Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունն անարձագանք է թողել Մհեր Ենոքյանի գործով տուժածներ Աղաջանովների ընտանիքին: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ տեղեկացնելով, որ արդարադատության նախարարությունը ևս հրաժարվել է պատասխանել Մհեր Ենոքյանին ներելու հնարավորության մասին հարցադրումներին։
«Մինչ այսօր կառավարությունից չունենք ոչ մի արձագանք՝ ո´չ ներման գործընթացի, ո´չ էլ հանդիպման մասին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ օրեր առաջ նամակ են հանձնել՝ վարչապետին հանդիպելու խնդրանքով, նաև` բժիշկների էլեկտրոնային ստորագրությունների երկու փաթեթ:
Ինչ վերաբերում է գործը վերաբացելուն, ապա Ելենա Աղաջանովան նշեց. «Մենք վերաբացման մասին չենք խոսում. Մհեր Ենոքյանն իր արածի համար չի զղջացել ու չի զղջալու, և մենք չենք ներել ու չենք ներում և չենք ներելու նրան»:
Սպանվածի հայրը` Միխայիլ Աղաջանովը, նշեց, որ իրենք որևէ կասկած չունեն արդար դատավարության մասով: «Բայց եթե համապատասխան մարմինները գտնեն, որ պետք է գործը վերաբացեն, դա մեր որոշումը չէ, թող վերաբացեն»,- ասաց նա:
Ելենա Աղաջանովան լրացրեց՝ գործին չպետք է քաղաքական աստառ տալ: «Ոչ մի քաղաքական հարց, հիմք, աստառ այս գործի մեջ չկա և չի լինելու, պետք չէ փնտրել այն, ինչը չկա: Այսօր փորձ է արվում գործը տանել հակահեղափոխական դաշտ, և մարդասպանը որպես ռեժիմի զոհ ներկայացվի: Դա սուտ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների և կեղծ լուրերի համար պատրաստվում են դատական հայց ներկայացնել Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի դեմ՝ պատիվ պահանջելով: