կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 15:33
Հասարակություն

Վանուշ Խանամիրյանը` մեր հուշերում

Վանուշ Խանամիրյանը` մեր հուշերում

Այսօր ժողովուրդն իր վերջին հրաժեշտը տվեց հայկական պարարվեստի մեջ լուրջ ձեռքբերում ունեցած, ՀՀ վաստակավոր արտիստ Վանուշ Խանամիրյանին: Հավաքվածներից յուրաքանչյուրն ուներ արվեստագետի հետ կապված իր հուշերը, որոնք այնքան թարմ են...

Մկրտիչ Հովհաննիսյան` Վանուշ Խանամիրյանի մոտ ընկերներից.«Ամեն անգամ, երբ գնում էր հյուրախաղերի, պարտադիր այնտեղից ինձ համար ինչ որ հուշանվեր էր բերում, երբ մեկնել էր Ամերիկա հյուրախաղերի, այնտեղից ինձ համար բաժակ էր բերել: Նվերը հանձնելով ինձ` ասաց. արի կոնյակ խմենք` մեր հաջողությունների համար: Իր բերած բաժակի մեջ կոնյակ լցնելով` հանձնեց ինձ և երբ ես ցանկանում էի խմել` չկարողացա, քանի որ բաժակը երկկողմանի էր. նա սկսեց ծիծաղել ինձ վրա: Այդ օրը Խանամիրյանը երեխայի նման ուրախացել էր, որ իրեն հաջողվել էր ստել»:

 

Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի միության աշխատակից Վլադիմիր Բադալյան.«Նմանատիպ հանաճարներ հարյուր տարին մեկ են ծնվում»...

 

Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի միության փոխնախագահ Գագիկ Մխիթարյան.«Արդեն 10 տարի է, ինչ աշխատում եմ նրա հետ, և այդ տարիները իմ կյանքի լավագույն տարիներն էին: Նրա հետ կապված ամեն մի օրը մեծ հուշ է»:

 

Մշակույթի նախարաության ժամանակակից արվեստի վարչության պարարվեստի աշխատակից Էդիտա ԽաչատրյանՆրա հետ կապված շատ հուշեր կան աշխատանքի բերումով. մահվանից առաջ հեռախոսազրույց եմ ունեցել իր հետ. ասաց, որ չի դժգոհում առողջությունից: Միայն բողոքում էր, որ տան անդամները չեն թողնում տանից դուրս գա: Նա նույնիսկ հիվանդ պահերին կյանքով լեցուն էր, ցանկանում էր միշտ որևէ գործ անել»:

 

Դերասան Վիգեն Ստեփանյան.«Մեծ կորուստ էր մեզ համար արվեստագետի մահը: Խանամիրյանը մեծ ներդրում ունի հայ ազգային պարարվեստում»:

 

Մոսկվայի «Վարդանանք» պարային համույթի ղեկավար Վարդան Թադևոսյան.«Հյուրախաղերով, երբ Մոսկվա էր եկել, այնքան ուրախ էր, կյանքով լեցուն: Ծանր է, որ այսօր կորցրեցինք հայկական պարավեստի համար լեգենդ դարձած մարդուն»:

 

Կարեն Նազարյան` Վանուշ Խանամիրյանի մոտ ընկերներիցՎերջերս նշում էինք մեր ընկերներից մեկի 50-ամյակը, և վարպետն ասեց, որ ինքը պետք է ուրախանա այնպես, ինչպես երիտասարդ տարիքում էր ուրախանում: Ամբողջ երեկո առանց դադարի պարում էր, մենք էլ իր հետ էինք ուրախանում»:

 

«Հայկական տարազ եւ տեղագրություն» եռալեզու պատկերագրքի հեղինակ Նեւրիկ Ազատյան.«Արդեն 35 տարի է, ինչ ճանաչում եմ նրան: Երբ գալիս էի Հայաստան, պարտադիր հանդիպում էի նրա հետ: Նա միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին: Խանամիրյանը արվեստի մեծ վարպետ է և ես միշտ ուրախացել, հիացել եմ նրա արվեստով»:

 

Երաժիշտ, երգահան Դավիթ ԱմալյանԽանամիրյանին բոլորն են սիրում: Հրաշալի, փայլուն, ջիգյարով Մարդ էր: Ծանր եմ տանում նրա մահը»:

 

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» հայկական ազգային դասական և ժամանակակից երգչախմբի տնօրեն` Հեքեքյան Տիգրան.«Բարի, անշառ, մարդասեր մարդ էր Խանամիրյանը: Նա բոլորի հանդեպ լավ էր տրամադրված եւ մարդկանց շատ էր սիրում. երեխայի պես էր` ինչքան մեծանում, այնքան ավելի շատ էր մարդկանց սիրում: Կուզեի, որ նրա հուղարկավորությունը քաղաքականությամբ չշաղախեն /նկատի ունի Ազատության հրապարակից ՀԱԿ-ի վրանների հանել-չհանելու հարցը/, թող այսօր մի պահ լռի քաղաքականությունը»: