կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-24 19:58
Արցախ

Արցախի պետնախարարը կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ է անցկացրել

Արցախի պետնախարարը կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)-ի՝ գալիք տարի հունիսի 3-15-ը Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքները:

Պետական նախարարը բացման խոսքում նշել է, որ հեղինակավոր մարզական միջոցառումը լավ առիթ է լինելու մեծ թվով օտարազգի զբոսաշրջիկների և լրագրողների այցի համար, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը այն հավուր պատշաճի ընդունելու և անցկացնելու համար: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նախապատրաստական փուլի բոլոր քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում կատարված աշխատանքները գնահատելու և անելիքները ճիշտ պլանավորելու առումով:

Հանդիպման ընթացքում առանձին զեկուցումներով հանդես են եկել պետական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը: Մասնավորապես նշվել է, որ մայրաքաղաքում, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի շրջկենտրոններում պետական և բարեգործական միջոցներով այս օրերին ակտիվ ընթանում են մարզադաշտերի կապիտալ վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքները: Կազմակերպչական բնույթի այլ գործառույթների հետ կապված աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի և CONIFA-ի առաջադրած տեխնիկական պահանջերի: Քննարկվել են առաջնության նպատակով տեղեկատվական նյութերի ու գովազդային տեսահոլովակների պատրաստման, այցելուների համար հյուրանոցների ու տրանսպորտային միջոցների ապահովման և մի շարք այլ հարցեր: 

Առաջարկություններ են եղել նաև միջոցառման անցկացման ծրագրերի կազմման գործում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման առումով:

Նիստի ընթացքում նշվել է նաև, որ առաջնությանը մասնակցելու համար արդեն հայտեր են ներկայացրել մոտ երկու տասնյակ ֆուտբոլային հավաքականներ, որոնցից, սակայն, տարեսկզբին Լեհաստանում նախատեսված Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում վիճակահանությամբ ընտրվելու են 12-ը:

 Պետական նախարարը բավարար է գնահատել կատարված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ նույն ինտենսիվությամբ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարվանից: