կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-21 16:44
Քաղաքական

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ քաղաքական գործընթացներին, որովհետև կա ամուր գործընկերություն

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ քաղաքական գործընթացներին, որովհետև կա ամուր գործընկերություն

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում ունեցան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնեցին, որ կողմերը քննության առան դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ապահովվող ԱՄՆ աջակցությունը և համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, այդ թվում 2018թ. սեպտեմբերին ստորագրված 8 միլիոն ԱՄՆ դոլարի ընտրական աջակցության քառամյա համաձայնագիրը:

Այս նոր՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640.000 ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում և խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման և քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովման ֆինանսավորելը:

«ԱՄՆ կառավարության ընթացիկ և երկարաժամկետ աջակցությունն ուղղված ընտրական և քաղաքական գործընթացներին խոսում է ՀՀ կառավարության հետ ամուր գործընկերություն ունենալու մեր հանձնառության մասին: Ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ը թե՛ սեպտեմբերին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններում, թե՛ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերում կարողացավ ժամանակին աջակցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը», - ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

ԱՄՆ կառավարությունը, գործակցելով Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ) հետ, ԿԸՀ-ին աջակցում է նաև ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, ընտրողների իրազեկման նյութերի մշակման և սոցիալական գովազդների պատրաստման հարցերում, որոնք բոլորն ուղղված են հուսալի ընտրական գործընթացի խթանմանը: Դասընթացների մասնակիցներն այնուհետև ձեռնամուխ կլինեն 2.000 ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների ուսուցմանը՝ ապահովելու ընտրությունների սահուն ու կազմակերպված ընթացքը:

«Մենք պատրաստ ենք աշխատել տեղի հաստատությունների հետ՝ մեծացնելու նրանց կարողությունները, որպեսզի, երբ մեր աջակցության կարիքն այլևս չլինի, նրանք կարողանան արդյունավետ գործել: ԱՄՆ ՄԶԳ-ը կշարունակի համագործակցել ԿԸՀ-ի հետ և աջակցել Հայաստանի ընտրական բարեփոխումներին երկարաժամկետ հեռանկարում: Մենք սերտորեն կաշխատենք այլ դոնորների հետ՝ երաշխավորելու համընդգրկուն ու փոխլրացնող աջակցություն, որը շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար», - ասաց Դեբորա Գրիսերը:

2018թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ը 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել իր գործընկերների՝ Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԷնԴիԱյ) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱյԱրԱյ) հետ: Այս գործընկերության շրջանակում «Աջակցություն ընտրական գործընթացներին և քաղաքական հաշվետվողականությանը» ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը, քաղաքական կուսակցություններին և ՀՀ Ազգային ժողովին՝ օգնելով առավել արդյունավետ արձագանքել քաղաքացիների կարիքներին ու ակնկալիքներին:

«Աջակցություն ընտրական գործընթացներին և քաղաքական հաշվետվողականությանը» ծրագիրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող եւ ընտրությունների եւ քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումի կողմից իրականացվող չորսամյա ծրագիր է (2018-2022թթ.) : Կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով նախագիծն օգնում է խթանելու ընտրությունների ամբողջականությունը ընտրական վարչարարության մասնագիտական զարգացման միջոցով`նպաստելով քաղաքացիների ավելի լայն ներգրավվածությանը ընտրությունների անցկացմանը եւ քաղաքական գործընթացներին, ինչպես նաև աջակցելու քաղաքացիական հասարակությանը եւ ԶԼՄ-ներին ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն ապահովելու գործում եւ խթանելու քաղաքացիների կարիքներին համապատասխան մրցակցային քաղաքականություն: CEPPS- ի գործընկերներն են Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES), Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) եւ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI):