կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 23:40
Քաղաքական

Գերմանիայում ցուցադրվել են Փարաջանովի ստեղծագործությունները

Գերմանիայում ցուցադրվել են Փարաջանովի ստեղծագործությունները

Նոյեմբերի 20-30-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնի և գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց հայազգի աշխարհահռչակ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմաշարի ցուցադրումը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում:

Փարաջանովին նվիրված 10-օրյա միջոցառման շրջանակներում (Hommage) բեռլինյան հանդիսատեսին ներկայացվեց Փարաջանովի` սահմաններ չճանաչող կինոարվեստն ու նրա ստեղծագործությունների խորությունը:

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որին հրավիրված էին նաև Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և Վրաստանից` Թեո Խատիաշվիլին, ով իր թեկնածուական թեզը պաշտպանել էր Փարաջանովի ստեղծագործությունների մասին: Ներկաներին ողջունեցին «Արսենալ» կինոթատրոնի տնօրեն Միլենա Գրեգորը և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Միջոցառման ավարտին Զավեն Սարգսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որից հետո ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Դեկտեմբերի 1-ին ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պոտսդամի ֆիլմերի թանգարանի նախաձեռնությամբ Պոտսդամում բացվեց Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կտևի մինչև 2019թ. հունվարի 16-ը:

Ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի ֆիլմերի սրահում կցուցադրվեն նաև Փարաջանովի ֆիլմերը: Ցուցահանդեսի բացմանը ներկաներին ողջունեցին Պոտսդամի ֆիլմերի թանգարանի տնօրեն պրոֆ. Ուրսուլա ֆոն Քայցը (Ursula von Keitz), Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարար դր. Մարտինա Մյունխը (Martina Münch) և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի խորագիրը` «Արվեստ առանց սահմանների», արդեն իսկ խոսում է Փարաջանովի արվեստի բազմազանության, խորության և անսահմանության մասին:

Ներկաներին իր խոսքը հղեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով նաև որոշ մանրամասներ պատմեց Փարաջանովի կյանքից: Միջոցառման ընթացքում ներկաներին իր երաժշտական և բեմական արվեստով հիացրեց դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: