կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-08 20:00
Հասարակություն

Տպավորիչ էր, երբ Հայաստանի օրենսդիր մարմնում հնչեց ՀՅԴ-ի վերադարձի մասին հայտարարությունը․ Կիրո Մանոյանը՝ 36 տարի առաջ կատարված պատմական դրվագի մասին

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։ Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և անսակարկ։ 1988-ի ազգային-ազատագրական պայքարը նոր հանգրվան էր Դաշնակցության համար։ Դաշնակցությունը՝ «Դեպի Երկիր» կարգախոսով որդեգրեց իր նոր երթը՝ վերադառնալով Հայրենիք և մասնակիցն ու դերակատարը դառնալով Արցախի ազատագրական պայքարի ու Հայրենիքի անկախության վերակերտմանը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեի նախաձեռնությամբ կուսակցական ընկերներն այսօր Եռաբլուրում նշանավորեցին պատմական օրն ու առիթը։  ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ելույթ ունեցավ, որը ներկայացնում ենք ստորև, իսկ նրա հետ հարցազրույցն առաջարկում ենք դիտել մեր տեսանյութում։  

Կիրո Մանոյանի ելույթը


«1990 թվականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, եւ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Խորհրդային Հայաստանում։ Իր 12-րդ Ընդհանուր ժողովում, 1933 թվականին, Դաշնակցությունը  որոշել էր լուծարել Խորհրդային Միությունում իր կազմակերպությունը, որը շարունակել էր գործել 1921 թվականից հետո եւս։

1988 թվականի օգոստոս ամսին գումարված ՀՅԴ 24-րդ Ընդհանուր ժողովը «Դէպի Երկիր»ը ճշտել էր գլխավոր ուղեգիծ, Ղարաբաղյան շարժման եւ ընդհանրապես Խորհրդային Միությունում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո։ Վերընձյուղման քայլերը սկսել էին մի քանի ամիս անց եւ ավելի մեծ թափ հավաքել 1989 թվականին։ 1990 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունը ՀՅԴ Բյուրոն կատարեց խորհրդակցելով Խորհրդային Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արդեն գործող կազմակեպական մարմինների հետ։

Ինչպես Միքայէլ Վարանդեանն էր գրել մեկ դար առաջ Դաշնակցության հիմնադրության մասին, 1990 թվականին եւս, կային դաշնակցականներ երբ տակավին չկար դաշնակցական կառույց։ Խոսքը այնպիսի գաղափարի զինվորների մասին է, ովքեր ունեին հեղափոխական նկարագիր, գիտակցված հայրենասիրություն եւ պատրաստակամություն՝ իրենց առավելագույնը տալու այդ ճանապարհին։ ՀՅԴ կազմակերպական վերընձյուղումը հայ ժողովրդի այդ զավակներին տվեց հնարավորություն իրագործելու իրենց այդ նպատակները։ 1990 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից ընդամենը ամիսներ անց, Դաշնակցության կազմած ջոկատները արդեն Արցախում գործում էին։ Հաջորդող 3-4 տարիներին, այդ ջոկատները առանցքային դեր ունեցան Արցախի ազատագրման մարտերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ձեւավորման գործում։ Այդ ջոկատներում երդվյալ դաշնակցականներ մեծամասնություն էին, բայց կային նաեւ ոչ-երդվյալներ։ Միասնաբար, այդ բազմահարյուր նվիրյալները իրենց ներշնչումը ստացել էին ոչ միայն Դաշնակցության առաջին երեսնամյակի մարտական նվիրյալներից, այլ նաեւ իրենց ժամանակներին մոտ՝ նորօրյա ազատամարտիկներից։

Արցախյան ազատամարտի առաջին տարիներին, այդ առաջամարտիկներից հարյուրավորներ զոհվեցին։ Նրանց այդ զոհողությունը ներշնչեց իրենց հաջորդող սերունդներին, ովքեր մասնակցեցին, նաեւ զոհվեցին հետագա, հատկապես 2016 թվականների եւ 2020-ականների կռիվներում, արդեն այլ կազմակերպական դրվածքով, հաշվի առնելով հայոց բանակի առկայությունը։

Այդ հարյուրավոր նահատակները, սակայն, միայնակ չէին կռվում. նրանց հետ, կողք-կողքի, հայրենի հող ազատագրած, հայրենիքը պաշտպանած շատեր կան, որոնք ճակատագրի բերումով չզոհվեցին. վստահ եմ, նրանցից ոմանք նաեւ այսօր, այստեղ մեր հետ են, իրենց համեստ պահվածքով։

Այսօր, մեր հայրենիքը, հետեւաբար նաեւ մեր ժողովուրդը գտնվում ենք շատ ծանր իրավիճակում։ Ժամանակավորապես կորցրել ենք մեր հայրենիքի մեկ մեծ բաժինը՝ Արցախը. մեր հայրենի պետության՝ Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքներ գրավված են թշնամի պետության կողմից, իսկ այլ ռազմավարական տարածքներ գտնվում են թշնամու ուղղակի սպառնալիքի տակ։ Եւ այս իրավիճակի պատճառներից եւ սպառնալիքներից մեկը կեղծ գաղափարախոսությամբ քաղաքական այն խմբակն է, որ արդեն ութ տարի է, որ իշխում է մեր երկրում։

Թեեւ ծանր է վիճակը, մեծ են ներքին եւ արտաքին սպառնալիքները, բայց մենք վհատելու իրավունք չունենենք։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականություն, հայկական անկա՛խ պետություն, պայքարը շարունակելուց բացի այլընտրանք չունենք։ Պայքարի միջոցները կարող են լինել տարբեր, պատշաճեցված տվյալ պահի պայմաններին եւ հնարավորություններին։ Բայց պայքարի նպատակը նույնն է, չի կարող փոխվել, այն է ստեղծել այնպիսի ազգային պետություն, որ կարող է բարոր կյանք ապահովել իր բնակչությանը, կարող է տիրություն անել մեր ժողովրդին՝ համայն հայ ժողովրդին, կարող է պաշտպանել մեր հավաքական իրավունքները։

Պայքարի միջոցները կարող են փոխվել, բայց այդ պայքարին նվիրվածությունը պետք է լինի ճիշտ այնպես, ինչպես կռվի դաշտերում եղել էմեր նահատակների եւ առհասարակ մարտիկների նվիրվածությունը՝ ամբողջական։ Այդ նվիրյալների օրինակը, զոհվածների եւ ողջ մնացածների օրինակը, պետք է առաջնորդի մեզ մեր պայքարում։

Ինչպէս Քրիստափոր Միքայէլեանն է ասել.«Յարատեւ կռիւ—յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող՝ չնայած երբեմն նույնիսկ իր լայն ծաւալին,— ահա թե ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանե՛նք շարունակե՛նք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակւի, եւ ընդարձակւելով՝ յարատեւի—ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը»:

Այսօր, այս վեհ բայց ճնշող ուխտավայրում, մեր բոլոր նահատակների առաջվերանորոգենք մեր պայքարի, հարատեւ եւ անմնացորդ նվիրումով պայքարի ուխտը»։