կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-18 13:19
Քաղաքական

Որևէ արգելքի, դիկտատի մասին խոսք լինել չի կարող. ՌԴ դեսպանը` կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին

Որևէ արգելքի, դիկտատի մասին խոսք լինել չի կարող. ՌԴ դեսպանը` կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին

Երեկ ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ընթերցողների հարցերին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ են ստորագրելու, որը կերաշխավորի Հայաստանի կենսալաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ հարկ համարեց ընդգծել, որ արգելքի մասին, ինչ տոնայնության մեջ դա պատկերացնում են ՀՀ-ում, խոսք լինել չի կարող, քանի որ խոսքը երկու ինքնիշխան և իրավահավասար պետությունների մասին է:

«Հավատացեք ինձ, որ հարաբերությունները զարգանում են այս ձևով և բոլոր ոլորտներում: Ինձ հայտնի է, որ այս պահին քննարկվում է կենսալաբորատորիաների գործունեությունը, և սա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև նախկին հետխորհրդային երկրների հետ, որոնք մոտ են մեր սահմաններին: Չեմ թաքցնի՝ այս հարցը մեզ մտահոգում է, դրա համար էլ քննարկումներ են ընթանում: Իմ տեղեկություններով` Հայաստանի հետ երկխոսությունն ընթանում է բավականին կառուցողական: Այսինքն՝ կա փոխադարձ ընկալում այս հարցում, և ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում մենք կհանգենք ընդհանուր եզրակացության ու պայմանավորվածության, բայց թե ի՞նչ բնույթի կլինեն դրանք, չեմ կարող ասել: Կրկնում եմ՝ որևէ արգելքի, դիկտատի մասին խոսք լինել չի կարող»,- շեշտեց դեսպանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակում ևս կա ընդհանուր պայմանավորվածություն, որով արգելվում է երրորդ երկրի զինվորականների տեղակայումը ՀԱՊԿ անդամ երկրներում: