կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-24 15:17
Քաղաքական

Լուկաշենկոն ի՞նչ գիտի՝ Պուտինի հետ բանակցություններում ով ինչ է ասել, դա նրա ենթադրություններն են. Մանոյանը՝ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին

Լուկաշենկոն ի՞նչ գիտի՝ Պուտինի հետ բանակցություններում ով ինչ է ասել, դա նրա ենթադրություններն են. Մանոյանը՝ Լուկաշենկոյի  հայտարարությունների մասին

Պետք չէ այլևս քաղաքական նպատակներով ինչ-որ բաներ ասել, արդեն իմաստ չունի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ մեկնաբանություններին:

«Ասվում է՝ գլխավոր քարտուղարը հայ էր, բայց չկարողացավ Բելառուսի կողմից Ադրբեջանին ինչ-որ զինատեսակի վաճառքի դեմն առնել, ուստի դա ի՞նչ իմաստ ունի: Սա խմբագրական գրել չէ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ-ի կողմից է, թե` ոչ, բայց մենք այդ իրավունքը մեր ձեռքից կորցրել ենք: Հիմա ստորագրվել է որոշման նախագիծ: Մյուս կողմից ասում են, թե բոլորը պիտի ստորագրեն, որի համար ժամկետ չկա, այսինքն՝ հնարավոր է ստացվի այնպես, որ մինչև Հայաստանի ժամկետի ավարտը շարունակի պաշտոնակատարը, և վերջում էլ պաշտոնը ստանձնի Բելառուսը»,- նշեց Մանոյանը:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի ակտիվությանը և հայտարարություններին, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն շեշտեց, որ նա անհեթեթ բաներ է ասում: «Օրինակ այն, որ ինքը Փաշինյանին հարցրել է, թե ինչու դու այս հարցերը Պուտինի մոտ չես արծարծում և այլն… Կարծես թե ինքը Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումներին ներկա է եղել, այդպես է խոսում: Բելառուսի նախագահը որտեղի՞ց գիտի, թե Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում ով ինչ է ասել, պարզ է, որ չգիտի, դա նրա ենթադրություններն են: Սրանով Լուկաշենկոն փորձում է վարկ ձեռք բերել Ադրբեջանի մոտ»,- ընդգծեց Մանոյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն իրենց շահերը և ՀԱՊԿ-ից դուրս իրենց առանձին հարաբերությունները Ադրբեջանի հետ, Հայաստանն էլ ունի իր շահերը և հարաբերությունները տարբեր երկրների հետ, որոնք կարող է չհամապատասխանեն ՀԱՊԿ մյուս անդամ երկրների շահերին, բայց երբ հարցը ՀԱՊԿ-ի գլխավոր էությանն է վերաբերում, այդ երկրներն այսքան բացահայտ, ակտիվ և ցցուն ձևով չպետք է լինեին Ադրբեջանի լոբբիստները: «Սա կասկածի տակ է առնում նրանց անկեղծությունը՝ որպես ՀԱՊԿ գործընկեր»,- ամփոփեց Մանոյանը՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ, ԼՂ հարցի վրա չի ազդի: