Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց հրապարակային բանավեճի մեջ ներքաշել Արցախի ղեկավարությանը, ինչը նրա նպատակն էր. այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Արցախի ռազմական ղեկավարությունը կաշկանդված է՝ չխոսելու առկա վտանգների մասին:
«Ես վստահ եմ, որ նրանք կաշկանդված են իրենց պատասխանատվությամբ Արցախի Հանարապետության անվտանգության նկատմամբ, որը բացարձակապես չկա ՀՀ ներկայիս իշխանությունների մոտ։ Դրանով է բացատրվում նրանց զուսպ կեցվածքը»,-հավելեց նա:
Հարցին՝ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ո՞րն է ՀՀԿ-ի դիրքորոշումը, արդյո՞ք շարունակում է մնալ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» դրույթը, Շահնազարյանը պատասխանեց, որ Արցախի հարցում որևէ զիջում չի կարող լինել: «Բանակցային դիրքորոշումը եղել է՝ կարգավիճակ` տարածքների դիմաց։ Դա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակն է, այլ դիրքորոշում չկա և չի կարող լինել»,- պարզաբանեց բանախոսը՝ հավելելով, որ նախկին իշխանությունների վերջին տարիների արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Արցախի հարցով, մշտապես պաշտպանել է:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի անտեղյակության արդյո՞ւնքն էր, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ մինչ այժմ քննարկվել է բացառապես տարածքների հանձնման հարցը, Շահնազարյանը պատասխանեց, որ դա քարոզչական քայլ էր: «Նա չի տարբերում` Մադրիդյան փաստաթղթում որոնք են սկզբունքները, որոնք՝ տարրերը։ Իսկ այնտեղ կա երեք սկզբունք, վեց տարր։ Այս փաստաթուղթն ընդամենը փիլիսոփայություն է, որից կարելի է ստանալ այն, ինչ մենք ենք ուզում, կամ այն, ինչ Ադրբեջանն է ուզում։ Ի դեպ, Հայաստանի նախկին իշխանություններն այդ փաստաթղթերը նույնիսկ չեն էլ քննարկել, այն, ինչը քննարկում են իրենք»,- շեշտեց նա:
Դավիթ Շահնազարյանի խոսքով` Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախի հարցը պետք է որոշի հայ ժողովուրդը, ամբոխավարություն է: «Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցը պետք է որոշի հայ ժողովուրդը։ Ո'չ, տղա' ջան, պետք է որոշի Արցախի ժողովուրդը։ Մի ժամանակ ասում էր՝ հրապարակում պետք է որոշել։ Սա ամբոխավարության հերթական դրսևորում է։ Կուսակցությունները ոչ թե պետք է անեն այն, ինչ ժողովուրդն ուզում է, այլ պետք է իրենց ծրագիրը ներկայացնեն և համոզեն, որ դա է ճիշտ։ Նա ամբոխահաճությունը տարել է արտաքին քաղաքականություն: Եվ մենք տեսնում ենք Արցախի նկատմամբ զրո պատասխանատվություն»,- ամփոփեց Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ Ալիևին «նվերներ» են արել ՀՀ իշխանությունները, և որ իր բացահայտումներն այսքանով չեն ավարտվելու. «Այս փաստերը կհրապարակեմ, երբ անհրաժեշտ համարեմ: ՀՀ-ում իրավիճակն ամեն օր է փոխվում»:
Հարցին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագրի ստորագրումը, որով Սու-30 կործանիչներ ենք գնելու, արդյոք սա՞ էլ է պարտվողական քաղաքականության բաղադրիչ, Շահնազարյանը պարզաբանեց՝ ասել է, որ ներկայիս իշխանությունը նպատակադրված իրականացնում է քաղաքականություն, որի բանաձևն է «Իշխանություն՝ Արցախի անվտանգության դիմաց»։
«Ես շատ ռազմական փորձագետների հետ եմ խոսել, և դժվար է ասել՝ ինչքանով են այդ ծախսերն արդյունավետ։ Առնվազն համարում եմ վիճելի՝ փորձել ստեղծել կործանիչ ավիացիա: Ես չգիտեմ, թե երբ կունենանք թեկուզ երկու պատրաստի օղակ, որտեղ են վարժանքներն իրականացնելու: Այսօր Ադրբեջանն ունի բացարձակ գերակայություն օդում, մենք ունենք բավական լուրջ առավելություն հրթիռային համակարգերում և հակաօդային պաշտպանությունում»,- ասաց Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի բարեկամ համարվող Ֆրանսիան հակաօդային համակարգեր է վաճառելու Ադրբեջանին: