Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպել են Սիսիան քաղաքի բնակիչների հետ:
«Դաշնակցությունը չէր կարող հուսախաբ անել հեռավոր մարզերի բնակիչներին և չներկայանալ այսօր նրանց հետ նախատեսված հանդիպմանը: Սակայն, հարգելով նախօրեին մահացած Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակը, չեղյալ է հայտարարել հանդիպումների համերգային մասը»,- սիսիանցիներին հայտնեց Աղվան Վարդանյանը:
Աղվան Վարդանյանը խոսելով կուսակցության գաղափարախոսության մասին՝ նկատեց՝ այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել:
Դաշնակցության ներկայացուցիչները խորհուրդ տվեցին ընտրողներին գիտակցված ընտրության գնալ եւ հասկանալ՝ իրենք են Հայաստանում փոփոխությունների երաշխավորը:
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Դավիթ Լոքյանը նկատեց՝ վերջապես երկար պայքարից հետո Դաշնակցությունը հասավ երկրում խորհրդարանական կառավարման մոդելին, մնում է՝ ժողովուրդն արժանավորներին ուղարկի Ազգային ժողով:
«Ծանոթ եմ բոլոր համայնքների տեղային խնդիրներին և նոր խորհրդարանում ամեն ինչ անելու ենք դրանց լուծում տալու համար: Դաշնակցությունը բոլոր իր ծրագրերը կյանքի կոչելու համար ուզում է կառավարման համակարգում ծանրակշիռ դեր ունենալ եւ ժողովրդին ներկայանում է ուժեղ կազմով»,- ասաց նախարարը:
Այնուհետև կուսակցության ներկյացուցիչները նշեցին, իրենց թեկնածուներն առանձին ընտրատեղամասերում ոչ թե իրար դեմ են պայքարում, այլ հանուն մեկ գաղափարի ու այն ծրագրի, որ կուսակցությունն է առաջ քաշել:
Ազատամարտիկ Վարդան Գևորգյանը Սյունիքում եւ Վայոց ձորում Դաշնակցության առաջադրած վարկանիշային թեկնածուներից է:
«իմ եւ ընկերներիս անցած ճանապարհը իմանալով՝ սիսիանցիները գիտեն, որ կարդարացնեմ իրենց վստահությունը»,- ասաց նա:
Նույն համոզմունքն ունի նաև հայտնի բժիշկ Թաթուլ Հակոբյանը, ով այժմ միջազգային կազմակերպությունում է աշխատում, չի կարող առաջադրվել, բայց վստահ է, որ Դաշնակցությունը կծառայի իր հարազատ Սիսիանին:
Դաշնակցության ներկայացուցիչները խոսեցին նաև խաղաղության հաստատման կարևորության ու դա այս ընտրություններին որպես խաղաթուղթ շահարկող ուժերի մասին: