Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինյանից մեջբերումներ կանեն ոչ միայն որպես քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ ավանդ ունի Հայաստանում ամբոխավարությունը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:
Եվ այսպես՝ դեկտեմբերի 1-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հերթական հավաքի ժամանակ նա ինչպես միշտ բարձարացավ բեմահարթակ ու, չխախտելով նախընտրական ողջ ընթացքի /ես կասեի վերջին 6-7 ամիսների/ ավանդույթը, իր ելութը համեմեց մրցակից ուժերին ուղղված մեղադրանքներով: Միայն թե այս անգամ նա իսկապես գերազանցեց ինքն իրեն՝ ընդդիմախոսներին, ոչ ավելի, ոչ պակաս, մեղադրելով «պետական դավաճանության» մեջ: «Եթե որեւէ մեկը ժողովրդական հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որեւէ հակազգային կամ հակապետական դավադրության մեջ, մենք իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածելու առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ»,- ասաց նա, որից հետո էլ ԱԱԾ-ին եւ ԶՈՒ հակահետախուզությանը հորդորեց զբաղվել այդ մարդականց հարցով:
Լավ, հասկացանք, նախընտրական շրջան է, եւ քաղաքական գործիչները փորձում են ամբոխին հրամցնել այն ապրանքը, ինչ ցանկալի է նրանց, իսկ մեր օրերում ամենափնտրված ապրանքը դեպի բացարձակ հաղթանակ տանող, ատելության ամենագռեհիկ շպարմամբ էժանագին ամբոխավարությունն է, որն ամբոխի կողմից ընկալվում է դյուրությամբ: Հասկացանք, որ ավելի շատ ձայն կհավաքի նա, ով կկարողանա ավելի ուժեղ ու գռեհիկ հայհոյել մրցակցին եւ ավելի անպատասխանատու խոսել ժողովրդի անունից: Հասկացանք, որ դրա համար կարելի է խաղադրույք կատարել հասարակության որոշակի խավի մթագնած, խիստ սահմանափակ գիտակցության, գլխի դատարկ պարունակության եւ ուղեղի ծալքերի սակավության վրա, իսկ հետո՞...
Գալու է վաղվա օրը, եւ Դո՛ւք, պարո՛ն Փաշինյան, ստիպված եք լինելու հնձել ձեր իսկ ցանած մղձավանջի՝ սեւի, խավարի, ատելության, սադրանքի ու դավադրության մթնոլորտի եւ բարոյազրկության քամու՝ փոթորկի հունձքը: Ու դա շատ թանկ է արժենալու ձեզ համար, քանի որ նույն այդ դատարկ գլուխներն ու սակավ ծալքերով ուղեղները զոհ են պահանջելու ձեզնից՝ ատելության իրենց անհագ քաղցը հագեցնելու համար: Եվ հենց այդ ժամանակ էլ ստիպված եք լինելու ձեր իսկ «նեղ խմբային եւ անձնային շահերի» սպասարկմանը կոչված էժանագին ու անմակարդակ այս մարտավարության արդյունքում արձանագրել սեփական քաղաքական մահը: Այդպես է եղել էժանագին ամբոխավարությունը որպես գործելաոճ յուրացրած` անխտիր բոլոր քաղաքական գործիչների անխուսափելի ճակատագիրը: Պատմությունը դա է փաստում:
Հ.Գ. Պետք չէր, պարո՛ն Փաշինյան, խուսափել ուղղակի խոսքից: Բոլորը հասկացան, որ Ձեր մեղադրանքներն ուղղված էին Հայ Յեղափոխական Դաշնակցությանն ու նրա Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Ի՞նչ եք կարծում, ստացվե՞ց, արդյոք, այն, ինչ ցանկանում էիք: Պատասխանը մեկն է ու միանշանակ` ո՛չ:
Առաջինը՝ հասարակության գիտակից խավը լավ գիտի Դաշնակցությանն ու դաշնակցականներին: Լավ գիտի, որ նրանց համար կա մի կարմիր գիծ, որն անհնար է խախտել, իսկ դա Հայրենիքն ու նրա անվտանգությունն են:
Երկրորդը՝ նման հոխորտանքները միգուցե ինչ-որ տպավորություն թողնեն ձեր անմիջական շրջապատի կամ այլոց վրա, բայց ոչ հաստատապես՝ Դաշնակցության եւ դաշնակցականների վրա: Հիշում եք, չէ՞, ՀՀՇ-ի` նման անհաջող փորձը դեռեւս 90-ականներին: Իսկ ի՞նչ եղավ արդյունքը: Կարծում եմ գիտեք: Այնպես որ` մի՛ փորձեք, չի ստացվելու:
Արամ Շահնազարյան
«alikonline»-ի պատասխանատու-խմբագիր
հատուկ «yerkir.am»-ի համար