կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 09:57
Քաղաքական

Ծանրությունն արտախորհրդարանական ուժերի վրա կմնա. «Հայոց աշխարհ»

Ծանրությունն արտախորհրդարանական ուժերի վրա կմնա. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» գրում է. « Խորհրդարանական ընտրությունների արդյունքները եկան ամրապնդելու ավելի վաղ արտահայտած մեր այն տեսակետը, որ միատարր խորհրդարան ունենալու դեպքում քաղաքական օրակարգի բովանդակության ձեւավորման ու քննարկումների բեռն առավելապես կծանրանա արտախորհրդարանական ուժերի վրա: 

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ, իսկ հաջորդ առավոտյան արձանագրվեց այն տարբերակը, որը թերեւս ամենից անցանկալին էր. անընդդիմադիր խորհրդարան: Ճիշտ է, օրենքով 1/3-ը կհայտարարի, թե՝ ընդդիմություն են, բայց դա, վերջիվերջո, հայտարարելով չէ: Չգրված օրենքներ էլ կան: Մանավանդ քաղաքականության մեջ: 

Ճիշտ է, ԱԺ չանցած ուժերը այս հետընտրական օրերին առանձնապես ակտիվ չեն, չնայած մի շարք առիթներին ու թեմաներին, բայց պարզ է նաեւ, որ երկար չի կարող այդպես շարունակվել:

 Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ երեկվա ասուլիսում մասնավորապես նկատեց. «Այսօր խորհրդարանից դուրս մնացել են քաղաքական ուժեր՝ ՀՅԴ, ՀՀԿ, «Մենք» դաշինք, որոնք չեմ կարծում, որ վերանալու են: Կարծում եմ՝ այս ուժերի մոտ հիմա բարդ շրջան է, վերաիմաստավորվելու, ռեբրենդինգի, լիդերների հարցում հստակություն մտցնելու, բայց այնուամենայնիվ իրենք ինչ-որ մի ժամանակ հետո ակտիվ վերադառնալու են: Եվ այս պարագայում արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է գործոն դառնալ»:

Համարձակվենք ենթադրել, որ այդ «ինչ-որ մի ժամանակը» շատ ավելի մոտ է, քան կարելի է կարծել: Ի վերջո, ենթադրելի է, որ քաղաքական դաշտն սպասում է նորակազմ ԱԺ առաջին նիստին, ԱԺ ղեկավարության, ապա գործադիր իշխանության ձեւավորմանը, կամ, այսպես ասենք, «փաստաթղթավորմանը»: 

Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նոր տարվա տոներից գրեթե անմիջապես առաջ, որից հետո հասարակական-քաղաքական կյանքը առժամանակ ամանորյա արձակուրդի փուլ կմտնի՝ «տոներն անցնեն, կասենք...» տարբերակով: Բայց հունվարի կեսերից արդեն պետք է սպասել քաղաքական ուժերի, առաջին հերթին, իհարկե, ԱԺ չանցած քաղաքական ուժերի ակտիվացում: 

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, ապա դրանք, ի տարբերություն ձեւավորված Ազգային ժողովի, ոչ միայն միատարր չեն, այլեւ բազմաշերտ են: Կան այդ շարքում, իհարկե, այնպիսիները, որ հնարավորինս աջակցում կամ աջակցելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը (ասենք՝ ՀԱԿ-ը), կան նաեւ այնպիսիք, ինչպես, օրինակ, «Երկիր ծիրանին», որի ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան է: 

Դե, Զարուհի Փոստանջյանն առաջին անգամ չէ, որ իշխանությունների հասցեին նման հայտարարություններ է անում: Թող նրա հայտարարություններից հիմա էլ Նիկոլ Փաշինյանի գլուխը ցավի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: