կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 16:59
Քաղաքական

Իրավական մեղադրանք Փաշինյանին չեմ ներկայացրել, ինքն է իրեն մեղադրել պետական դավաճանության մեջ. Շահնազարյան

Իրավական մեղադրանք Փաշինյանին չեմ ներկայացրել, ինքն է իրեն մեղադրել պետական դավաճանության մեջ. Շահնազարյան

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին  իրավական մեղադրանք չի ներկայացրել:

«Ես հայտարարել եմ, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «Իշխանություն` Արցախի դիմաց» քաղաքականություն, և դեկտեմբերի 4-ի իմ ասուլիսում մանրամասն ներկայացրել եմ հիմքերը, փաստերը, որոնք միարժեքորեն ապացուցում են իմ ասածը: Ես իրավական մեղադրանք Փաշինյանին չեմ ներկայացրել: Ինքը իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ, հետաքրքիր հոդված է իր վրա դրել»,- նշեց Շահնազարյանը՝ նշելով, որ «եթե ԱԱԾ-ն իրեն չհրավիրեր Փաշինյանի հրահանգից հետո, ապա ինքը դա չէր որակի որպես քաղաքական հետապնդում»:

«Դա կատարվել էր այն բանից հետո, երբ Փաշինյանը հրապարակայնորեն կրկնել էր այդ ամենը, ասել, որ պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Ժամեր անց թուղթը կազմեցին, շատ օպերատիվ կատարեցին հրահանգները»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, թե «Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու միտք և հիմք չկա», ԱԱԾ նախկին պետը նշեց. «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի՝ միտք ունեն, թե չունեն: Դա Փաշինյանն է որոշում, այլ բան է, որ իրեն տեղյակ չի պահել: Փաշինյանը նման երազանք ունի, կասկած չունեմ, բայց վախենում է, տեսնենք՝ դուխը կհերիքի՞, թե՞ ոչ: Ինքն իրենից էլ է արդեն վախենում: Վանեցյանը նաև ասել է, որ մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց ապացույցներ չկան»,- շարունակեց Շահնազարյանը:

Խոսելով գաղտնալսված հեռախոսազրույցների մասին` նա նշեց, որ «առաջին ձայնագրությունից  հետո դատախազությունը քրեական գործ հարուցեց, և ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարները հրավիրվեցին հարցաքննության, ուստի, ըստ նրա,  երկրորդ գաղտնալսումից հետո  դատախազությունը  պարտավոր է  հարցաքննության կանչել  Նիկոլ Փաշինյանին:
 
«Թող ծանուցագիր ուղարկի, Փաշինյանն էլ քայլելով գնա: Թող սովորի ցուցմունք տալուն: Ժամանակն է, որ սովորի»,- ընդգծեց Շահնազարյանը՝ հավելելով, որ արդարադատությունը վերածվել է Փաշինյանի գործադիր օրգանի, և յուրաքանչյուր մարդ, որի նկատմամբ ինչ-որ մեղադրանք է եղել,  կարող է այս ձայնագրությունների հիման վրա դիմել միջազգային դատարան:

Շահնազարյանը նաև կարծիք հայտնեց, որ ապրիլ-մայիսին տեղի է ունեցել պետական հեղաշրջում և սահմանադրական կարգի տապալում: