Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց աշխարհի կենդանական աշխարհը խիստ բազմազան է, եւ, չնայած այն բանին, որ վերջին տարիներին որոշ հազվագյուտ տեսակներ հասցրել են անհետանալ, նրանց փոխարինելու են եկել ուրիշ՝ է՛լ ավելի հազվագյուտ ու բացառապես մեր երկրում հանդիպող տեսակներ։
ԲԱԺԻՆ 1. ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԳԻՇԱՏԻՉՆԵՐ
Քաղաքական գործիչ՝ սովորական, հաստակաշի։ Տեսակը՝ մարդակերպ, դասը՝ մակաբույծներ, կարգը՝ վնասատուներ։ Առաջացել է առնետի ու քամելեոնի խաչասերումից։ Բնակվում է հասարակ մարդու համար դժվարամատչելի վայրերում։ Առավել խոշոր առանձնյակները տարվա ցուրտ եղանակին ծածկվում են թանկարժեք մորթով կամ տեղափոխվում տաք երկրներ։ Բավական ագրեսիվ է. նույնիսկ գտնվելով հանգիստ վիճակում, թքում է բոլորիս վրա։ Բնորոշ նշանը. ինքնասիրահարվածություն ու խույս տվող աչքեր։
Չինովնիկ՝ գորշ։ Կարգը՝ անողնաշարավորներ, ընտանիքը՝ անատամներ (թեեւ, եթե հարցը վերաբերում է անձնական շահին, տեղնուտեղը հայտնվում են բազմաթիվ սուր ատամներ՝ ինչպես պիրանիայի մոտ)։ Երբեմն գլխավորում է իր նմանների մի ամբողջ ոհմակ։ Սնվում է հիմնականում կաշառքներով, վարկերով, բյուջեի համեղ պատառներով։ Խոսում է կցկտուր, բայց հեշտությամբ ենթարկվում է վարժանքի եւ օժտված է շրջակա միջավայրի փոփոխությունների նկատմամբ ֆենոմենալ հարմարվողականությամբ։
Գործարար՝ խոշոր, փայլուն։ Տեսակը՝ կասկածամիտ, դասը՝ իշխող, ընտանիքը՝ ապահովված։ Հայոց աշխարհում հանդիպում է հիմնականում ազատության մեջ։ Զգուշավոր է. զգալով վտանգը, թաքցնում է ավարը օտարերկրյա բանկերում։ Ընտանիքը բավական մեծաթիվ է, նրանց դյուրին է ճանաչել արտաքին տեսքից, դղյակներից, մեքենաներից ու թիկնապահների քանակությունից։ Գտնվելով ազատազրկման մեջ, ձեռք է բերում զոլավոր գունավորում։ Առանձնակի խոշոր նմուշների որսի արտոնագրերը տրվում են միայն նախագահականում։
ԲԱԺԻՆ 2. ՍՏՈՐԱԿԱՐԳ ԽՈՏԱԿԵՐՆԵՐ
Գյուղացի՝ միջակ, գազազած։ Տեսակը՝ անգիտակից, դասը՝ ընչազուրկ, ընտանիքը՝ դժգոհ։ Գնալով ավելի հաճախ է հանդիպում բողոքի ակցիաներում եւ ավելի հազվադեպ՝ դաշտերում։ Շատ է սիրում դժգոհել, ինչպես նաեւ պարարտանյութեր, թունաքիմիկատներ, սերմացու, ոռոգման ջուր, արտոնյալ վարկեր։
Քաղաքացի՝ պտավոր, պարկավոր։ Տեսակը՝ բազմազան, դասը՝ թերահավատ։ Կյանքի մեծ մասն անցկացնում է սնունդ որոնելով։ Քմահաճ չէ. ուտում է՝ ինչ գտնի, ապրում՝ որտեղ պատահի։ Ունի անսահմանափակ քանակության պարկեր՝ ամենաանսպասելի ձեւերի ու չափերի, քանզի զբաղվում է մանր առեւտրով։ Ձմռան շեմին պաշարում է շաքար, ձավարեղեն, մուրաբաներ, թթվեղեն, աղածոներ եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Աշնանն ու ձմռանը պատվում է արհեստական կաշվով (հիմնականում՝ թուրքական արտադրության)։
Ղեկավար՝ ազնիվ եւ սկզբունքային։ Ցավոք, տվյալ տեսակի նկարագրությունը գիտական գրականության մեջ բացակայում է, քանզի հայոց աշխարհի տարածքում այն գրեթե բնաջնջված է։ Տվյալ տեսակի թվաքանակը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է նրա համար ապահովել ազատ, շղթայազերծ կացություն եւ օրենսդրական կարգով արգելել նրա որսը։ Իսկ այն տեսակները, որոնք կխոչընդոտեն դրան՝ գրանցել «Կարմիր գրքում», որն էլ այնուհետ այրել։
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին