Այսօր կառավարության
նիստի ժամանակ ՄԻ պաշտպան ԱՐման Թաթոյանը, խոսելով մանկատներում առկա խնդիրների մասին, նշել էր, որ դրանցից մեկն այն է, որ մանկատան խնամքի տակ գտնվող անձի` չափահաս դառնալուց հետո էլ լինում են դեպքեր, երբ վերջինս շարունակում է ապրել մանկատանը: Ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը ասել էր, որ նման դեպքերը շատ քիչ են, իսկ Կապանում մանկատուն չկա էլ, կա միայն ցերեկային խնամքի կենտրոն:
ՄԻ պաշտպանի գրասենյակն արդեն իսկ հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով կոնկրետ թվեր.«Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներ․ որոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, երեխաների իրավունքներին առնչվող հարցերը պահում է հատուկ ուշադրության կենտրոնում։
Այս պահի դրությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ շարունակում է բնակվել (գիշերելով) 7 չափահաս անձ (20-26 տարեկան):
Այս խնդիրը մանրամասն ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ, որը դեռ անցյալ տարի հրապարակվել է, ուղարկվել է Ազգային Ժողով, Կառավարություն և զանգվածային լրատվության միջոցներին:
Կառավարության նիստում քննարկված Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի վերաբերյալ հիմնավոր տվյալները ևս արտացոլված են վերոնշյալ հաղորդման մեջ։ Տարեկան հաղորդման մեջ նշված է, որ 2017 թվականին մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում խնամվում է հատուկ կարիքներ ունեցող 20-30 տարեկան 15 անձ, որոնք նախկինում տեղափոխվել են Նուբարաշենի հատուկ դպրոցից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզպետարանի թույլտվությամբ: Նշված անձանցից 8-ը Պաշտպանի կողմից խնդրի բարձրացումից հետո տեղափոխվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոն:
Խնդիրն արձանագրվել է նաև մի շարք այլ հաստատություններում (Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Վանաձորի մանկատուն և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն արձանագրում է խնդիրները, այլ նաև դրանք ներկայացնում է իրավասու մարմիններին և նպաստում է դրանց լուծմանը՝ ներկայացնելով խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Կից ուղարկում ենք տարեկան հաղորդման հղումը, որի 376-377-րդ էջերում մանրամասն ներկայացված է վերոնշյալ խնդիրը և դրա լուծմանն ուղղված
առաջարկը»: