կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 21:24
Քաղաքական

Չպետք է թույլ տալ մեր համազգային համախմբման մեջ որևէ ճեղք. Գեղամ Մանուկյան

Չպետք է թույլ տալ մեր համազգային համախմբման մեջ որևէ ճեղք. Գեղամ Մանուկյան

 ՀՅԴ անդամ, ՀՅԴ ցուցակով Քանաքեռ-Զեյթունում առաջադրված թեկնածու Գեղամ Մանուկյանը Հ 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստան-Արցախ իշխանությունների միջև ստեղծված որոշակի լարվածության մասին: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի աղմկահարույց ձևակերպումից հետո, թե` հեղափոխական շարժումը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը,  Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև սկսվեցին փոխադարձ պարզաբանումներ, տարաբնույթ մեկնաբանություններ, մեղադրանքներ:

«Ես դա առճակատում չէի կոչի, որովհետև Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության մասին հայ հավաքականության ցանկացած շերտ, ցանկացած խավ, ու հատկապես օրինական ճանապարհով ընտրված Արցախի ղեկավարությունը կարող են տեսակետներ ու մոտեցումներ հայտնել: Թույլ չտալ կարծիք հայտնելը կարող է բերել վտանգավոր ջրբաժանների: Այս առումով Դաշնակցության կոչն է` սթափվել, գիտակցել, և մի պահ կանգ առնել` հանուն ապագայի ու դժվար մարտահրավերների»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա համոզմամբ` 30-ամյա պայքարով ձեռք բերված այդ հարստությունը, որը կոչվում է հայկական պետականություն, ազատագրված տարածքներով նոր Արցախ աշխարհ, անթույլատրելի է որևէ ձև թիրախ դարձնել ու հարվածի տակ դնել համաժողովրդական պայքարը: Չպետք է թույլ տալ մեր համազգային համախմբման մեջ որևէ ճեղք, բաժանում` արցախցի-հայաստանցի:

Գեղամ Մանուկյանը անդրադարձավ նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մատակարարվել: Այս հայտարարությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրանտ Մարգարյանը սխալվում է: Գեղամ Մանուկյանի խոսքով` Հրանտ Մարգարյանը մի շարք մտահոգություններ էր ներկայացրել, ինչը հնարավոր չէ չներկայացել, քանի որ այն Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է կրում ազգային արժեքների ու առկա խնդիրների վերաբերյալ:

«Հրանտ Մարգարյանը բարձրաձայնել էր, թե մտահոգիչ է այն տեղեկությունը, որ Հայաստան մայիսից այս կողմ զենք չի ներկրվել, և ավելացրել էր. «Տա Աստված, որ սխալվեմ»: Ո՞վ մտահոգություն պետք է արտահայտեր, եթե ոչ` Դաշնացկությունը: Հրանտ Մարգարյանը, ինչպես հարիր է համահայկական կառույցի ներկայացուցչին, թույլ չտվեց նման ռազմավարական հարցով հրապարակային բանավեճ ընթանա` ցածր մակարդակով: Ուղղակի նա իր պատասխանով հանդարտեցրեց իրավիճակը»,- ասաց նա: