Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Յուքոմ» ընկերությունը, որը մատուցում է ինտերնետ կապի, ֆիքսված հեռախոսակապի ու կաբելային հեռուստատեսության ծառայություններ, դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` բջջային կապի օպերատորություն անելու թույլտվություն եւս ստանալու համար: Այսօր երեկոյան հանձնաժողովը կքննարկի ընկերության դիմումը եւ կհրապարակի իր եզրակացությունը` թույլատրե՞լ «Յուքոմ»-ին մատուցել բջջային կապի ծառայություններ, թե՞ ոչ: Yerkir.am-ին այս մասին ասաց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի մասնագետ Աննա Բիշարյանը:
Նա չմանրամասնեց, թե բջջային կապի ծառայություններ մատուցելու ուղղությամբ մշակված քաղաքականություն ընկերությունն արդեն ունի՞, թե՞ ոչ եւ ի՞նչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ: Թե ինչ գներ ու տարիֆային քաղաքականություն կառաջարկի ընկերությունը բջջային օպերատոր դառնալուց հետո, նույնպես դեռ գաղտնի է պահվում, բայց մեր զրուցակիցը նշեց, որ նոր ու հետաքրքիր առաջարկներ կլինեն:
«Ճիշտն ասած` այդ տեղեկությունները դեռ հրապարակման ենթակա չեն: Այսօր երբ պարզ դառնա հանձնաժողովի պատասխանը, արդեն դրանից հետո քայլեր կձեռնարկվեն, ու մարդկանց տեղյակ կպահենք, թե ինչեր են սպասվում»,- նշեց Աննա Բիշարյանը` հավելելով, որ նախնական տեղեկություններ էլ չկան` կհաստատի՞ հանձնաժողովը ընկերության դիմումը, թե՞ ոչ:
Թեեւ ընկերության մարքեթինգի մասնագետը Yerkir.am-ին ասաց, որ «Յուքոմ»-ի` բջջային կապի ծառայությունների մատուցման ոլորտ մուտք գործելն այդ ոլորտում մրցակցային պայմանների վրա ազդեցություն կունենա, քանի որ ընկերության կողմից նոր փաթեթներ են մշակվելու, եւ շուկայում աշխուժություն է սպասվում, բայց այդպես էլ չմանրամասնեց, թե նոր փաթեթները կլինեն մյուս օպերատորների առաջարկած ծառայությունների ու փաթեթենրի առավել արդիական տարբերակնե՞րը, թե՞ բոլորովին նոր առաջարկներ:
Yerkir.am-ի խնդրանքով` Աննա Բիշարյանն անդրադարձավ նաեւ «Յուքոմի» նոր` ֆիքսված հեռախոսակապի 011 կոդով հեռախոսահամարների տրամադրման ծառայությանը: Նա տեղեկացրեց, որ դա քաղաքային ֆիքսված հեռախոսակապի կոդ է, որը այլընտրանք է 010 կոդով քաղաքային ֆիքսված ցանցի հեռախոսահամարներին:
Հետաքրքրվեցինք, թե ինչով է տարբերվում 060 կոդով համարներից, որոնք մնում են գործածության մեջ: «Այդ նոր ծառայությունը բավականին նոր առավելություններ է առաջարկում, ու բոլոր տվյալները կան կայքում. Իսկ ինչո՞ւ նոր բան չլինի»,- նշեց ընկերության մարքեթինգային մասնագետը:
Բաժանորդների թվի մասին Աննա Բիշարյանը տեղեկություններ չտրամադրեց` դա նույնպես կոմերցիոն գաղտնիք է, բայց, այնուամենայնիվ, նշեցին, որ բաժանորդների որոշակի հոսք կա: