Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները ավիափոխադրումների շուկայում: Հանձնաժողովը ուսումնասիրությունն սկսել է մամուլի հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիների դժգոհությունների հիման վրա, համաձայն որոնց` վերջին ժամանակահատվածում, հատկապես` «Արմավիա» ընկերության կողմից չվերթերի դադարեցումից հետո, բարձրացել են մի շարք ուղղություններով ավիատոմսերի գները:
Այսօր Հանձնաժողով էին հրավիրվել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ուղղություններով չվերթեր իրականացնող մոտ 2 տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ՝ պարզաբանելու, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ավիատոմսերի գների հետ կապված փոփոխությունները:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն ասաց, որ կուսումնասիրվեն ավիաընկերությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացված պատճառաբանությունների հիմնավորված լինելը, որից հետո ՏՄՊՊՀ-ը ավիափոխադրումների վերաբերյալ ամբողջական ուսումնասիրության փաթեթը՝ առաջարկություններով հանդերձ, կներկայացնի ՀՀ կառավարությանը:
«Բոլոր, այդ թվում՝ Հայաստան չվերթեր իրականացնող օտարերկրյա ոչ ռեզիդենտ ավիաընկերությունները, պարտավոր են հարգել Հայաստանի օրենքները եւ աշխատել մրցակցության օրենսդրության պահանջներին համապատասխան: Եթե ավիաընկերությունների կողմից գների անհիմն բարձրացումներ լինեն, ապա տվյալ ավիաընկերությունը կենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, օտարերկրյա ավիաընկերություն է, թե՝ ոչ»,- քննարկման ավարտին ասաց ՏՄՊՊՀ նախագահը: