Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին այցելել է Ակնա թաղամաս: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ նախ այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նահատակության վայր և հիշատակի օրվա առիթով հարգանքի տուրք մատուցել ու ծաղիկներ դրել խաչքար-հուշարձանին:
Նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել Ակնա թաղամասի տարածքում, ծանոթացել հացահատիկի բերքահավաքի և դաշտային պայմաններում գործող հրշեջ կետի աշխատանքներին՝ տալով մի շարք ցուցումներ:
Այնուհետև հողօգտագործողների ու գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղում խորհրդակցություն է հրավիրել, նրանց հետ քննարկել բերքահավաքի ընթացքն ու ոռոգման ջրի խնդիրները:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում կառավարության առջև խնդիր է դրված՝ կարճ ժամանակամիջոցում Ակնայի տարածքն ապահովել ոռոգման ջրով, և արդեն առաջիկա օրերին կմեկնարկի նոր ջրագծերի կառուցման գործընթացը:
Նախագահն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա տեղումների քչության հետևանքով սպասվող սակավաջրության պայմաններում հողօգտագործողների անելիքներին՝ նշելով, որ երաշտի պատճառած բոլոր կորուստները կփոխհատուցվեն կառավարության կողմից:
Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Ասկերանի և Մարտունու շրջանային վարչակազմերի ղեկավարները: