կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-21 15:19
Քաղաքական

Հեղափոխությունից հետո տարբեր պաշտոններում նշանակված որոշ անձանց ՌԴ-ում չեն վստահում. միջազգայնագետ

Հեղափոխությունից հետո տարբեր պաշտոններում նշանակված որոշ անձանց ՌԴ-ում չեն վստահում. միջազգայնագետ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը չի կասկածում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունենք, այլ հարց է, որ սա դիտարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա անձնական ուղիղ կապի մակարդակում:

«Մնացած բոլոր դաշտերում երևի թե կան խնդիրներ, ճյուղային ոլորտներում կան բացեր, որոնք պետք է վերացվեն ուղիղ կապերի և բանակցությունների միջոցով, ինչպես Պուտինն ու Փաշինյանն են ուղիղ անում, քանի որ բանակցությունների միջոցով կարելի է ամեն հարց լուծել: Այստեղ հիշեցնեմ  Քենեդու խոսքը՝ «Աստված այնպես անի, որ երբևէ բանակցություններից չվախենանք, և Աստված չանի, որ բանակցենք վախից»»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ այսօր ՌԴ-ն Հայաստան ասելիս պետություն է պատկերացնում, ոչ թե անձի, ինչից պետք է օգտվել:

Միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համաձայնեց ասվածի հետ՝ ամենաբարձր  մակարդակում աշխատանքն ու շփումները ստացվում են, իսկ ավելի ներքևում կան խնդիրներ:

«Հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց իշխանության երկրորդ էշելոնում և միջին օղակներում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Եվ եթե երկրորդ էշելոնում առկա խնդիրների մասին հայկական կողմը չի խոսում, ապա ռուսական կողմը դրանք պարբերաբար  բարձրաձայնում է: Եթե առաջին դեմքերի մոտ կա փոխըմբռնում և վստահություն,  ապա ներքևում  եղողների հանդեպ ռուսական կողմից  կա վստահության պակաս, որոշ դեպքերում վստահության տոտալ բացակայություն հայ գործընկերների նկատմամբ, ուստի այս ուղղությամբ վարչապետը պետք է աշխատի, որ իր թիմակիցները ՌԴ-ում նույնպես կարողանան անկաշկանդ գործել, ինչպես ինքը: Պուտինը շատ խոհեմ մարդ է, և գլոբալ է նայում հայ-ռուսական հարաբերություններին, ըստ այդմ՝ գլոբալ առումով խնդիրներ չի տեսնում: Բայց կրկնում եմ՝ որոշ անձանց հանդեպ, որոնք հեղափոխությունից հետո տարբեր պաշտոններում նշանակվեցին,  ռուսական կողմից կա անվստահություն, բայց դա հայ-ռուսական հարաբերությունների վրա չի անդրադառնում: Երեկ Պուտինը  հենց սա նկատի ուներ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի ղեկավարը երբևէ վատ չի արտահայտվում այլ երկրների ղեկավարների հասցեին, բացառության մի դեպքի՝ Միխեիլ Սահակաշվիլու մասին, ինչն էլ կոնկրետ գործողության հետ է կապված եղել, ավելին` այդ ժամանակ Պուտինը վարչապետ էր:

«Անգամ ԱՄՆ-ՌԴ ներկայիս հարաբերությունների մասին խոսելիս Պուտինը փորձում է մի լուսավոր բան գտնել, որ պատրաստ են բանակցել և խոսել: Սա Պուտինի անձնական և քաղաքական դիրքն է,  նա միշտ փորձում է բարենպաստ միջավայր ստեղծել ցանկացած պետության հետ հարաբերություններում»,- նշեց Սարգսյանը:

Հարցին՝  ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հանպատրաստի՞ց  որոշեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, թե՞ ծրագրված այց է, որի մասին պարզապես մերոնք լռում են, քաղաքագետ Սուրեն Սարգսյան,  ելնելով  պետական ապարատում  աշխատելու իր փորձից, պատասխանեց. «Չեմ կարծում, որ այցի մասին մերոնք հատուկ թաքցնում են, գոյություն ունի արարողակարգ: Սովորաբար, նման հանդիպումներից առաջ հայտարարվում է, որ նախագահը կամ վարչապետը պատրաստվում են մեկնել ինչ-որ երկիր, այս պրակտիկան ներդրվել է Տեր-Պետրոսյանի ժամանակվանից: Իհարկե, լինում են բացառություններ, որ ավելի շուտ է հայտարարվում: Հայկական կողմը միշտ խուսափում է շուտ հայտարարելուց, քանի որ կարող է ինչ-որ բան փոխվել, ինչը տեսանք  Փաշինյան-Թրամփ հանդիպման պահով, որը տեղի չունեցավ: Այդ իսկ պատճառով  չեմ կարծում, որ Պուտինի հետ սպասվելիք այցի մասին կառավարությունը հատուկ չի հայտարարում»:

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը հավելեց՝  Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցը ծրագրված է: