կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 10:22
Հասարակություն

Էկլեկտիզմից դեպի ավանտյուրիզմ. «Հայոց աշխարհ»

Էկլեկտիզմից դեպի ավանտյուրիզմ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» գրում է. «2018 թվականի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումների ու կորուստների տարեվերջյան ավանդական հաշվեկշիռը կազմելով, դժվար չէ նկատել, որ, նախորդ տարիների հանգույն, այսօր ուղղակի անհնար է սահմանել այդ զույգ նժարների գոնե մոտավոր հարաբերակցությունը։

Եթե մի կողմ թողնենք 2018 թվականի նախաիշխանափոխության ամիսները, ապա առնվազն 2018 թվականի մայիսի 8-ից սկսած, երբ Հայաստանում փոխվեց երկրի գործադիր իշխանությունը, արտաքին քաղաքականության ասպարեզում ականատես եղանք մի այնպիսի բացասական սալդոյի հետ, որ այն ուղղակի հնարավոր չէ հակակշռել Արեւմուտքի որոշ երկրների հետ հարաբերություններում գրանցված մակերեսային եւ ակնհայտորեն ֆոնային բնույթ ունեցող «ձեռքբերումների» միջոցով։

Այո՛, ընթացիկ տարվա երկրորդ կեսին, մանավանդ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում եւ հոկտեմբերին դրան հաջորդած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում, շատ քաղցր խոսքեր են ասվել Հայաստանի նոր ղեկավարության հասցեին, որին Նյու Յորքում հաջողվել է անգամ ճեմել ԱՄՆ նախագահի ու իր տիկնոջ հետ, բայց դրանից հետո Դոնալդ Թրամփն այդպես էլ չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, փաստ, որն ինքնին շատ բան է վկայում։

Եթե դրան գումարենք նաեւ «տարածաշրջանային ինսպեկցիայի» շրջանակներում Երեւան ժամանած ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հրապարակավ հայտնած լուրջ կասկածները Նիկոլ Փաշինյանի «հաջողության գաղտնիքի» շուրջ, ապա կարելի է եզրակացնել, որ մեզանում արեւմտամետի համարում ունեցող նոր իշխանությունները Արեւմուտքում առայժմ ընկալվում են սոսկ որպես անհայտ ծագում ու կարճատեւ կյանք ունեցող գույնզգույն թիթեռնիկներ։

Եվ դա Արեւմուտքի հետ հարաբերություններում, որովհետեւ մյուս բնագավառներում բացակայում է նաեւ նման գեղեցիկ, բայց դիվանագիտական գործելակերպի տեսանկյունից անպտուղ շղարշը։

Իսկ մյուս բնագավառներում վերջին 8 ամիսներին գործ ենք ունեցել նոր վարչապետի իշխանության գալու պահին ներկայացված ակնհայտորեն էկլեկտիկ արտաքին քաղաքական դոկտրինի իրականացման անհաջող փորձերի հետ, որը հիմնվում էր ուժի համաշխարհային բոլոր ազդեցիկ կենտրոնների եւ միաժամանակ մեզ ճանաչող բոլոր հարեւանների հետ «համընդհանուր ախպերության» հայեցակարգի վրա։

Այսինքն՝ նոր վարչապետը դեկլարատիվ հայտարարում էր, որ Հայաստանը չի ցանկանում նրանցից մեկնումեկի հետ իր հարաբերությունները կառուցել ի հաշիվ մյուսի՝ առանց որեւէ կոնկրետ առաջնահերթության սահմանման։

Այս «համընդհանուր ախպերության» դեկլարատիվ հայեցակարգը Ն.Փաշինյանի վարչապետության հենց առաջին օրերից անորոշություն է ստեղծել նախեւառաջ մեր ավանդական բարեկամների հետ հարաբերություններում։

Ուստի սկսած մայիսի 14-ից, երբ նորընտիր վարչապետը իր առաջին այցը կատարեց Ռուսաստան, ընդհուպ մինչեւ դեկտեմբերի 27-ը, երբ Ն.Փաշինյանին կրկին սպասում են Մոսկվայում նրա ստեղծած խառնաշփոթից գլուխ հանելու համար, հայ-ռուսական հարաբերությունները մնում են, այսպես կոչված, «օդից կախված վիճակում»։

Պատճառն այն է, որ այդ ընթացքում Հայաստանի վարչապետը ասել է մի բան, բայց արել է մեկ ուրիշ բան։ 

Այսպես. սկզբում թվում էր, թե Ռուսաստան կատարած նրա առաջին այցը հստակություն է մտցրել Հայաստանի արտաքին քաղաքականության ժառանգորդությունն ապահովելու եւ հայ-ռուսական հարաբերություններում անցած տասնամյակների ընթացքում առկա ձեռքբերումները պահպանելու հարցում։

Որովհետեւ Ն.Փաշինյանն այդ օրերին դեկլարատիվ վերահաստատել էր մեր երկրի հավատարմությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաեւ երկկողմ հայ-ռուսական հարաբերություններում ձեռք բերված պայմանագրային պարտավորություններին եւ առերեւույթ հրաժարվել էր ներքաղաքական վենդետայի փորձերից։

Բայց, դրան զուգահեռ, անցած ամռան ընթացքում կատարեց այնպիսի քայլեր, որոնք հաջորդաբար կասկածի տակ դրեցին այդ պարտավորությունները։ Դրանց երկար շարքը մեկ առ մեկ չթվարկելու համար հիշեցնենք միայն 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների քննության ընթացքում տեղի ունեցած ձերբակալությունները, որոնցից առավել աղմկահարույցը կապված էր ՀԱՊԿ-ն գլխավորող գեներալ Յու.Խաչատուրովի անվան հետ։ 

Բնականաբար տարածաշրջանային անվտանգության համար պատասխանատու նման պաշտոնյայի ձերբակալությունից հետո Մոսկվայից սկսեցին մերոնց հիշեցնել, որ նախկին իշխանությունների հետ կապված իրենք ուրիշ պայմանավորվածություններ ունեն Հայաստանի վարչապետի հետ։ Դե, նա էլ վերցրեց ու սկզբում բաց թողեց Յու.Խաչատուրովին, իսկ հետո՝ պատանդի վիճակում հայտնված նախկին նախագահ Ռ.Քոչարյանին։

Բայց առաջինի հարցով միջազգային սկանդալն արդեն պայթել էր, իսկ երկրորդի հետ կապված՝ մի քանի ամիս անց, նա նորից խաբեց իր ռուսաստանցի գործընկերներին, քանի որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից առաջ մի նոր շոու բեմականացնելու կարիք էր զգում։

Այնպես որ ստեղծված իրավիճակից օգտվեցին Բելառուսն ու Ղազախստանը, որոնք մինչ այդ էլ աշխատում էին մեր դեմ Ադրբեջանի անմիջական հուշարարությամբ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մեր հակառակորդ Ադրբեջանի համար վերածվեց Հայաստանի ղեկավարությանը ուրիշի ձեռքերով պատժելու գործիքի։

Մեր երկրի ղեկավարության սխալից օգտվելով՝ բելառուսական Բատկան փաստորեն «հեռակա բիզնես» է անում Ադրբեջանի ժառանգական տիրակալի հետ՝ իր թեկնածու Ստանիսլավ Զասին հերթով պտտելով միջինասիական երկրներով ու ստանալով նրանց հավանությունը։

Ու մինչ մերոնք խոսում են կոնսենսուսի մասին, աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ եթե դեկտեմբերի 27-ին Ն.Փաշինյանը լեզու չգտնի նաեւ Ռուսաստանի ղեկավարության հետ, ապա իրական է դառնալու «կոնսենսուս մինուս 1-ը»։ 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: