենքի առջև այսօր ակցիա է կազմակերպվել 23 տարի առաջ սպանված` Երևանի պետական բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի հարազատների կողմից: Նրան սպանող Մհեր Ենոքյանի ազատ արձակման դեմ նաև ստորագրահավաք է սկսվել. խնդրագրի ներքո ստորագրել է արդեն շուրջ 1200 բուժաշխատող, առկա է նաև 3000 էլեկտրոնային ստորագրություն:
«Մեր նամակի հետ դրանք եկել ենք հանձնելու ՀՀ վարչապետին, հետո նաև` ՀՀ նախագահին, որ ցույց տանք` սա հասարակության կարևոր մասի կարծիքն է: Նամակում ակնկալում ենք և պահանջում, որ վարչապետը մեզ ընդունի և լսի մեր կարծիքը, որ մենք դեմ ենք մարդասպանի ազատմանը, որը չի ընդունում իր մեղքը և չի զղջացել իր արարքի համար, որ նրան պետության կողմից ներում շնորհվի: Մենք ղեկավարությունից պահանջելու ենք ստույգ դիրքորոշում այս հարցում»,- նշեց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան:
Yerkir.am-ի հարցին՝ պահանջելո՞ւ են գործի վերանայում, Աղաջանովան պատասխանեց, որ դա չէ իրենց ներկա ասելիքը, բայց դեմ չեն լինի:
«Ձեզ թվում է, որ մենք առարկո՞ւմ ենք կամ դա մեզանի՞ց է կախված: Որքանով ես տեղյակ եմ՝ Մհեր Ենոքյանը դիմել է գործի վերանայման պահանջով, բայց դատարանը մերժել է: Իսկ նա պնդում է, որ մենք ենք խանգարում այդ գործընթացին, բացարձակապես այդպես չէ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մի ազդեցություն 20 տարի առաջ և հիմա չի եղել մեր կողմից՝ ո'չ դատարանների, ո'չ դատական պրոցեսների, ո'չ լրատվական միջոցների վրա: Այս տարիներին ականատես ենք եղել միակողմանի լուսաբանմանը Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի կողմից, այսինքն՝ գնացել է հերոսացման և պայծառացման պրոցես: Բայց մենք չենք խառնվել, թեև ցավոտ էր: Իսկ հիմա հասունացել է պահը, որ պետության կողմից նա ներում ստանա, դրան դեմ ենք: Մենք գտնում ենք, որ տուժող կողմը պետք է տեղեկացված լինի այդ պրոցեսի որևէ փուլում: Ինչպե՞ս կարող է լինել այնպես, որ մենք ոչ մի ինֆորմացիա չունենանք և մի օր հանկարծ փողոցո՞ւմ հանդիպենք»,- նշեց Աղաջանովան:
Հիշեցմանը, որ գործով մյուս դատապարտվածը՝ Արամ Հարությունյանը, 15 տարի հետո ազատ արձակվեց: Սսպանվածի քույրն այդ կապակցությամբ պատասխանեց. «Վատ ենք վերաբերվում, մենք երկուսի համար էլ մահապատիժ ենք պահանջել: Այո, իմ հայրն իր խոսքում երկուսի համար էլ մահապատիժ է պահանջել, ինչը հիմա այլ կերպ է ներկայացվում: Բայց, հանգամանքներից ելնելով, դատարանը մեկին տվել է 15 տարի, որն այն ժամանակ բարձր պատիժ էր համարվում, մյուսին` մահապատիժ: Հիմա նա նստել և դուրս է եկել, նույն մեղադրանքով երկրորդ անգամ չի կարող դատապարտվել, իսկ Մհեր Ենոքյանը սկսեց խոսել իր անմեղության մասին, երբ Արամ Հարությունյանն ազատ արձակվեց, քանի որ հիմա ավելի հեշտ է մեղքը նրա վրա գցել ու ազատվել»:
Ելենա Աղաջանովան ընդունեց, որ հրապարակված բաց նամակն իրենք չեն գրել, քանի որ ռուսական կրթություն ունեն, այլ իրենց բարեկամն է այդ հարցում օգնել իրենց: «Մինչդեռ Զարուհի Մեջլումյանն այս փաստն այլ ուղղությամբ է տանում՝ դեպի քաղաքականություն: Նա համարում է, որ ինչ-որ մեկը տվել է դա մեզ և մենք հրապարակում ենք: Դա սուտ է»,- շեշտեց նա՝ նշելով, որ իրենց ընտանիքի հասցեին շատ ստեր են տարածվում, և իրենք անհրաժեշտության դեպքում կդիմեն դատարան՝ պաշտպանելու իրենց ընտանիքի պատիվը:
Ելենա Աղաջանովան տեղեկացրեց, որ երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է իրենց տուն, բայց ոչ` ստորագրահավաքը դադարեցնելու պահանջով: «Նա երեկ մեր տանն է եղել, եկել էր իր դասախոսին տեսնելու և այս դժվար պահին սատարելու ու ասելու՝ ես ձեր կողքին եմ: Այսքանը, ոչ մի խոսք չի գնացել ո'չ հավաքի, ո'չ քաղաքականության, ո'չ մի ուրիշ բանի մասին: Մենք շնորհակալ ենք այդ մարդուն, որ նա այդ քայլին դիմեց»,- ասաց նա:
Իր հերթին, սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ բժիշկ Միքայել Աղաջանովը, անդրադառնալով գործի վերաբացմանը նշեց. «Ես չեմ հասկանում, արդեն 20 տարի է` ձգձգում են, ամեն ինչ պարզ է»:
Նա կրկնեց դստեր ասածը՝ երկուսի համար էլ պահանջել է մահապատիժ, իսկ Մհեր Ենոքյանը և նրա կողմնակիցները ձայն չէին հանում, քանի դեռ Արամ Հարությունյանն ազատազրկման մեջ էր:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` քննարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ազատ արձակելու հարցը։ Ըստ տարածված տեղեկության՝ արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը` նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և այս պահին փաստաթուղթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին է։
Հավելենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի 103-Ա հրամանագրով` Ենոքյանի մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։