կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-18 13:26
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ պետական դավաճանության մեջ. Զարուհի Փոստանջյան

Նիկոլ Փաշինյանին մեղադրում եմ պետական դավաճանության մեջ. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համարում է, որ Արցախի ՊԲ-ում կատարված կադրային փոփոխություններն անօրինական էին: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այդ պաշտոնանկություններն այստեղից են նախաձեռնվել: Հետևելով ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարություններին` հասկանում ենք, որ թույլ է տրվել  օրենքի կոպիտ խախտում, միջամտություն, որն ապօրինություն է և ունի նաև քաղաքական շարժառիթներ»,- ասաց Փոստանջյանը:

Ըստ նրա` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններն իրենց հիմքում ներառել էին առաջին հերթին Արցախյան խնդիրը: «Այո, արցախապատկան տարածքների հանձման վերաբերյալ աշխարհաքաղաքական օրակարգ գոյություն ունի: Այդ օրակարգը նոր չէ, բայց հիմա ավելի ցայտուն է դարձել, և պարտադրանքներն ակնհայտ են»,- ասաց Փոստանջյանը:

Հարցին` իշխանությունը պատրաստվում է հո՞ղ հանձնել, նա պատասխանեց, որ պետք է մեջբերի Փաշինյանին: «Փաշինյանը Բեյրութում հայտարարեց, որ ինքը կգնա բանակցությունների, և եթե լինի մի առաջարկ, որն իրեն համոզի, այն  կներկայացնի ժողովրդին, այնուհետև` արցախահայությանը։ Մինչդեռ Ստեփանակերտում նա հայտարարել էր` առանց Արցախի, մենք բանակցությունների սեղանի շուրջ չենք նստելու: Նա արդեն իսկ բանակցել է  Ալիևի հետ, իսկ մեզ հայտարարվել է` իբրև թե վերելակում հանդիպում է եղել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք էլ ունենք փախստականներ, մենք էլ ունենք տարածքային կորուստներ, մեր տարածքային ամբողջականության խնդիրն է  այսօր առկա մեր առջև, և դա պետք է բարձրաձայնենք, ու այս համատեքստում պետք է վերսկսվեին բանակցությունները: Մինչդեռ մենք տեսնում ենք նույն վարքագիծը, էլ չեմ ասում որ այս անձը, որն այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, իմ կարծիքով, նախապես արդեն իսկ ուներ պայմանավորվածություններ հենց հող հանձնելու վերաբերյալ: Ես ինչպես նախորդին, այնպես էլ նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: