Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Վայոց ձորում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և մարզը սպասարկող ոստիկանության ծառայողներին։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցում էր նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, ոստիկանության պետն ընդգծեց Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքով արտահերթ ընտրությունները կանցկացվեն բացառապես քաղաքացու ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա։
Ոստիկանության պետը ներկաներին վստահեցրեց, որ համակարգը ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, և ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետևողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի և ապօրինության։ Այս համատեքստում կտրամադրվեն ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունների մասին։
«Մենք համատեղ ջանքերով պետք է կանխենք ու բացահայտենք ընտրական գործընթացի վրա ցանկացած հակաօրինական ներգործություն․ դա բխում է բոլորիս շահերից»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը ամփոփ ներկայացրեց իր պահանջները։ Ոստիկանները առհասարակ, բայց հատկապես ընտրությունների օրը պետք է անթերի կատարեն օրենքով իրենց վերապահված պարտականությունները։ Պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Վայոց ձորի մարզի օպերատիվ իրավիճակին, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես և քրեածին տարրերի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։