Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ներքաղաքական դաշտի վրա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցության, ՀՅԴ Արցախի կառույցի բարեփոխումների տեսլականի եւ 2020-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շուրջ զրուցեցինք ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի հետ։
– Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ Արցախի ներքաղաքական դաշտի վրա, եւ տեղի քաղաքական կուսակցություններն ի՞նչ դիրքորոշում ունեցան։
– Բնականաբար, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Արցախի ներքաղաքական զարգացումների եւ ներքին դաշտի վրա։ Այդ իսկ առումով՝ ապրիլին եւ մայիսին տեղի ունեցած իրադարձությունները Արցախում իրենց անդրադարձն ունեցան հունիս, հուլիս ամիսներին եւ դրան հաջորդած ժամանակահատվածում։ Կարծում եմ, որ առ այսօր էլ Հայաստանյան իրադարձությունների ազդեցությունը դեռեւս որոշակի զարգացումների տեղ ունի Արցախում․ հատկապես դա նկատելի կլինի դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Այնուհանդերձ, խնդիրն այն է, որ Հայաստանում եւ Արցախում գործող քաղաքական որոշ շրջանակներ այն գնահատումն ունեն, որ Արցախի իշխանությունները Հայաստանի իշխանությունների շարունակությունն են, եւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, բնականաբար, ակնկալիքներ կային Արցախում եւս տեսնել իշխանափոխություն եւ արմատական փոփոխություններ։ Հենց այդ մտայնությամբ էլ տարբեր առիթներ օգտագործվեցին՝ Արցախում եւս որոշակի «քաղաքական զարգացումներ» ապահովելու եւ որոշակի իրավիճակներ ստեղծելու՝ նոր իրադարձություններ առաջացնելու նպատակով։ Կարծում եմ, որ Արցախում գործող քաղաքական ուժերը, հատկապես՝ կայացած քաղաքական ուժերը կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը եւ թույլ չտալ, որ Արցախում քաղաքական անկայունության մթնոլորտ ձեւավորվի։ ՀՅԴ գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխության սցենարը չի կարելի կրկնել Արցախում։ Մեր գնահատմամբ՝ Արցախում գործող իշխանությունները, որի մաս է կազմում նաեւ Դաշնակցությունը, ՀՀ իշխանությունների ուղղակի շարունակությունը չէ։ Մենք կարող ենք ինքնավստահ ասել, որ վերջին 10-12 տարիների ընթացքում հիմք ենք դրել այնպիսի ժողովրդավարական գործընթացների, որոնք անշրջելի են:
– ՀՅԴ-ն օգոստոսին բարեփոխումների իր տեսլականն է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին։ Ի՞նչ մոտեցումներ եւ տեսլականներ են արտացոլվել բարեփոխումների փաթեթում։
– Հայաստանում տեղի ունեցած զարգացումների ֆոնին ՀՅԴ Արցախի կառույցը, տեսնում էր մինչեւ 2020 թվականը Արցախում գործող քաղաքական համակարգի պահպանման, բայց նաեւ կառավարման համակարգը արմատական փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտություն։
Օգոստոսին Դաշնակցության բարեփոխումների տեսակետներն ու տեսլականները մեկ փաթեթով ներկայացվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Բարեփոխումների փաթեթն իր մեջ պարունակում է մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ անվտանգության եւ կառավարման համակարգերին առնչվող հիմնախնդիրներին, կառավարության գործունեության վրա հանրային վերահսկողության ապահովման ոլորտին, սահմանադրական բարեփոխումներին, ընտրական մեխանիզմներին, տնտեսական, սոցիալական ոլորտներին եւ հասարակության մեջ հնչեղություն ստացած նոր հարցերի բարձրաձայնմանը։
Այդ առումով մենք ականատես եղանք մի շարք նախաձեռնությունների եւ կադրային փոփոխությունների, որոնց մասին արտահայտել ենք մեր տեսակետը՝ կադրերի տեղաշարժերը չեն կարող ամբողջացնել այն բարեփոխումների փաթեթը, որն ակնկալում է Դաշնակցությունը, եւ որը նաեւ հանրային պահանջ է։
Բարեփոխումների փաթեթով առաջարկում ենք արմատական փոփոխությունների ենթարկել վերոնշյալ ոլորտները եւ համապատասխանեցնել արդի պահանջներին, որոնք անհրաժեշտություն են դառնում Հայաստանում տեղի ունեցած զարգացումների հետեւանքով։ Այդ ուղղությամբ տարվող քայլերն ակնհայտորեն պետք է էական փոփոխություններ մտցնեն ոչ միայն Արցախի հանրության ներքին կյանքում, այլ նաեւ հանդիսանան այնպիսի մի պատվար, որով կկարողանանք դիմակայել նաեւ արտաքին մարտահրավերներին։
Մեր առաջարկած բարեփոխումների նպատակը միայն ներքին կյանքում իրականացվելիք փոփոխությունները չեն: Առաջարկած բարեփոխումները իրենց մեջ պարունակում են նաեւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ կարեւոր քայլեր, որոնք հաճախ դուրս են մնում տեսադաշտից եւ, ցավոք, նաեւ որոշ քաղաքական ուժերի մոտեցումներից։
– Մինչ այժմ այդ բարեփոխումների իրականացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվել։
– Բարեփոխումների փաթեթը ներկայացնելուց հետո տեղի են ունեցել տարբեր ձեւաչափերով հանդիպումներ եւ քննարկումներ Արցախի բարձրագույն իշխանությունների, մասնավորապես՝ Արցախի նախագահի հետ։ Բարեփոխումների՝ ներկայացված փաթեթի ուղղությամբ կատարված քայլերը դեռեւս չեն բավարարում մեզ։ Այդ առաջարկներով առաջնորդվելը կարող է ուղենշել այն հիմնական ուղղությունը, որով մենք կարող ենք ապահովել մեր ընդհանուր զարգացումը բոլոր ոլորտներում։
– 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Դաշնակցությունն ինչպե՞ս է պատրաստվում այդ ընտրություններին։
– 2020 թվականի նախագահական ընտրություններին Բակո Սահակյանի չառաջադրվելու մտադրության հայտարարությունից հետո բավականին լուրջ զարգացումներ են սկսվել Արցախի ներքաղաքական դաշտում։
Որոշ քաղաքական ուժերի մոտ՝ արդեն իսկ բացահայտ, որոշների մոտ՝ ոչ հրապարակային, նկատվում են 2020 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու միտումներ եւ գործնական քայլեր։ Թերեւս հիմնական թիրախը նախագահական ընտրություններն են։ Արցախի <<Ազատ հայրենիք>> կուսակցությունը հրապարակայնացրել է ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը՝ սեփական թեկնածուով հանդես գալու տրամադրվածությունը։
Սակայն ինտրիգը միայն նախագահական ընտրությունները չեն։
Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեջ նկատելի է նաեւ նոր քաղաքական ուժերի, քաղաքական խմբավորումների եւ կառույցների ձեւավորման գործընթաց՝ ընդհուպ մինչեւ նոր քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթաց։
Դաշնակցության նախապատրաստական աշխատանքներն այս ընտրություններին պայմանավորված չեն ո՛չ նախագահ Սահակյանի հայտարարությամբ, եւ ո՛չ էլ մյուս քաղաքական ուժերի հրապարակային եւ արդեն իսկ քաղաքական գործընթացներին ինտենսիվ մասնակից դառնալով։ Մենք 2020 թվականի ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքը սկսել ենք 2015 թվականի մայիսի 3-ին ավարտված խորհրդարանական ընտրություններով:
Սահմանադրության պահանջով համաժամանակյա ընտրությունների անցկացումը որոշակի խնդիրներ է առաջացնելու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Սահմանադրությամբ նախատեսված կառավարման համակարգի փոփոխությունները համահունչ չէր Դաշնակցության սկզբունքներին ու պահանջներին:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում մենք ոչ թե որդեգրեցինք նախագահական կամ խորհրդարանական կառավարման համակարգ, այլ անցանք մեզ համար անհասկանալի եւ, հանուն ճշմարտության՝ պետք է ասենք, պարտադրված մի կառավարման համակարգի, որը չի բխում մեր պետական եւ ազգային շահերից։ Այդ մասին մենք հայտարարել եւ հրապարակային ներկայացրել ենք դեռեւս 2017-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ։
Այնուհանդերձ, 2020 թվականի նախագահական ընտրություններին Դաշնակցության մասնակցության ձեւաչափը կճշգրտվի 2019-ին կայանալիք ՀՅԴ Արցախի շրջանի բարձրագույն ժողովի ժամանակ։ Թե ինչպիսի ձեւաչափ կորդեգրվի, կախված է այդ ժողովի որոշումից: Թերեւս արձանագրելի եւ հատկանշական է այն փաստը, որ Դաշնակցությունը, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, մեկ անձի կուսակցություն չէ եւ մեկ անձի ներկայացրած տեսակետով առաջնորդվող քաղաքական ուժ չէ։ Այդպիսի որոշում կարող է կայացնել Դաշնակցության Արցախի կառույցի բարձրագույն ժողովը՝ տեսակետների բախման եւ հավաքական տեսակետի ձեւավորման արդյունքում:
Մեզ համար կարեւոր փաստ է նաեւ այն, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրության պահանջներին համապատասխան, տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով։ Տասնամյակներ շարունակ Դաշնակցության ակնկալած սկզբունքային մոտեցումը այլեւս իրողություն է: Մենք առաջին անգամ ունենալու ենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություններ։ Մեզ համար շատ կարեւոր է նաեւ այդ ընտրակարգի կիրառումը։ Խնդիրն այն չէ, թե որ քաղաքական ուժը քանի տոկոսի քվե կստանա․ կարեւորը այդ համակարգի արմատավորումն է, որը իրական մրցակցային հնարավորություններ է ստեղծել քաղաքական ուժերի համար եւ որի հետեւանքով Արցախի քաղաքական դաշտը առավել կայուն կդառնա եւ զարգացում կապահովի։
Մենք ակնկալում ենք, որ՝ ինչպես եւ նախորդ վեց գումարման խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2020-ին, հանրությունը ճիշտ որոշում կկայացնի, եւ Դաշնակցությունը կունենա իր արժանի տեղը ոչ միայն Արցախի խորհրդարանում, այլ նաեւ պետական կառավարման համակարգում։ Շատ կարեւոր է գիտակցել, որ Դաշնակցության ներկայությունը եւ դերակատարությունը Արցախի ներքաղաքական բեմահարթակում ուղղակիորեն առնչվում է եւ փոխկապակցված է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման հետ։
Լուսինե Թեւոսյան