Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք ստացած, առողջական խնդիրներ ունեցող զինհաշմանդամներն են մեր նոր ծրագրի թիրախում. yerkir.am-ի հետ զրույցում «Երևան, իմ սեր» հիմնադրամի նոր ծրագրի մանրամասները ներկայացրեց տնօրեն Արշակ Կարապետյանը:
Ըստ նրա` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Զինծառայողների աջակցության հիմնադրամ այցելություններից հետո, քննարկվեց այդ երիտասարդների համար վերականգնողական, կրթական ծրագրեր իրականացնելու հարցը, որպեսզի նրանք կարողանան լիարժեք մասնակցել հասարակական կյանքին, ունենան գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան սեփական աշխատանքով արժանապատվորեն գումար վաստակելու: Դրա առաջին օրինակն, ըստ Կարապետյանի, եղավ այն, որ այդ տղաներից մեկն աշխատանքի ընդունվեց ՀՀ նախագահի աշխատակազմում: Գաղափարը զարգացնելով` «Երևան, իմ սեր» հիմնադրամը զինհաշմանդամների համար իրականացնում է ծրագրերի շարք:
«Առաջին ծրագրում ընտրված տղաները մոտ 10 հոգի են: Նրանց համար կազմակերպվելու են ֆոտո և վիդեո դասընթացներ, նաեւ սովորելու են աշխատել այն ծրագրերով, որոնք անհրաժեշտ են ֆոտո եւ վիդեո մոնտաժման համար: Դասավանդելու են հանրապետության լավագույն մասնագետները»,- ասաց Արշակ Կարապետյանը` ընդգծելով, որ ծրագրի տևողությունն առնվազն երեք ամիս է լինելու, դասերն անցկացվելու են շաբաթական մի քանի անգամ: Տեսական դասերից բացի, տղաների համար կազմակերպվելու են պրակտիկ հմտություններ:
Հիմնադրամի տնօրենի խոսքով` դասընթացի ավարտից հետո լավագույն մասնակիցները ոչ միայն խրախուսական մրցանակներ կստանան, այլև կունենան աշխատանք:
«Երևան, իմ սեր»-ի հաջորդ ծրագիրը վարպետության դասերն են սոցիալական խնդիրներ ունեցող կամ անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար: Ծրագիրը կոչվում է «Վարպետաց դպրոց»: Արշակ Կարապետյանն ասաց, որ տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներն իրենց փորձը, հմտութունները փոխանցելու են երիտասարդ սերնդին: Առաջին ծրագիրն իրականացվում է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ: Արդեն մի քանի շաբաթ է` «Երևան, իմ սեր» հիմնադրամի դահլիճում մոտ 50 երեխա կատարելագործում է հմտությունները նկարչության ոլորտում: Այս ծրագրի տևողությունը ևս նվազագույնը երեք ամիս է:
Ծրագրերին զուգահեռ, հիմնադրամի ուշադրության կենտրոնում է նաև Գյումրիի Երկրագիտական թանգարանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրի էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա եղել էր նաև Գյումրու նախկին հիվանդանոցներից մեկի շենքում, որը կառավարության որոշմամբ հանձնվել է Շիրակի Երկրագիտական թանգարանին, սակայն, որպես մշակութային օջախ, հարմարություններ չունի, իսկ ներսից նման է ավերակի:
Ուստի, հենց այնտեղ Արմեն Սարգսյանը` որպես «Երեւան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ, հայտարարել էր, որ թանգարանի ճարտարապետական նախագծի իրականացման աշխատանքների ծախսերը կստանձնի հիմնադրամը: Yerkir.am-ի հետ զրույցում Արշակ Կարապետյանն ասաց, որ այս առումով հիմնադրամը համագործակցում է ՇԵԹ-ի և ՀՀ կառավարության հետ, շուտով նախագծերն ու էսքիզները կներկայացվեն հանրությանը:
Ի դեպ, «Երեւան, իմ սեր»-ը դիտարկում է նաև Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարանի տարածքի բարելավման, լուսավորության հետ կապված խնդիրների վերացման հարցերը: