կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-21 14:17
Քաղաքական

Վաշինգտոնը ՀՀ-ում որևէ ձևով միջամտություն չունի. միջազգայնագետ

Վաշինգտոնը ՀՀ-ում որևէ ձևով միջամտություն չունի. միջազգայնագետ

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ  Գրիգորի Կարասինը օրերս հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը քաջություն կունենա՝  ընդդիմանալու ԱՄՆ-ի կողմից շանտաժին ու ճնշումներին և կընդունի ինքնուրույն որոշում՝ հաշվի առնելով ազգային շահերը:

Այսօր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը լրագրողներին վստահեցրեց՝ Վաշինգտոնը ՀՀ-ում որևէ ձևով միջամտություն չունի:

«Ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում շատ պասիվ է: Եթե առաջնահերթությունների լեզվով խոսենք, ապա հարյուրերորդական նշանակություն ունի մեր տարածաշրջանը ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանն ավելի փոքր հետաքրքրություն ներկայացնող պետություն է, որպեսզի այստեղ Վաշինգտոնն ինչ-որ ներգրավվածություն ունենա: Սա  ամերիկյան  այս վարչակազմի պրագմատիկ մոտեցումն է, քանի որ ոչինչ չունի ստանալու և վերցնելու, ուստի հետաքրքրվածություն էլ չունի: Այնպես որ` չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները ՀՀ-ում ինչ-որ գործողություն է իրականացնում, որը կարող է նյարդայնացնել Ռուսաստանին, ուստի Կարասինի հայտարարության հետ համաձայն չեմ: Վաշինգտոնը ՀՀ-ում բավականին պասիվ է,  հատկապես` Դոնալդ Թրամփի` նախագահ դառնալուց հետո»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ ռուս գործընկերների հետ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի և բացատրի այս իրողությունն ու իրականությունը, որ ԱՄՆ-ի մոտ թյուրըմբռնում չլինի:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար,  ՀՀ նախագահի խորհրդական Թևան  Պողոսյանն իր հերթին շեշտեց, թե տպավորություն ունի, որ Կարասինը փորձում է ակնարկել՝  այլ տեղերից է ինֆորմացիա ստացել ՀՀ-ում ԱՄՆ-ի միջամտության մասին, իսկ Հայաստանից հաղորդակցման պահ չի եղել:

«Նրանք այդ մտահոգությունը որոշել են հանրայնացնել, թե չէ կարող էին հեռախոսը վերցնել և ճշտել՝ կա՞ նման բան, թե՞ ոչ: Սա նշանակում է, որ կարիք կա մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները քիչ-քիչ բացատրել ԱՄՆ-ին»,- նշեց Պողոսյանը: