կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-05 13:39
Հասարակություն

Ինչո՞ւ է Ձմեռ պապը երթեւեկում եղնիկներով, այլ ոչ թե «Բենթլի»-ով. Թեւան Պողոսյանը պատասխանը գիտի

Ինչո՞ւ է Ձմեռ պապը երթեւեկում եղնիկներով, այլ ոչ թե «Բենթլի»-ով. Թեւան Պողոսյանը պատասխանը գիտի

Yerkir.am-ի ամանորյա հումորային հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

-Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է:

-Նոր տարվա խորհուրդը ընտանեկան ուրախությունն է: Ընտանիքն այն տեղն է, որտեղ մարդիկ պետք է իրենց զգան ապահով և չմտածեն, թե խայտառակ են եղել, այլ` միասին քեֆ են արել: Այնպես որ` եթե առավոտ շուտ բոլորն ուրախ, զվարթ, խինդ ու ծիծաղով քեզ են քննարկում, ու դու նույնպես ուրախ ես ու զվարթ, ուրեմն տանդ Նոր տարի ես նշել:

-Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով։

-Դե, եղնիկներով կարող է նաև օդով շարժվել և տեսախցիկ-արագաչափերից խուսափել, ճիշտ «Բենթլի»-ի նման:

-Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրել, թե՞ տնտեսական աճ։

-Առողջություն` հարազատներիս, ու խաղաղություն` երկրիս: Ընդդիմադիրի մանդատով տնտեսական աճ բերելն, իհարկե, մի քիչ դժվար է, իսկ առողջությունը քայքայել՝ ընդհակառակը, շատ հնարավոր է:

-Ամանորի գիշերը երազանք պահեցի՞ք, որ ինչ-որ գործիչ խորհրդարանում այլևս չհայտնվի 2017-ի ընտրություններից հետո։

-Երազելու այնքան լավ բաներ գիտեմ, որ հերթը խորհրդարանին չի էլ հասել: Այնպես որ` թույլ տվեք` ես իմ երազանքներն ունենամ, այլ ոչ թե` ուրիշների:

-Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, տարածվե՞ց Ձմեռ պապի բերած նվերների վրա։

-Դե, եթե մարդիկ բեռնատարով շաքարավազ, բանան կամ գնացքով բենզին ու այլ մոնոպոլ բաներ չուզեն, իհարկե, կարող է հանգիստ բերել: Այս հարցում եկեք Ձմեռ պապիկին վատ վիճակում չդնենք. բաներ ուզեք, որ այդ մարդուն նեղը չգցեք, ու իր գործը հանգիստ անի, գնա:

-Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին։

-Այդքան չեմ խմել, որ այդ գեղեցիկ տոնը համեմատեմ որևէ այլ բանի հետ: Նոր տարին չեն համեմատում, այլ մաղթում են` բարի լինի:

-Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել:

-Նայած` ինչ ենք խմում, ինչ ենք ուտում, և ում մոտ եմ գնացել:

-Երազանքների Ձյունանուշը, ում կողքին Ձմեռ պապ կլինեիք։

-Ես ինձ մենակ մեկ Ձյունանուշի կողքին եմ Ձմեռ պապ պատկերացնում՝ մեր տան Ձյունանուշի: Այնպես որ` երազանքս կատարվել է այդ հարցում:

-Ամենամեծ դասը, որ քաղեցիք 2016-ին:

-Կյանքը պետք է ապրել ու ապրել դուխով:

-Տոներից հետո կշռվո՞ւմ եք:

- Անիմաստ է: Առանց կշռվելու` պետք է դիետա պահել: