կարևոր
1174 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-21 11:56
Քաղաքական

Առողջապահական համակարգի կադրային շիլաշփոթը...․ «Փաստ»

Առողջապահական համակարգի կադրային շիլաշփոթը...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս մամուլը գրեց, որ առողջապահության իրավաբան-նախարար Անահիտ Ավանեսյանը դատարանում պարտվել է Թոքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանին։ Դատարանը պարտավորեցրել է Ավանեսյանին՝ Մանուկյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը և վերականգնել նրան իր պաշտոնում։ Մոտ երկու ամիս առաջ էլ դատարանը պարտավորեցրել էր Ավանեսյանին վճարել պետական առողջապահության գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին հարկադիր պարապուրդի քսան ամսվա համար, վճարել նաև տույժ ու տուգանքը, դատական ծախսերը ու վերջինիս վերականգնել պաշտոնում։

Միայն թե բանն այն է, որ այսպիսի դեպքերում վճարողը ոչ թե բուն ապօրինի որոշում կայացնողն է լինում, այլ պետությունը։ Այսինքն, Արտակ Մանուկյանին ու Ծաղիկ Վարդանյանին վճարում է ոչ թե Ավանեսյանն իր գրպանից, այլ հարկատուներն են վճարում։ Բայս սա դեռ ամենը չէ: Պարզվում է՝ համակարգում շատերն են դարձել Ավանեսյանի ու նրա նեղ շրջապատի կամայական որոշումների զոհը։ Մասնավորաբար, վերջին երկու տարվա ընթացքում Ավանեսյանը Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում երեք տնօրեն է փոխել։ Երեք տնօրեն փոխել է նաև Այրվածքաբանության ու մաշկաբանության կենտրոնում։ Ապրիլին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին աշխատանքից ազատելուց հետո Ավանեսյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է տնօրենի տեղակալ Կարեն Պողոսյանին, սակայն մի քանի օրից փոխել է որոշումը ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկ ուրիշ տեղակալի՝ Նաիրա Խաչատրյանին։

Ընդամենը օրեր առաջ Ավանեսյանը նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ ազատելով իր նշանակած նախորդ տնօրենին։ Վերջինս հասցրել է պաշտոնավարել ընդամենը մեկ տարի։ Նույն վիճակն է նաև առողջապահության նախարարության բաժիններում ու վարչություններում: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ կադրային փոփոխություններն արվում են ոչ թե մասնագիտական ունակությունների ու փորձի վրա հիմնվելով, այլ ինչ-որ կամայական, այդ թվում՝ նեղ քաղաքական նկատառումներով, ինչպես նաև «խնամի-ծանոթ-բարեկամ»՝ իբրև թե իշխանության կողմից մերժվող մոտեցումներով: Ի դեպ, հիշենք, որ երբ մամուլում հրապարակումներ եղան, որ Ավանեսյանն իր ընկերուհուն էր պաշտոնի նշանակել, Ավանեսյանն արձագանքել էր, թե գերատեսչությունում իրենք բոլորը ոչ միայն ընկերներ են, այլև մեկ ընտանիք...

Ընտանիքն՝ ընտանիք, բայց մեր աղբյուրները փոխանցում են, որ միայն վերջին ամիսներին նախարարությունից, իրենց դիմումների համաձայն, հեռացել են նաև տարբեր աշխատակիցներ, ընդ որում՝ ոչ «շարքային», այդ թվում՝ իրավաբանական վարչությունից: Պատճառաբանությունը եղել է իբր թե ավելի լավ աշխատանք գտնելը, սակայն, մեր տեղեկություններով, գլխավոր պատճառը եղել է Ավանեսյանի ու նրա մերձավորների անհիմն որոշումների հետ անհամաձայնությունը։ Այնպիսի տպավորություն է, որ առողջապահական ամբողջ համակարգն Անահիտ Ավանեսյանի համար դարձել է յուրօրինակ խաղալիք ու... կադրային շիլաշփոթի «վիրուսով» վարակվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում