Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան Գենա Առուշանյանը: Նրա խաղացած բազմաթիվ դերերից մեկն անփոփոխ Ձմեռ պապիկի դերն է: Այդ դերի, դրա հետ կապված կյանքի զավեշտների, պատերազմի թողած հուշերի մասին է կիսվել երիտասարդ դերասանը:
«88-ին, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես 6 տարեկան էի:Դպրոց պետք է հաճախեի Մարտակերտում, բայց այդ հնարավորությունը ի չիք դարձավ պատերազմի պատճառով: Մեր ընտանիքը ստիպված էր 5 երեխաներին դուրս հանել թեժ կետից` տեղափոխելով Աբովյան քաղաք: Տեղափոխվելու ճանապարհին, Քարվաճառով էինք մեկնում: Այդտեղ «Կատյուշա»-ի գրադ կայանները արդեն կրակում էին: Եվ որպեսզի երեխաները շատ չվախենան, մայրս ասաց. «Յեշի բալաս, սալյուտ ա է, սալյուտ»: Ամեն պայթյունից ու կրակոցից, երեխա կար, որ գոռում էր, վախենում էր, լացում էր, ես էլ ուրախանում էի, քանի որ մայրս ասել էր, որ դա հրավառություն է: Ես էլ հրավառություն երբեք տեսած չկայի: Գիտեի, որ հրավառությունը լինում է այն ժամանակ, երբ գալիս է Նոր տարին, և այն կարելի դիտել միայն հեռուստացույցով` ռուսական ORT-ով, երբ նոր տարվա գալուստը նշանավորվում է հայտնի «սալյուտ»-ով:Այնպես որ, պատերազմի այդ հրետակոծությունը իմ տեսած առաջին հրավառությունն էր»,- հիշում է Գենա Առուշանյանը:
Մանուկ հասակում չի էլ հասցրել Ձմեռ պապի տեսնել, պարզ պատճառով. իրենց Ձմեռ պապը մեկնել էր ռազմաճակատ:
«Ձմեռ պապի չեմ տեսել մանուկ հասակում: Հավանաբար, Ձմեռ պապիկը չուներ այդ տրամադրությունը:Ձմեռ պապի մեկ անգամ եմ տեսել, Աբովյանում, դպրոցի միջոցառման ժամանակ: Ես կանգնել եմ նրա դիմաց ու ասել «Ես քեզ չեմ հավատում»: Ձմեռ պապը հարցրել է. «Ինչու՞ բալիկ ջան», ասել եմ. «Եթե դու իսկական Ձմեռ պապ լինեիր, դու պետք է վերացնեիր պատերազմը»: Նա էլ գլուխս շոյել է ու ասել. «Գիտե՞ս, ես իսկական Ձմեռ պապը չեմ, ես նրա փոստատարն եմ, այ դու ինչ փոխանցես, ես կտանեմ նրան կհասցնեմ: Ձմեռ պապիկը աշխարհում մեկ հատ է, իսկ բալիկները` շատ են»: Ես իհարկե ամբողջությամբ հավատացի նրան, տրվեցի այդ հեքիաթին»,- պատմում է Գենա Առուշանյանը:
Ահա ճակատագրի բերումով Ձմեռ պապիկի հրաշագործությանը չհավատացող մանուկը մեծանում է ու դառնում Ձմեռ պապ: Եվ երբ որ երեխաները հերթական անգամ նրան շրջապատում են ու ասում, որ չեն հավատում Ձմեռ պապիկին, դերասանը ասում է այն նույն խոսքերը. «Այո, ես իսկական Ձմեռ պապ չեմ, ես նրա փոստատարն եմ: Կա մեկ իսկական Ձմեռ պապ, ով չի հասցնում երկա լինել բոլոր մանուկների միջոցառումներին»: Եվ ինքնաբերաբեր, Ձմեռ պապու կերպարը ասոցացվում է Աստծո կերպարի հետ` բարի ծերունի, ով իրականացնելու է բոլոր մանուկների երազանքները:
Գենա Առուշանյանը Ձմեռ պապիկի կերպարանքով լինում է զորամասերում, որտեղ զինվորները արդեն մեծավարի են ընդունում նրան, որպես ուրախության խորհրդանիշ` մաղթելով. «Ձմեռ պապ, ախպերս, ցավտ տանիմ, միշտ տու ինիս, միշտ սահնակդ այ տենց սահի»: Եղել են նաև հումորային դրվագներ, երբ Ձմեռ պապիկի կեղծամը այնքան մեծ էր, որ պարելու ժամանակ գլխի վրա պտտվել է կողքի: Զինվորներից մեկն էլ կատակել է. «Ձմեռ պապ, կասկատ դուզուցնի՞մ»:
Գենա Առուշանյանը հիշում է ապրիլյան պատերազմի տարին, երբ էլի որպես Ձմեռ պապ մեկնել էր Թալիշ: Այնտեղ տոնածառի շուրջ հավաքվել էին գյուղում մնացած մի խումբ երեխաները և սպաների, զինծառայողների երեխաները, ամբողջ հրամկազմը, նախագահ Բաո Սահակյանը, և էլի մի խումբ պաշտոնյաներ:
«Գալիս է Ձմեռ պապին կանչելու պահը: Այդ պահին Թալիշի երեխաներից մեկը մի երկու հատ «խլապուշկա»-ներից է պայթեցնում: Այդ ուրախ պահին, մի ակնթարթ, կտրուկ տիրեց վախվորած լռություն: Զինծառայողներից մի քանիսը վազեցին տարբեր ուղղություններով, պարզելու` դա ինչ ձայն էր: Բոլորը մի պահ սառել էին,հասկանալի է, թե ինչու: Հետո իհարկե միացրեցին երաժշտություն, ես, որպես Ձմեռ պապ ներս մտա, ուրախությունը շարունակվեց, բայց զավեշտը նրանում է, որ ուրախության հետ առկա էր պատերազմի կրակոցների ձայների սարսուռը: Պատերազմի սարսափը մեր կողքին աննկատ քայլում է»,- ասում է դերասանը:
Եվ ահա, ի՞նչ է ստացվում. ցոփ ու շվայտ, անհոգ ու բարեկեցիկ աշխարհի կողքին կա մեկ ուրիշ աշխարհ` Արցախ անունով, ուր երեխաների տեսած հրավառությունը հրետակոծության լույսերն են, ուր տաքանալու միակ հնարավորությունը չոր սպիրտն է, և ուր Նոր տարվա ուրախության հետ աննկատ քայլում է պատերազմի սարսափը: Խաղաղություն աշխարհին և Արցախին:
Զրուցեց Մելանյա Մելքումյանը