Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայում քաղաքական կամ ընդհանրապես ապաստան հայցել կարող են ինչպես ՀՀ քաղաքացիներ, սիրիահայեր, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիներ, որոնք կարող են հանդես գալ որպես ծագումով հայ` Սիրիայից կամ Իրաքից, քանի որ, որպես քրիստոնյա փոքրամասնություններ, նրանց շանսերը բարձր են քաղաքական ապաստան ստանալու հարցում։ Այս մասին, yerkir.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ անդրադառնալով քաղաքական ապաստան հայցողներին։
«Գերմանիան չունի ազգային պատկանելությունից ելնող օրենք, այլ ունի փախստականների մասին օրենք, որը դեռևս հետպատերազմական շրջանում է ընդունվել` «Asylgesetz», որով ուղղորդվում են ԳԴՀ իշխանությունները և ընդունում աշխարհի տարբեր պետություններից իրենցից քաղաքական ապաստան հայցող` տարբեր ազգությունների անձանց»,- մանրամասնեց Աշոտ Սմբատյանը։
Հարցին, թե արդյո՞ք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ միայն Նյուրնբերգում, համայնքի հոգևոր հովիվ տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանի խոսքով, մի քանի հարյուր` ապաստան հայցող հայեր կան, դեսպանը պատասխանեց, որ միայն պաշտոնական փաստաթղթի վրա հղում կատարելով կցանկանար պատասխանել այդ հարցին։
Նշենք, որ, ըստ դեսպանի, միայն Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի առաջնորդարանի տվյալներով` այդ երկրում ապրում է 50-60 հազար հայ։
Սմբատյանի խոսքով` համայնքային կառույցները Գերմանիայում ՀՀ դեսպանություն են դիմում համայնքային կառույց-դեսպանություն, համայնք-Հայաստանի Հանրապետություն, համայնք-ՀՀ սփյուռքի նախարարություն և նմանօրինակ հարաբերությունների վերաբերող հարցերով, ընդ որում՝ դրանք կարող են լինել առաջարկներ միացյալ միջոցառումներ կազմակերպելու մասին, օրինակ՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ, տարաբնույթ ցուցահանդեսներ և այլն։
Իսկ ՀՀ քաղաքացիները, բնականաբար, դիմում են նաև դեսպանության հյուպատոսական բաժին, որոնց նպատակը կարող է լինել ինչպես անձնագրերի ստացումը, անձնագրերի ժամկետի երկարացումը, ՀՀ քաղաքացիության ձեռք բերումը, քաղաքացիությունից հրաժարվելը, նոտարական տարբեր գործարքները և այլն։
Նունե Հովսեփյան