կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 10:02
Քաղաքական

«Նոր Հայաստանը» իրականություն դարձած. «Հայոց աշխարհ»

«Նոր Հայաստանը» իրականություն դարձած. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կողմից նոր տոնածառի տեղադրման շուրջ առաջացած կրքերը դեռ չհանդարտված, նոր քննարկումներն են սկսվել քաղաքապետարանի բյուջեի նախագծում տեղ գտած որոշ ծախսերի շուրջ։ 

Դժվար է ասել, թե այս անգամ ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքապետ Հայկ Մարությանը հնչող քննադատությունները։ Օրինակ, ընդհանուր առմամբ մոտ 95 մլն դրամ արժեցած (ներառյալ տեղափոխումն ու տեղադրումը) տոնածառին, ըստ քաղաքապետի, «բնակչության 90-95 տոկոսը» կողմ է եղել։

Հ.Մարությանը ոչ թե չի տեսնում քննադատությունների ալիքը, այլ պարզապես իր շեֆի մոտեցումն է վերցրել՝ խոսել ժողովրդի անունից, իսկ որպեսզի փոքր-ինչ տարբերվի, խոսում է ոչ թե «ողջ ժողովրդի», այլ միայն 90-95 տոկոսի անունից։ Սակայն այս անգամ նրան չի հաջողվի, ասենք, քաղաքապետարանի արտասահմանյան գործուղումների կամ պարգեւատրումների ծախսերը բացատրել մարդկանց «90-95 տոկոսի» ցանկությամբ։

Ինչպեսեւ սպասելի էր, անցնելով իշխանության գլուխ, «թավշյա» հեղափոխականները սկսել են անխնա վատնել պետական եւ, տվյալ դեպքում, քաղաքային բյուջեի գումարները։ Նախկինում այդ հարցում մեղադրում էին նախկին իշխանություններին, իսկ այժմ անցել են գործի՝ սկսելով նախեւառաջ իրենց կարիքները բավարարող ծախսերը մեծացնելուց։

Այսպես. 2019-ի քաղաքային բյուջեի նախագծով պարգեւատրումներին եւ դրամական խրախուսանքներին հատկացվող գումարը ավելացրել են ավելի քան 2,5 անգամ եւ ընթացիկ տարվա 758 մլն դրամի փոխարեն հասցրել են 1 մլրդ 991 մլն դրամի։ Այսինքն՝ լրացուցիչ 1,2 մլրդ դրամ գումար է հատկացվում այդ նպատակի համար։

Ենթադրվում է, որ դա ուղղվելու է առաջին հերթին քաղաքապետարանի բարձրաստիճան անձանց դրամական պարգեւատրումներին, քանզի Հ.Մարությանն իր առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներին այլեւս չեն պարգեւատրելու։

Գուցե քաղաքապետը չգիտի՞, թե ինչպես կարելի է արդյունավետ ծախսել հավելյալ 1,2 մլրդ դրամը կամ մոտ 2,5 մլն դոլարը։ Հուշենք, որ այդ գումարով հնարավոր է կառուցել 70-80 բնակարանանոց շենք՝ դրա կարիքը ունեցող սոցիալական խմբերի համար որոնց վիճակը շահարկելով, իշխանության եկան «թավշյա» հեղափոխականները։ Հավանաբար նոր քաղաքապետը նոր տոնածառ բերելով՝ իր պարտքը այդ մարդկանց հանդեպ համարում է կատարված՝ «թող ուրախանան նոր տոնածառով» մտածելով։

Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի օրոք մի քանի շենք է կառուցվել եւ հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող շուրջ 600 ընտանիքի։

Սրան հակառակ, նվազել է բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայություններին հատկացվող գումարը մոտ 171 մլն դրամով։ Այսինքն՝ «ամեն ինչ արդար է, ժողովուրդ»։ Ցանկանո՞ւմ էիք «նոր Հայաստան», ստանում եք այն։ 

Հանրության դժգոհությունն առաջացրած մյուս հարցը արտասահմանյան գործուղումների համար ծախսերի ավելացումն է։ Հիշեցնենք, որ դեռ մի քանի օրվա քաղաքապետ Հակ Մարությանը անմիջապես այցելություն կատարեց Փարիզ, ինչից ենթադրելով, կարելի է ասել, որ իր գործունեության այս մասը նա շատ է կարեւորում։ 

Այսպիսով արտասահմանյան գործուղումների ծախսերը գրեթե կրկնապատկվել են՝ այս տարվա համար նախատեսված 62 մլն դրամի փոխարեն 2019-ին դրանք կկազմեն 112 մլն դրամ։ Դե, եթե 150 հազար դոլար արժողության տոնածառը ինչ մի մեծ ծախս է, ապա 50 մլն դրամով (100 հազար դոլարով) ավելացած արտասահմանյան գործուղումների ծախսն էլ երեւի մի մեծ բան չէ։

Ի վերջո, նոր քաղաքապետը, որին «հպարտ քաղաքացիները» համեմատում են Ռոնալդ Ռեյգանի եւ Առնոլդ Շվարցենեգերի հետ, պե՞տք է ներկայացնի 2800-ամյա քաղաքն ամբողջ աշխարհում։

Ոչինչ որ մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարությունը, որը պետք է տոնվեր մեծ շուքով եւ բազմաթիվ միջոցառումներով, որին պետք է ներկա գտնվեին բազմաթիվ հյուրեր, որը պետք է լուրջ խթան դառնար Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար, աղճատվեց եւ անցկացվեց կիսատ-պռատ՝ ոչ մի նշանակալի արդյունք չտալով ո՛չ քաղաքին, ո՛չ երկրին։ Փոխարենը Հայկ Մարությանն ու իր տեղակալները ավելի շատ կմեկնեն արտասահմանյան գործուղումների»։ 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: