Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամանորի գունեղ հրաշքը հոգեհարազատ է յուրաքանչյուրին, սակայն այն էլ ավելի սպասված է առաջնագծում, հենակատերում, զորամասերում, ուր գույները սակավ են, ուր միայն հողի գույնն է ու զինվորական գորշ կանաչը:
Տոնածառը, Ձմեռ պապը, Ձյունանուշն ու նվերները մի պահ զորամասի բնակիչների կյանքը դարձնում են գունեղ, ուր նրանց սպասումները խաղաղության և բարօրության մասին են: N զորամասի զինծառայող Արցախ Տեփնանցը մասնագիտությամբ դերասան է, բայց վերջին երեք տարիներին զինվորական ծառայության է անցել Պաշտպանության բանակում: Եվ պարզից էլ պարզ է, որ Ձմեռ պապու դերը, ուզեր-չուզեր, ինքը պետք է տաներ ամեն ամանորին:
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախը հիշում է զորամասերում Ձմեռ պապի իր այցելությունները, ուշագրավ պահերը: Հերթական անգամ, երբ մտել է զորամաս, շնորհավորել, նվերներ է բաժանել, վերջում զինվորները չեն դիմացել հետաքրքրությանը, և ցանկանալով իմանալ, թե ով է թաքնված Ձմեռ պապու հանդերձանքի տակ, սկսել են քաշքշել մորուքից:
Ձմեռ պապին երկար չի դիմացել ու «հանձնվել է»: «Աաաա, Արցախ, էս դու ես՞», «Այո, Արցախ անունով Ձմեռ Պապն է, հուսով եմ, իմ բարեմաղթանքները ավելի շուտ տեղ կհասնեն»,- պատասխանել է Արցախը` թե մտքում, թե բարձրաձայն մաղթելով ու երազելով Արցախ աշխարհի խաղաղության մասին:
«Մի անգամ էլ, որպես Ձմեռ պապ, մտա զորամասի ճաշարան, ուր արդեն ճաշում էին զինվորները: Ողջունեցի, ասացի ավանդական դարձած նախադասությունները, որ գալիս եմ հեռավոր Լապլանդիայից, բերել եմ նվերներ, բայց ներողություն եմ խնդրում, որ Ձյունանուշը հետս չէ, քանի որ ներելի է` Ձյունանուշը գտնվում է զինվորական ծառայության մեջ»,- հիշում է Արցախը: Առհասարակ, Ձյունանուշի հարցը միշտ էլ խնդրահարույց է եղել: Ձյունանուշ չէր հաջողվում գտնել:
«Հերթական անգամ, երբ պետք է հրամանատարի հետ քննարկեինք Ձմեռ պապի անակնկալ այցելության հարցը, ես նրան հարցրեցի, . «Լավ, ամեն ինչ քննարկեցինք, որոշեցինք, բա Ձյունանուշի հարցը՞»: Նա էլ ասաց, որ Ձյունանուշ չկա, երևի թե մի տղայի խնդրեն Ձյունանուշի դերը տանի: Շատ փնտրեցին, բայց տղա-ձնունանուշների թեկնածուները մեկը մեկից առնական էին, խիտ հոնքերով, սափրված մաշկով: Ձմեռ պապն էլ որոշեց` ավելի լավ է մենակ, քան` տգեղ Ձյունանուշով:
Այստեղ, արցախյան զորամասերում, ոչ ոք քմահաճ չէ: Բոլորն էլ պատրաստ են աղքատիկ տեսքով, փոքր, հին տոնածառ ունենալ, պատրաստ են նվերների ու Ձյունանուշի բացակայությանը, միայն թե լինեն ուրախ և ծառայեն խաղաղության պայմաններում:
Այս տարի էլ, բոլոր տարիների պես, զորամասում ամանորը դիմավորեցին տոնական սեղաններով: Տոնական սեղանը ավանդական խորովածն է, շոկոլադե սալիկները, քաղցր հյութերը: Կենացներն էլ` բոլոր տարիների պես` առաջինը հիշում են հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոս տղերքին, մեկ անգամ ևս վերհիշում նրանց կերպարը, հաջորդ կենացը, բնականաբար, խաղաղության կենացն է: Թող բոլոր տարիները Հայաստանում ու Արցախում խաղաղ լինեն: