Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 11-ի երեկոյան փլուզվել էր Արամի 23 հասցեում գտնվող` պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը: Պատի փլուզման վերաբերյալ պատկան մարմինները շտապեցին հայտարարությամբ հանդես գալ, մինչդեռ խնդրի մասին «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ղեկավար Տիգրան Հեքեքյանն ամիսներ ի վեր բարձրաձայնում էր:
««Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան:
Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ մշակույթի նախարարության` դատախազություն ուղարկած գրության համաձայն` քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնել կամ վնասելը:
Այսօր Տիգրան Հեքեքյանը և մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը կրկին հանդիպեցին լրագրողների հետ` մանրամասն ներկայացնելով, թե ինչի հետևանքով է պատը փլուզվել և ինչ է հնարավոր անել հիմա:
Աբրոյանի խոսքով` քրեական գործը կպարզի, թե ովքեր են մեղավոր շենքի փլուզման համար, սակայն այն, որ մի շարք մարդիկ ուղղակի թերացել են իրենց աշխատանքներում, պարզ է: Նա նշեց, որ դեռևս 2018-ի ապրիլին, երբ քաղաքապետարանի կողմից թույլտվությամբ Արամի 23 հասցեում փոս էր փորվել` տեղում եռահարկ կառույց կառուցելու նպատակով, շենքի պատի փլուզման վտանգ էր առաջացել: Աբրոյանը հավաստիացնում է` դեռ այդ ժամանակ մշակույթի նախարարությունը դիմել է քաղաքապետարան` հորդորելով իրավիճակը կարգավորելու համար քայլեր անել, նաև հայտարարել, որ տեղում շինարարական աշխատանքներն ապօրինի բնույթ են կրում:
«Այդ ժամանակ ես կառուցապատողի` Վարդան Սերմաքեշի ներկայացուցիչների, «Հին Երևան» ծրագրի հեղինակի` Լևոն Վարդանյանի հետ հանդիպեցի, և պարզվեց, որ հեղինակը Արամի 23-ի չափագրումը չունի անգամ: Հետո արդեն ինքս չափագրում կատարեցի, որի հիման վրա Վարդանյանը պետք է նախագիծ ներկայացներ: Նախագիծը ներկայացվեց, այն ուղարկվեց քաղշին, քննարկման դրվեց ու մերժվեց, քանի որ այն այնպիսի միջամտություններ էր նախատեսում, որոնց «շնորհիվ» ավելի շուտ կքանդվեր հուշարձանի պատը»,- ասաց Աբրոյանը:
Նա նշեց նաև, որ դրանից հետո քաղշինը հայտարարեց, թե անհրաժեշտ է հրատապ կերպով նոր նախագիծ ներկայացնել: Աբրոյանի խոսքով` դրան հաջորդեցին քաղշինի հավաստիացումները, թե արդեն երկրորդ, երրորդ նախագծեր կան, իրենք դրանք այդպես էլ իրականում չեն տեսել:
Աբրոյանն ասաց նաև, որ Հեքեքյանի պատվերով է այնուհետև մի նախագիծ մշակվել ու ներկայացվել նախարարություն: Մշակույթի նախարարությունը, ըստ նրա, նախագիծը քննարկել ու իր համաձայնությունն է տվել դրա իրականացմանը: Նախագծով նախատեսվում էր հուշարձանի հիմքերի ամրակայման աշխատանքներ իրականացնել: «Նախարարությունն այդ նախագիծն ուղարկել է քաղաքապետարան` խնդրելով ընթացք տալ դրան, սակայն ընթացք տալու փոխարեն հայտարարություններ են անում, թե մշակույթի նախարարությունը նախագծեր չի համաձայնեցնում: Չկա նման բան, սուտ է: «Հին Երևան»-ով ընթացող շինարարությունը, առհասարակ, ապօրինի է, քանի որ դրանք ոչ մի կերպ համաձայնեցված չեն նախարարության հետ, ավելին` մենք միայն համաձայնություն ենք տվել «Փոքրիկ երգիչների» ներկայացրած նախագծին` ամրակայել հուշարձան-շենքի պատի հիմքերը»,- ասաց Աբրոյանը:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ քաղշինի ու քաղաքապետարանի անգործության պատճառով է շենքի պատի խնդիրը հասել մինչև փլուզում, Աբրոյանը պատասխանեց` անդրադառնալով երկու կառույցների բացթողումներին էլ: Նրա խոսքով` մեծ առումով քաղշինն ընդհանրապես հատակագծի համաձայնեցման գործառույթներից հետո չպետք է խառնվեր ոչնչի: «Սակայն դեռևս 2014-ին, կառավարության որոշմամբ, քաղշինը դիմել և լիազորություն էր ստացել «Հին Երևան»-ի նախագծի կազմման համար: Նույն որոշմամբ` հստակ չափորոշիչներ էին նախատեսված` ստորգետնյա երկհարկ և վերգետնյա մինչև երեք հարկ կառուցապատում: Փաստացի այժմ ստորգետնյա 2 հարկի փոխարեն` արդեն իսկ 3 հարկ է իրականացված, որին քաղաքապետարանը տվել է իր թույլտվությունը: Այսինքն` քաղշինի խնդիրը` նախագծի կազմման և դրա իրականացման հարցն ապահովված չէ»,- ասաց Աբրոյանը:
Խոսելով քաղաքապետարանի մասին` նա նշեց, որ նրանք էլ իրենց հերթին որևէ նախագծային փաստաթուղթ հաստատելուց առաջ այն պետք է համաձայնեցնեին մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել Արամի 23-ի դեպքում: Բացի այդ, ըստ Աբրոյանի, ընթացք չի տրվել իրենց կողմից քաղաքապետարանին ուղարկված նախագծի հաստատմանը:
Աբրոյանը վստահեցնում է` եթե ժամանակին Արամի 23-ի շենքի հիմքերն ամրակայվեին, պատն այսօր փլուզված չէր լինի:
Տիգրան Հեքեքյանի խոսքով էլ` Արամի 23-ն ամուր շինություն էր, և եթե այնտեղ շինարարության նպատակով փորված փոսորակը ճիշտ ձևով արվեր, շենքին որևէ վնաս չէր հասցվի: Նրա կարծիքով` եթե անգամ 500 մետր փորեին, սակայն քաղաքաշինական կանոններին համապատասխան, շենքին ոչինչ չէր լինի: Սա, ըստ Հեքեքյանի, մտածելու տեղիք է տալիս, որ միտումնավոր են այդպես փորել, որպեսզի հուշարձան-շենքն էլ քանդեն:
«Հուշարձանի պատի քանդման օրը նախագծի հեղինակը` Լևոն Վարդանյանը, Աբրոյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր` շենքը պետք է քանդվի, ես այդպես եմ նախագծել: Այս խոսակցությանը ներկա է եղել մեր տնտեսվարը: Ամիսներ առաջ էլ, երբ ես ներկա էի շենքի պատի ամրակայման հարցի քննարկմանը, Վարդանյանը հպարտորեն հայտարարում էր, որ ինքն այդպես է նախագծել շենքը, և որևէ չինովնիկ չի կարող իրեն ստիպել, որ նախագիծը փոխվի: Այն, որ սա հանցագործություն է, ես չեմ կասկածում, և այն, որ միայն Լևոն Վարդանյանը չէ սրա հետևում կանգնած, դա էլ է պարզ»,- ասաց Հեքեքյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերի վերջերին Մեսչյանի կողմից հանձնարարվել էր` մինչև շենքի խնդրի լուծման տարբերակ գտնելը պետք է ամրակայման աշխատանքներ տարվեն, որը նույնպես անտեսվել էր: Հեքեքյանին այժմ հետաքրքրում է` ո՞վ է մեղավոր, որ Մեսչյանի հանձնարարականը չի կատարվել:
Հեքեքյանի հավաստմամբ` թե՛ քաղշինը, թե՛ քաղաքապետարանն Արամի 23-ի պահպանման համար ոչինչ չեն արել: «Տրամաբանությունը հետևյալն է` Արամի 23-ի տարածքում խախտումներով փորված փոսորակի հետևանքով վնասվել է շենքը: Այն քանդել է «Հին Երևանը», որը պատկանում է Վարդան Սերմաքեշին, իսկ նախագծի հեղինակը Լևոն Վարդանյանն է: Պատկան մարմիններն էլ հերթով ասում են` իրենք մեղավոր չեն: Լավ, ինչքան կարող են պատկան մարմիններն աշխատել իրար դեմ: Մեղավորը նախորդ իշխանություններն են, բայց ապշում եմ, որ ներկայիս իշխանություններն էլ ուզում են ժառանգել այդ տխուր բեռն իրենց ուսերին»,- ասաց Հեքեքյանը` հավելելով, որ պատկան մարմիններից ոչ ոք անձամբ իր հետ չի ուզում հանդիպել, միայն նամակագրության միջոցով են շփվում:
Նա հիշեցրեց նաև, որ 2018-ի դեկտեմբերի վերջին, կառավարության որոշմամբ, այդ տարածքը կրկին գերակա շահ է ճանաչվել: Հեքեքյանի խոսքով` երբ ինքը կառուցապատողի ներկայացուցիչների հետ զրուցել և ասել էր, որ նրանք այլևս որևէ իրավասություն չունեն Արամի 23-ի հետ կապված, իրեն պատասխանել են, թե` խնդիր չկա, այնպես կանեն, որ նորից իրավունք ձեռք բերեն:
Խնդրի լուծման հետ կապված, ըստ Հեքեքյանի, կա'մ պետք է Վարդանյանին ազատեն աշխատանքից, կա'մ ստիպեն, որ պատասխան տա ստեղծված իրավիճակի համար:
Հեքեքյանը նշեց, որ իրենք նախ ուզում են աշխատել, ինչից զրկվել են արդեն մի քանի ամիս` շենքի` վթարային լինելու հետ կապված: Բացի այդ, ըստ նրա, իրենք կարող էին համաձայնել, որ շենքը քանդեն ու տարածքում մի նորակառույց սենյակ տան իրենց, սակայն խոսքը հուշարձան-շենքի մասին է, այլ ոչ թե շարքային մի շենքի:
Հեքեքյանը տեղեկացրեց նաև, որ այսօր կառավարությունում քննարկվելու է Արամի 23-ի շենքի ճակատագիրը, որին մասնակցելու է նաև ինքը: